Ինչու՞ աշխատանքային ժամերն այդպես էլ չեն կրճատվում

Նախորդ հոդվածում բարձրացրել էինք արդյունավետ աշխատելու և դրա արդյունքում ավելի քիչ ժամանակ աշխատավայրում անցկացնելու հարցը: Հիմնական հարցը կայանում էր նրանում, թե ինչու են մարդիկ աշխատում շաբաթական 40 ժամ և ավելի, եթե սոցիալական գիտափորձերն ու գիտնականները վկայում են այն մասին, որ ավելի արդյունավետ, բայց քիչ աշխատելը ոչ միայն լավ է մեր առողջության համար, այլև հնարավորություն է ստեղծում ավելի շատ մարդկանց ներգրավելու աշխատաշուկայում:
Չարլզ Չուն իր հոդվածում քննարկում է տնտեսագիտության պատմաբան Ռոբերտ Սկիդելսկիի բացատրությունն առ այն, թե ինչու այդպես էլ 15-ժամյա աշխատաշաբաթը չդարձավ իրականություն, չնայած դեռ 1930-ականներին բրիտանացի տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսը նման կանխատեսում էր արել մեր ժամանակների համար: Եվ ահա Սկիդելսկին հստակ տարաբաժանում է անում կարիքների և ցանկությունների միջև, ինչը չէր արել Քեյնսը: Սկիդելսկին բացատրում է, որ կարիքները կյանքի պայմանները բարելավող միջոցներն են, մինչդեռ ցանկությունները հոգեբանական երևույթներ են և անվերջ կարող են ընդլայնվել: Սկիդելսկին նշում է, որ Քեյնսը համարում էր, թե մի օր մեր բոլոր կարիքները բավարարված կլինեն և այլևս լրացուցիչ բաների կարիք չենք ունենա, փոխարենը կձգտենք ավելի վեհ, ոչ նյութական երևույթների: Սակայն այսօր արդեն պարզ է, որ ի տարբերություն կարիքների, ցանկությունները սահման չունեն և անվերջ կարող են ընդլայնվել, եթե մենք չկանխենք դա գիտակցաբար: Իսկ ահա կապիտալիզմն էլ, նշում է Սկիդելսկին, հենց այսպիսի անվերջ ցանկությունների վրա է հենվում. «Այն տվել է մեզ անչափելի հարստություն, սակայն զրկել է հարստության կարևորագույն առավելությունից՝ բավականաչափ ունենալու գիտակցումից»:
Ինքը՝ Չուն, կարծում է, որ միգուցե անվերջ ցանկություններն էվոլյուցիոն բնույթ ունեն, ոչ թե կապիտալիզմի հետևանք են: Մարդը մշտապես ձգտել է գոյատևել, բազմանալ, և ավելին ունենալը  մարդու էության մի մասն է: Սակայն նա հնարավոր է համարում նաև այն, որ միգուցե կապիտալիստական միջավայրն էլ իր հերթին է կրկնապատկում այդ բնական ցանկությունները: Եվ ահա Չուն Սկիդելսկիի օգնությամբ պատասխանում է այն հարցին, թե ինչու մինչ օրս չեն նվազել աշխատանքային ժամերը: Մի կողմ թողնելով Քեյնսի տեսությունը, թե երբ մեր կարիքները բավարարված լինեն, ավել աշխատելու կարիք չենք ունենա, հեղինակը նկատում է, որ կարիքները բավարարելուց հետո մենք սկսում ենք բավարարել մի ցանկություն, որը սահմաններ չի ճանաչում, այն է՝ սոցիալական կարգավիճակի բարելավումը:
Այս ցանկությունը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից. մի կողմից հեղինակը բերում է այն օրինակը, որ մարդիկ գրեթե միշտ ձգտում են մյուսներից չտարբերվել, «պակաս չլինել», և եթե անգամ պատռված ջինսերն ինչ-որ պահի համարվեն ամենանորաձևը, կամ ամենավերջին թողարկման այֆոնը ոչնչով չտարբերվի նախորդից, սակայն մեծ պահանջարկ ունենա, միևնույնն է՝ մարդիկ ձգտելու են դրանցից ունենալ՝ մյուսներից չտարբերվելու համար: Սա ինչ-որ առումով կարող է նաև գենետիկորեն պահպանված հիշողություն լինել առ այն, որ, ինչպես Էսսեքի համալսարանից հետազոտող Ջուլիա Քուլթասն է նշում, գոյատևելու համար մեր նախնիներն ապրում էին խմբերով, և այդ խմբերում մեծամասնության վարվելակերպն ընդօրինակելը խմբին ադապտացվելու և գոյատևելու գրավականն էր:
