Ստեղծարար ես, ուրեմն երիտասարդ ես
Նյութական խրախուսանքն օգնում է կենտրոնացմանը, չշեղվելուն և երկար ժամանակ բարձր արդյունավետությամբ աշխատելուն: Իսկ ինտելեկտուալ ջանք պահանջող, ստեղծարար աշխատանքների ժամանակ կարևոր են մտահորիզոնը, ազատ մտածելակերպն ու խաղաղ հոգեվիճակը:
Գործատուների առաջընթացի ու հաջողությունների համար կարևոր են աշխատողի ադապտացման մի շարք կարևոր գործոններ, ինչպիսիք են նորարարությունը և ստեղծարարությունը: Ստեղծարարությունը կամ, ինչպես այն սովորաբար կոչում են, կրեատիվությունը ասոցացվում է երիտասարդների հետ:
Երիտասարդ ես, ուրեմն ստեղծարար ես
Համաշխարհային մասշտաբով կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ստեղծարար ոլորտներում երիտասարդների զբաղվածության ցուցանիշներն ավելի բարձր են, քան տնտեսության մնացած ճյուղերում[1]:
Եվրոպական մի շարք երկրներում ստեղծարար արդյունաբերությունը սահմանված է որպես տնտեսության առանձին ճյուղ[2]՝ շեշտադրելով, որ տնտեսական և մշակութային զարգացումը իրարից անջատ չեն և դրանք կարող են լինել զարգացման ավելի լայն գործընթացի մաս:
Ստեղծարար արդյունաբերության գաղափարը սահմանվում է որպես «արդյունաբերական ոլորտ, որը ծագում է անհատական ստեղծարարությունից, հմտություններից ու տաղանդից, և որը հարստության ու աշխատատեղերի ստեղծման հեռանկար ունի՝ մտավոր սեփականության ձևավորման և շահագործման հաշվին»[3]:
Քաղաքականություն մշակողների համար ստեղծարար արդյունաբերությունն իրենց տնտեսական օրակարգում ներառելու համար կարող է պատճառ հանդիսանալ այն, որ ստեղծարար ճյուղերի զարգացման արդյունքում ստեղծվում է մշակութային արժեք: Բացի այդ, ինչպես պարզել է Մտավոր սեփականության միջազգային կազմակերպությունը, ՀՆԱ-ում ստեղծարար ոլորտի ունեցած ավանդը դրականորեն կապված է այնպիսի երևույթների հետ, ինչպիսիք են նորարարությունը, մրցունակությունը, սեփականության իրավունքները և կոռուպցիայից ազատությունը:
Ստեղծարար արդյունաբերությունն ունի մի քանի կարևոր սոցիալական ազդեցություն.
Զբաղվածության և աշխատատեղի ստեղծման բարձր հեռանկար: Լինելով գիտելիքի և աշխատանքի դրդող՝ ստեղծարար արդյունաբերությունը ցանկացած տնտեսությունում ապահովում է ընդհանուր աշխատուժի 2-8%-ը:
Սոցիալական ներառման խթանում, քանի որ գործողությունները տեղի են ունենում «ներքևից վերև» սկզբունքով, ինչը կապում է սոցիալական խմբերն իրար և նպաստում է սոցիալական համախմբությանը:
Կրթական համակարգի վրա ազդեցություն: Դպրոցները ձևավորում են մոտիվացված և հմուտ մարդկանց, որոնք կարող են նպաստել ստեղծարար տնտեսության գործողություններին: Կրթական հաստատություններն օգտվում են ստեղծարար արդյունաբերության ներդրումներից, ինչը օպտիմալացնում է սոցիալական կրթությունը և բարձրացնում է մշակութային գիտակցությունը:
Ստեղծարար երիտասարդների ներուժը Հայաստանում
Երիտասարդությունը բոլոր երկրներում բնութագրվում է որպես երկրի զարգացման ներուժ: 2018 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունում մեծ է երիտասարդության դերը: Օրենսդիր, գործադիր մարմիններում բարձր պաշտոններ են զբաղեցնում
երիտասարդները, և կառավարության միջին տարիքն ավելի երիտասարդ է, քան նախորդ կառավարությունում:
Մյուս կողմից «երիտասարդացումը» նպաստել է 2019 թ.-ի ՀՀ Կառավարության ծրագրում ստեղծարարության մասին կետի ներառմանը: Այսպես, Ծրագրում[4] որպես գերակա ուղղություն է սահմանված մրցունակ, մասնակցային, ներառական տնտեսությունը, որի շրջանակներում կարևորվում է ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը մեր երկրում: Նշվում է, որ աշխատանքային ունակությունների կատարելագործումը և նորագույն տեխնոլոգիաների կիրառության կարողությունները պետք է դառնան քաղաքացու գիտակցված ձգտումը։
Ստեղծարար երիտասարդներն աշխարհում
Ժամանակակից աշխարհում մարդկանց զարգացման համար ներդրումները դիտարկվում են որպես կապիտալի կուտակման լավագույն ձև: Դրանք նպաստում են երկրների տնտեսությունների զարգացմանը. հասարակությունները դառնում են ավելի բաց, զարգացող, հետևաբար՝ նորամուծություններին պատրաստ:
Աշխարհում ընդհանուր աշխատուժի մեծ մասը միլենիալ սերնդի ներկայացուցիչներն են: Նրանց մոտ մեկ երրորդը անկախ կամ ֆրիլանս աշխատողներ են: Ֆրիլանսերն ինքն է որոշում իր աշխատելու վայրը, քանի որ աշխատանքի համար անհրաժեշտ է միայն համակարգիչ/հեռախոս/պլանշետ և ինտերնետ: Նման անկախությունը զուգահեռ ինչ-որ օգտակար այլ գործ անելու հնարավորություն է տալիս. օրինակ՝ ճամփորդել, զուգահեռ կրթություն ստանալ կամ այլ աշխատանքի հետ համատեղել:
Freelancing in America[5] հետազոտության տվյալների համաձայն, 2020 թվականին ֆրիլանսերների թիվը կկազմի ԱՄՆ աշխատուժի 50%-ը: Ֆրիլանսերների 51%-ից ավելին նշում է, որ ոչ մի աշխատավարձ չի կարող ստիպել նրանց վերադառնալ ավանդական աշխատանքի ոճին:
Հետազոտությունները ցույց են տալիս նաև[6], որ գործատուներն այսօր բախվում են նաև կադրերի հոսունության խնդրին: Բարձր աշխատավարձն այլևս առաջնային չի համարվում և ամենաարժեքավոր սեփականությունը, որ ունի աշխատողը, դառնում է ազատությունը: Դա չի նշանակում, որ երիտասարդները չեն ցանկանում դառնալ միլիոնատեր: Սակայն, բացի փողից, նրանք ցանկանում են, որ աշխատանքն ունենա իմաստ:
Հայաստանում երիտասարդները ցուցաբերում են բարձր մակարդակի ինտելեկտուալ ինքնուրույնություն և միջին մակարդակի ինքնուրույնություն առօրյա կյանքում: Ընդհանուր առմամբ, նրանք կարող են իրենց ներքին խնդիրներն ինքնուրույն լուծել, սակայն պակաս անկախ են ֆինանսական և տնտեսական հարցերում, ինչը նշանակում է նրանք խոցելի ենաշխատանքային շուկայում[7]:
Կադրերի ադապտացման փուլերը և ստեղծարարությունը
Գործատուների մեծամասնությունն ունի խնդիր. մրցակցային բարձր պայմաններում պահել կադրերին և աշխավայրը լքելու նրանց ցանակությունը հասցնել նվազագույնի: Անհրաժեշտ է կադրերի ադապտացման, նրանց հետ աշխատանքի մշակված քաղաքականություն, որը կկանխի այդ ամենը:
Երիտասարդները, տարիքային առանձնահատկություններով պայմանավորված, ցանկացած կոլեկտիվում ունեն սոցիալական և հոգեբանական ադապտացման կարիք: Դա ոչ միայն մասնագիտական առաջխաղացաման գրավական է, այլև անձնային որակների և ինքիրացման հնարավորություն՝ հետագա կյանքի համար: Եթե երիտասարդները լիարժեքորեն չեն կարողանում ադապտացվել աշխատավայրում, ապա դա նրանց խոցելի է դարձնում որպես քաղաքացի, որովհետև, լիարժեք չիրացնելով մասնագիտական կարողությունները, նա չի յուրացնում սոցիալական նորմերը և մասնագիտական արժեքները:
Աշխատավայրում երիտասարդ կադրերի ադապտացումը կարելի է բաժանել 4 խմբի.