Սակայն, մյուս կողմից էլ առկա է աշխարհում գերիշխող կապիտալիստական տնտեսական մոդելը, ուր, ինչպես ԱՄՆ Սոցիալիստական կուսակցության էկոսոցիալիստական հանձնաժողովի ղեկավար Սեբաստիան Լիվինգսթոնն է նշում իր հոդվածում, մարդկային ինքնությունը սերտ պայմանավորված է իրեն շրջապատող նյութական իրերով: Ուստի, հրաժարվել այդ իրերից, նշանակում է հրաժարվել ինքնությունից, նշում է Լիվինգսթոնը: Սա փոխելու համար նախևառաջ արժեքային հեղափոխություն է անհրաժեշտ:
Կապիտալիստական համակարգը սեփական աճի համար շարունակական սպառում ապահովելուց բացի, ստեղծում է նաև շարունակական անբավարարվածության զգացում: Վերջինս հոգեբանական ծուղակ է, որը կերտվում է, օրինակ, գովազդների միջոցով, սպառողի մոտ ազատության զգացումի առաջացմամբ, երբ սպառողը նույնականացնում է ազատությունը ապրանքների լայն տեսականու և դրանց հասանելիության հետ: Դե իսկ շարունակական սպառման համար անհրաժեշտ է, որ սպառման շուկայում ներգրավածները՝ ապրանք արտադրողից մինչև ապրանք գովազդողը, օրնիբուն աշխատեն սպառումն ապահովելու համար: Սա թույլ է տալիս տեսնել սոցիալական կարգավիճակի բարելավման հետևանքով անվերջ սպառման և երկար աշխատանքային ժամերի միջև սերտ կապը:
Կարելի է ասել, որ աշխատանքային ժամերի չնվազման ակունքներում ընկած սպառման ապահովումը որոշակի մանիպուլյացիաների հետևանք է: Օրինակ, դեռևս 20-րդ դարի սկզբին ԱՄՆ Արդյունաբերողների ազգային ասոցիացիայի անդամները՝ նախագահ Ջոն Էջերթոնի գլխավորությամբ, դեմ էին արտահայտվում կարճ աշխատանքային օրվան՝ վախենալով, որ երկար հանգիստը կարող է նվազեցնել աշխատանքի կարևորությունը մարդկանց կյանքում՝ դարձնելով այն երկրորդական, ինչն էլ կդանդաղեցներ իրենց բիզնեսի աճը՝ դարձնելով այն ոչ մրցունակ: Ինչպես արդյունաբերող Ատկինսն էր նշում, «Ես կողմ եմ այն ամենին, ինչը աշխատանքն ավելի զվարճալի կդարձնի, բայց դեմ եմ ամեն ինչին, ինչ կստորադասի աշխատանքի կարևորությունը. շեշտը պետք է լինի աշխատանքը՝ ավելի շատ աշխատանքը և ավելի լավ աշխատանքը, և ոչ թե հանգիստը»:
Բայց մի պատճառ ևս կար, որի համար նրանք դեմ էին արտահայտվում կարճ աշխատանքային օրվան: Նրանց մտահոգում էր այն, որ եթե մարդիկ չլինեն զբաղված, նրանք կարող են ռադիկալիզմի ճանապարհով գնալ: Իսկ դա կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ կապիտալի համար՝ հանգեցնելով ընդհուպ մինչև քաղաքական-քաղաքացիական «անհանգստությունների», ինչն անցանկալի կլիներ «հանգիստը» սիրող կապիտալի համար:
Ուստի երկար աշխատանքային ժամանակն այսօր էլ 100 տարի առաջվա պես շահութաբեր է քաղաքական և տնտեսական գործիչների համար: Ավելին, լավ աշխատանքը դեռ այդ ժամանակներից փոխհատուցվում էր դրամային պարգևներով, ոչ թե լրացուցիչ հանգստով, քանի որ լրացուցիչ դրամական միջոցները լրացուցիչ սպառման նախադրյալ կարող էին լինել: Եվ անգամ ազատ ժամանակի գաղափարական փոփոխությունը միտված էր նրան, որ մարդիկ ազատ ժամանակն ընկալեին ոչ թե որպես կյանքի մասին մտորելու հնարավորություն, այլ՝ սպառմանն ուղղված գործունեություն: Ուստի այն պետք է լիներ չափավոր, որպեսզի 40-ժամյա աշխատանքային շաբաթից հետո մարդիկ մնացած հանգիստը ծախսեին տարատեսակ նյութական կարիքները բավարարելով: Ինչպես պրոֆեսոր Շերըն Բեդերն է նշում իր հետազոտությունում՝ անգամ արհմիությունները, ընկնելով արտադրանքի և եկամտի հավասար բաշխման ծուղակը, մի կողմ դրեցին աշխատանքային ժամերի կրճատման պահանջն ու արտադրության սահմանափակումը և առաջ բերեցին արդար բաշխման պահանջը (բարձր աշխատավարձի տեսքով, և այլն): Եվ ահա հենց այս սպառողականության մշակույթն է, ըստ հեղինակի, որ շատերին գամված է պահում աշխատավայրին:
Այս հեղինակը ևս նշում է սպառման ոլորտում գովազդի նշանակությունը և մեջբերում է Ռոլանդ Մարչենդի աշխատությունը՝ «Ամերիկյան երազանքի գովազդը», ուր նա պնդում է, որ գովազդատուները մանիպուլացնում են ապրանքների հասանելիության «ժողովրդավար» լինելը՝ իրենց ապրանքները հատկապես միջին խավին վաճառելու համար: Ապրանքների լայն տեսականին թույլ է տալիս հատկապես միջին խավի սպառողներին հավատալ, որ իրենք էլ մեծահարուստներին հավասար ընտրելու հնարավորություններ ունեն: Իսկ սա թերևս նման է ամենասկզբում մեր քննարկած՝ Չուի հոդվածին, որի համաձայն, սպառողականության հիմքերից մեկը նաև սոցիալական կարգավիճակի ձեռքբերումն է:
Իր աշխատությունում Վենս Փեքարդը ևս մի հետաքրքրական միտք է առաջարկում այն հարցի շուրջ, թե ինչու սոցիալական կարգավիճակն այդքան կենտրոնական դարձավ: «Կարգավիճակ փնտրողները» աշխատությունում նա գրում է, որ արդյունաբերողը աշխատանքային պայմաններից իր աշխատակիցների որևէ դժգոհություն ձգտում էր տեղափոխել անձնական դժգոհությունների դաշտ, ինչը կարելի էր բավարարել սպառողականությամբ: Այս կերպ շեշտվում էր ինդիվիդուալիզմը, որով անհատը կարող էր իրեն զանգվածից առանձնացնել: Արդյունքում ստեղծվում էին գովազդներ, ուր յուրաքանչյուրին առաջարկվում էր բարելավել իր սոցիալական կարգավիճակն ապրանքներ ձեռք բերելով, որոնք իր հարևանի ունեցածից ավելի լավն էին: Այս հոգեբանական խաղերի վրա զարգացան նաև աստիճանական վճարման և վարկային համակարգերը, որոնց միջոցով մարդիկ կարող էին ձեռք բերել հաջողության ցուցիչներ, անգամ եթե իրենց աշխատավայրում նրանք ամենևին էլ հաջողություններ չէին ունենում:
Ինչպես նշում է Շերըն Բեդերը, այս երևույթի հոգեբանական կողմն այն է, որ միջավայրում, ուր մարդիկ չեն ճանաչում միմյանց, սոցիալական կարգավիճակը ցույց տալու լավագույն տարբերակը ձեռքբերովի արտաքինն է: Փոքր համայնքներում իրավիճակն այլ է, քանի որ հիմնականում բոլորը ճանաչում են միմյանց և գիտեն բոլորի սոցիալական կարգավիճակը: Սակայն անծանոթ միջավայրում կարելի է կերտել այդ սոցիալական կարգավիճակը սպառման՝ հագուստի, մեքենաների և այլնի միջոցով: Ուստի սպառումը դառնում է նվաճումների նշան:
Հեղինակը նշում է, որ երբեմն սպառելու ցանկությունը ներկայացվում է որպես մարդու բնական վիճակ, որը փոխել հնարավոր չէ: Բայց նա վստահ է, որ սա պարզապես մանիպուլյացիա է, քանի որ անգամ սոցիալական կարգավիճակը, որը միշտ մարդկանց հետաքրքրում է, ինքնին փոփոխվող երևույթ է: Այսօր ականատես ենք համայնքների, ուր քիչ սպառումը և ավելի էկոլոգիական ապրելակերպը մի նոր սոցիալական կարգավիճակի գրավական են և օրեցօր ավելի են խրախուսվում:
Հոդվածի սկզբում նշված Սկիդելսկիի տեսությունը ևս ցույց է տալիս, որ սպառումը բնատուր երևույթ չէ: Նա նշում է, որ եվրոպական երկրներում դեռևս հին ժամանակներից հիերարխիկ կառուցվածքը սահմանափակում էր մարդկանց անվերջ հարստանալու և սեփական ցանկություններն իրագործելու մղումը, ուստի ինչ-որ պահից սկսած փող աշխատելու նպատակն այլևս առաջնային չէր եվրոպացու համար: Արդյունքում սա իր հետևանքն է ունեցել Եվրոպայում ավելի քիչ աշխատանքային ժամերի վրա, ի տարբերություն ԱՄՆ-ի, ուր ներգաղթյալները գալիս էին իրենց երազանքների իրականացման հետևից, ուստի հաջողության գրավականը շատ աշխատելն ու գումար վաստակելն էր, ինչի արդյունքն էլ այսօր երկար աշխատանքային ժամերն են ԱՄՆ-ում:
Ուստի կարող ենք եզրակացնել, որ երկար աշխատանքային օրվա մեջ իրենց դերն ունեն նաև սպառումը և գովազդը: Սակայն գովազդային մանիպուլյացիաներն այսօր փոքր-ինչ փոփոխություն են կրել, և գովազդն ինչ-որ առումով փոխարինվել է հայտնի կերպարների մանիպուլյացիաներով: Այսօր նկատվում է մի տենդենց՝ հատկապես երիտասարդների շահագործումը տարատեսակ հոմանիշներով քողարկելը, ինչպես, օրինակ՝ «շատ աշխատել աշխարհը փոխելու համար»:
Այս շահագործման մեջ կարևոր դեր են խաղում հայտնի կերպարները, ինչպես օրինակ գործարար Էլոն Մասկը, ով ունի 24 միլիոն հետևորդ Թվիթերում, և ով հայտարարել է, թե «ոչ ոք չի փոխել աշխարհը շաբաթական 40 ժամ աշխատելով», և որ «ճիշտ քանակը, կախված անձից, տատանվում է 80-100 ժամվա միջև»:
Ըստ Այդըն Հարփերի, ով 4-օրյա աշխատանքային շաբաթվա եվրոպական քարոզարշավի հեղինակն է, նման բառախաղերը պարզապես աշխատողներին սեփական շահագործումը գեղեցիկ փաթեթավորումով վաճառելու փորձ է: Հաշվի առնելով երկար աշխատանքային ժամերով հպարտացող և սոցիալական մեդիաներում նման ապրելակերպով կիսվողների նոր «մոդան», ինչպես նաև՝ գաղափարախոսությունների պակասով մեր դարաշրջանը, նա համեմատում է Էլոն Մասկին հոգևոր առաջնորդի հետ, որին երկրպագելով՝ հատկապես երիտասարդները կամավոր ինքնաշահագործվում են:
Բեյզքեմփ ընկերության համահիմնադիր Դեյվիդ Հենսոնի կարծիքով, երկար աշխատելու ներկայիս «պաշտամունքը» (հատկապես երբ օրինակները ցույց են տալիս, որ դրա հետևանքով ոչ արդյունավետությունն է ավելանում, ոչ էլ ստեղծարարությունը) պարզապես շարունակում է շատերի կյանքում գերակշիռ տեղ զբաղեցնել, քանի որ արդարացնում է գերշահութաբերությունը փոքրաթիվ էլիտայի համար: Այն աստիճան, որ անգամ նման ընկերությունները, ինչպես ասենք Գուգլը, իր աշխատակիցներին տրամադրում է անվճար սնունդ, մերսում և անգամ բժշկական օգնություն, միայն թե աշխատակիցները երկար ժամանակ անցկացնեն աշխատավայրում:
Ուստի, հաշվի առնելով այս միտումները, ինչպես նաև՝ սպառման ծավալների աճն ու շահագործման վերացման նկատմամբ կապիտալիստական համակարգի դիմադրությունը, դեռևս չի երևում այն օրը, երբ աշխատանքային ժամերը կնվազեն ամենուր: Այնուամենայնիվ, մարդկային համբերությունը թերագնահատելն էլ, հաշվի առնելով ներկայիս սոցիալ-տնտեսական և բնապահպանական ճգնաժամերը, անհեռատեսություն կլիներ: Ուստի մեզ մնում է վերոգրյալ մանիպուլյացիաներից մեր անհատական ազատագրումից հետո լծվել համընդհանուր ազատագրման գործընթացին:

Գրականություն

  1. Էրին Գրիֆիթ, Ինչու՞ են երիտասարդները ձևացնում, որ սիրում են իրենց աշխատանքը, The New York Times, 2019 https://bit.ly/2FLVJfX
  2. Շերըն Բեդեր, Սպառողականություն՝ պատմական ակնարկ, 2004 https://bit.ly/2uB5dnS
  3. Չարլզ Չու, Ինչու 15-ժամյա աշխատաշաբաթը երբեք չիրականացավ, 2018 https://bit.ly/2YsDq6O
  4. Ռոբ Հենդերսոն, Ամբոխին հետևելու մարդկանց սովորության գիտական բացատրությունը, 2017 https://bit.ly/2So0UXs  
  5. Սեբաստիան Լիվինգսթոն, Սպառողականության, կապիտալիզմի և էկոսոցիալիզմի մասին, 2018 https://bit.ly/2UlptrZ