Փուլ 1. Այն համընկնում է երիտասարդ կադրի ուսումնառության շրջանի հետ: Մարդկային կապիտալի տեսության համատեքստում կրթությունն իրենից ներկայացնում է բովանդակային գործընթաց, որն ընկած է մարդկային կապիտալի ձևավորման հիմքում: Սակայն հայաստանյան իրականության մեջ մասնագիտական կրթության առկայությունը միայն տեղեկացնում է այն կրողի մարդկային կապիտալի ծավալի և որակի մասին, սակայն ինքնին ոչինչ չի ավելացնում մարդու արտադրողականությանը: Այդ է պատճառը, որ կրթամակարդակի աճի միտումը հանրապետությունում չի կարող նպաստել գործազրկության կրճատմանը և աշխատանքի տեղավորման արդյունավետությանը: Ինչպես վկայում են երիտասարդների շրջանում իրականացված հետազոտությունները[8], աշխատանք փնտրելու և գտնելու հարցը հատկապես դժվար է ուսումն ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում: Երիտասարդների մի մասը ստիպված է վերապատրաստվել այլ մասնագիտությամբ աշխատանք գտնելու նպատակով, մի մասը ընդհանրապես չի գտնում աշխատանք և միայն շատ փոքր հատվածն է կարողանում իր մասնագիտությամբ աշխատանք գտնել:
Գործատուները, բացի մասնագիտական որակներից, պոտենցիալ կադրից ակնկալում են մի շարք անձնային որակներ, ինչը ֆորմալ կրթական համակարգը չի տրամադրում: Բացի այդ, այժմ մեր երկրում ուսումնական պրակտիկան ունի շատ ձևական բնույթ և ուսանողը հնարավորություն չունի տեսնելու իր պոտենցիալ գործատուին և ուսումնառությանը զուգահեռ ճիշտ և արդյունավետ կազմակերպել աշխատանքային գործընթացների հետ ծանոթացումը:
Փուլ 2. Ադապտացիայի երկրորդ փուլը ներառում է կազմակերպությունում աշխատանքի առաջին տարին: Այս փուլում տեղի է ունենում մասնագետի սկզբնական ինտեգրումը կազմակերպական միջավայրում: Նա սկսում է գիտակցել պարտականությունների իրականացման սեփական հնարավորությունները, բուհում ստացած գիտելիքների աստիճանը, դրանց կիրառման հմտությունները:
Հայաստանում երիտասարդներն առավելապես ընդգրկված են սպասարկման ծառայությունների, պետական կառավարման, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում։ Աշխատող երիտասարդների մեջ հանդիպում են այնպիսիք, որոնք կատարում են աշխատանք, որի համար ունեն ավելի բարձր կրթական մակարդակ: Սա նշանակում է, որ նրանք աշխատավայրում չեն իրացնում իրենց ամբողջական գիտելիքներն ու հմտությունները: Կան նաև երիտասարդներ, որոնք ունեն ավելի ցածր կրթական մակարդակ՝ իրենց կատարած աշխատանքի համեմատ[9]: Սա նշանակում է, որ երիտասարդներն աշխատանք են կատարում չբացահայտված կամ ոչ բավարար կարողություններով, ինչից տուժում է աշխատանքի արդյունքը, և իհարկե, երիտասարդը:
Բացի այդ, հետազոտությունները ցույց են տալիս[10], որ աշխատաշուկայում երիտասարդներն ավելի շատ կիրառում են ֆիզիակական և տեխնիկական հմտություններ, իսկ մասնագիտական հմտությունների իրացման շուկան մնում է չբացահայտված: Այդ է պատճառը, որ գործազուրկ երիտասարդների մեջ գերակշռում են բարձրագույն կրթություն ունեցողները: Երիտասարդը խոցելի է նաև ադապտացման երրորդ փուլում, որտեղ նա լճանալուց խուսափելու համար պետք է դրսևորի իր ստեղծարար մոտեցումը, հանդես գա նախաձեռնությամբ: Բայց կրթական մակարդակի և իրականացված աշխատանքի բովանդակության անհամապատասխանությունը երիտասարդին ստիպում է կատարել հասանելի աշխատանք՝ առանց դրանում սեփական ներդրումն ունենալու հնարավորության:
Գործատուից ունեցած ակնկալիքների շարքում աշխատավարձի չափը որոշիչ գործոն է: Աշխատավարձի չափի գործոնն ընկած է նաև մասնագիտական կողմնորոշման դրդապատճառների հիմքում. երիտասարդներից շատերը մասնագիտության ընտրության հարցում առաջնորդվում են այդ մասնագիտության հետագա, երբեմն թվացյալ
շահութաբերության աստիճանով: Ակնհայտ է, որ երիտասարդների այս մոտիվացիան կապող օղակ է հանդիսանում ուսումնական հաստատության և գործատուի միջև: Եվ մասնագիտական կողմնորոշման ճիշտ համագործակցային ռազմավարության դեպքում հնարավոր կլինի երիտասարդներին նախապես ուղորդել այնպիսի կարիերայի, որը կհամապատասխանի նրա հմտություններին և համապատասխան աշխատավարձ ստանալու ակնկալիքներին:
Փուլ 4. Չորրորդ փուլը, որպես կանոն, աշխատանքային երրորդ տարվանից է սկսում: Այն ենթադրում է մասնագիտության ազատ տիրապետում, կոմպետենտություն և վարպետություն:
Այստեղ աշխատակիցն իր նպատակները նույնացնում է կազմակերպության նպատակների հետ:
Հայաստանում հաճախ հանդիպող խնդիրներից է գործառույթների խաչաձևումը: Աշխատող երիտասարդների գրեթե 1/3-ը չունի կնքված աշխատանքային պայմանագիր գործատուի հետ: Դրան զուգահեռ, կազմակերպություններից շատերն աշխատակիցներին ընդունում են որոշակի գործառույթների սահմաններում, սակայն ընթացքում գործատուն սկսում է ավելացնել աշխատանքի մասնաբաժինը, նոր պարտավորությունների մասնաբաժինը, սակայն առանց աշխատավարձի փոփոխության, ինչը բնական դժգոհությունների տեղիք է տալիս: Այս իմաստով, առողջ ու մրցունակ միջավայրի ստեղծումը դիտվում է իբրև անհրաժեշտ պայման՝ ինքնաիրացման ու չլճանալու համար: Լայնածավալ գործազրկությունը, ծանոթով գործ գտնելը և մասնագիտական առաջընթացը ևս ծանոթով պայմանավորելու պատճառով երիտասարդության միայն փոքր մասն է արժևորում մասնագիտությունը որպես առաջընթացի գրավական:
Եթե հաշվի առնենք, թե ինչպես են երիտասարդներն ընտրում մասնագիտություն, ինչպես են նրանք ադապտացվում աշխատանքի շուկայում, ակնհայտ է դառնում, որ երիտասարդի ստեղծարարությունը ոչ միայն չի գտնում իր իրացման շուկան, այլև չի խրախուսվում կրթական համակարգում, չի դառնում մարդու կապիտալի մաս:
Հայաստանում ապրում են երիտասարդներ, որոնք զբաղվում են ստեղծար գործունեությամբ և դա նրանց համար նաև եկամտի աղբյուր է: Սակայն մեր երկրում այս ոլորտը սեգմենտավորված չէ, իսկ նրանց վերաբերյալ հետազոտություններն ունեն հետախուզական բնույթ: Հետազոտություններից մեկի համաձայն, ստեղծարար գործունեություն իրականացնող երիտասարդներն այս կամ այն ստեղծարար ոլորտում աշխատում են հիմնականում երկու պատճառով՝ ոլորտի նկատմամբ հետաքրքրության և մասնագիտական գիտելիքների և հմտությունների իրացման[11]:
Եթե մեր երկրում ստեղծարարությունը թիրախավորված է որպես գերակա ուղղություն, ապա պետք է հաշվի առնել երիտասարդների հետ աշխատելու և նրանց զբաղվածության հիմնախնդրին վերաբերվող կարևոր հանգամանքներ.
Երիտասարդները ստեղծարարության ներուժ ունեցող, բնակչության առավել բաց խումբն են՝ պայմանավորված տարիքային առանձնահատկություններով:
Աշխարհում ստեղծարար ոլորտներում երիտասարդների զբաղվածության ցուցանիշներն ավելի բարձր են, քան տնտեսության մնացած ճյուղերում:
Ստեղծարարությունը ենթադրում է անհատական տաղանդների բացահայտում և կարևոր է կրթական ոլորտում մասնագիտական կողմնորոշման իրականացումը և գործատուի կողմից անահատական տաղանդների հմտությունների բացահայտման հնարավորության ստեղծումը:
Այսօր Հայաստանում աշխատաշուկան թույլ չի տալիս իրացնել երիտասարդի ողջ ստեղծարար պոտենցիալը և երիտասարդներն ընդգրկված են այնպիսի ոլորտներում, որոնց համար ունեն կրթական ավելի բարձր կամ ցածր մակարդակ և շատ քիչ թվով երիտասարդներ են աշխատում իրենց մասնագիտությամբ:
Ուսումնական ծրագրերում չի խթանվում ստեղծարարությունը: Դա կարևոր է հասարակական զարգացման և, առհասարակ, տարբեր ոլորտներում մասնակցության համար: Բացի դրանից, դա հենք է հետագա մասնագիտական աճի զարգացման համար:
Ստեղծարարությունը ոչ միայն չի խրախուսվում կրթական մակարդակում, այլև չի իրացվում աշխատաշուկայում:
Ստեղծարար ոլորտներում աշխատող մարդկանց շրջանում պետք է խթանել մասնագետների բիզնես հմտությունների, ռազմավարական ու կառավարման հմտությունների զարգացումը, քանի որ ստեղծարար արդյունաբերությունը ձևավորում է ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական ու մշակութային կապիտալ: