Արժանապատիվ աշխատանքը ճոխություն չէ

Հոդվածը արժանապատիվ աշխատանքի մի քանի բաղադրիչների՝ աշխատանքի կայունության, աշխատավայրում վերապատրաստման, արժանապատիվ վարձատրության մասին է: Թեև արժանապատիվ աշխատանքի բաղադրիչները շատ ավելի են, սակայն այս հոդվածում այս երեքն ենք դարձրել քննարկման առարկա:

Թերևս քչերը գիտեն և քչերն էլ տոնում են հոկտեմբերի յոթը՝ արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը: Արժանապատիվ աշխատանքը կարող է ոմանց թվալ հարաբերական մի բան, սակայն Աշխատանքի միջազգային կազմակերպությունը դեռևս 1999թ.-ին մեկնաբանել է, թե ինչ է այն. «Արժանապատիվ աշխատանքն արդար վարձատրության, աշխատավայրում պաշտպանվածության և ընտանիքում սոցիալական ապահովության, անձի զարգացման և սոցիալական ինտեգրման առավել լավ հնարավորությունների, աշխատողների մտահոգություններն ազատ արտահայտելու, իրենց կյանքի վրա ազդեցություն ունեցող որոշումների կայացմանը մասնակցելու և կանանց ու տղամարդկանց հանդեպ վերաբերմունքի և հնարավորությունների հավասարության առկայությունն է»:

Թվում է, թե աշխատանքային իրավունքների պաշտպանվածության պարագայում այս սահմանման մեջ տեղ գտած բոլոր բաղադրիչները պետք է իրագործվեն: Սակայն արժանապատիվ աշխատանք ունենալու համար որոշակի լրացուցիչ քայլեր են ենթադրվում գործատուի և աշխատակցի կողմից, որոնք միտված են մարդու կյանքի որակի բարելավմանը և իրավունքների իրացմանը:

Ստորև կքննարկենք արժանապատիվ աշխատանքի մի քանի բաղադրիչ:

Աշխատանքի կայունությունը

2008թ. ճգնաժամը ոչ միայն էլ ավելի խորացրեց հարուստների և աղքատների միջև անդունդը, այլև հանգեցրեց աշխատանքային պայմանների վատթարացմանը, քանի որ տնտեսական անկայունությունը դարձավ աշխատանքային անկայունության, աշխատավայրում անպաշտպանվածության հիմնական պատճառ: Մինչդեռ աշխատանքի կայունությունը արժանապատիվ աշխատանքի կարևոր բաղադրիչներից է:

Նման անկայունությունն, օրինակ, Հայաստանում հանգեցրել է ոչ միայն կարճաժամկետ աշխատատեղերի ավելացմանը, այլ նաև՝ աշխատանքային պայմանագրերի փոխարեն ծառայությունների մատուցման պայմանագրերի թվի աճին: Ծառայությունների մատուցման պայմանագրերն առավել շահավետ են գործատուների համար, քանի որ այդ դեպքում  գործատուի և աշխատողի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե աշխատանքային, այլ՝ քաղաքացիական օրենսգրքով: Ճիշտ է՝ ծառայության մատուցման պայմանագրի դեպքում աշխատանք կատարողը կարող է առավել ազատ լինել, օրինակ, աշխատանքային ժամանակացույցի ընտրության և որոշ այլ հարցերում՝ առանց այդ մասին գործատուին տեղեկացնելու պարտավորվածության (գործատուն կարող է պայմանագրով սահմանել ժամկետներ, սակայն աշխատողն ինքը որոշի՝ ինչպես բաշխել ժամանակը և հասցնել ժամկետներին)։

Գործատուների համար այս տարբերակն առավել գրավիչ է, քանի որ նման պայմանագրեր կնքելիս նրանք խուսափում են աշխատանքային օրենսդրությամբ գործատուների համար սահմանված մի շարք պարտավորություններից, այդ թվում՝ աշխատողին ամենամյա նվազագույն և լրացուցիչ վճարովի արձակուրդ տրամադրելուց, աշխատողին նրա կատարած աշխատանքի դիմաց պետության կողմից սահմանված նվազագույնից ոչ ցածր չափով աշխատավարձ վճարելուց, աշխատողի համար աշխատանքի անվտանգ ու հիգիենիկ պայմաններ ապահովելուց, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրումից, և այլն: Քանի որ այս պարտականությունների կատարումը կապված է որոշակի նյութական ծախսերի հետ, գործատուները նախընտրում են ծառայությունների մատուցման պայմանագրերի տարբերակը:

Աշխատանքային պայմանների վատթարացման մի գործոն էլ 2013թ. Աշխատանքի պետական տեսչության միավորումն էր Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և համաճարակային տեսչությանը, ինչի արդյունքում կրճատվեցին տեսուչները և նրանց գործառույթները:

Ցավոք, արժանապատիվ աշխատանքի և, ընդհանրապես, աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրներն այսօր վերջին տեղերն են զբաղեցնում սոցիալ-քաղաքական ուժերի հռետորաբանության մեջ և նրանց օրակարգում:

Նման իրավիճակի հետևանքներից մեկը Հայաստանում և աշխարհում զարգացող ֆրիլենսինգի մշակույթն է, երբ անձն ինքնուրույն է ստեղծում իր համար զբաղվածություն՝ իրագործելով սեփական մտքերը, ծրագրերը և/կամ այլոց պատվերները կատարելով: Իհարկե սեփական մտքերը իրագործելը և/կամ պատվիրատուներ գտնելը ևս հեշտ գործ չէ: Դա պահանջում է ժամանակ, փնտրտուք, ներդրումներ, կապերի ստեղծում և այլն: Այնուամենայնիվ, սեփական աշխատանքն ինքնուրույն ստեղծելու շնորհիվ անձը նաև հնարավորություն է ունենում ինքնուրույն որոշելու սեփական աշխատանքային ժամանակացույցը, աշխատել տնից կամ այլ հարմար վայրից, կարող է ունենալ պատվիրատու, բայց ոչ տնօրեն, և այլն:

Սա շահավետ է նաև գործատուների համար, քանի որ այդ կերպ նրանք ազատվում են աշխատանքային վերոնշյալ պարտավորություններից (արձակուրդայինի վճարներ, անաշխատունակության նպաստներ և այլն):

Ու թեև ֆրիլենսինգը հնարավորություն է տալիս աշխատող անձին՝ ունենալ աշխատանքային առավել լավ պայմաններ, սակայն այս մոդելի պարագայում արժանապատիվ աշխատանքի բաղադրիչ համարվող աշխատանքային կայունությունը կարող է ապահոված չլինել: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ ֆրիլենսինգն աճում է ողջ աշխարհում, հավանաբար սա աշխատանքի նախընտրելի տարբերակ է, որն արժանապատվության որոշակի զգացողություն է տալիս աշխատողներին:

ԱՄՆ-ում ֆրիլենս աշխատողներն արդեն իսկ աշխատուժի 34%-ն են կազմում, Եվրամիությունում 16.1%:  Պետության համար նման աշխատանքային հարաբերությունները վերահսկելը՝ հարկերի վճարման ապահովման տեսանկյունից, թերևս կարող է որոշակի դժվարություն ներկայացնել: Սակայն վերջին տարիներին տարբեր երկրներում փորձ է արվում այս ոլորտը կարգավորել օրենքներով:

Աշխատակիցների վերապատրաստում

Արժանապատիվ աշխատանքի մի կարևոր բաղադրիչ էլ անձի զարգացումն է: Միգուցե տնտեսական ճգնաժամի արդյունքում, միգուցե պարզապես խնայել ցանկանալու հետևանքով, գործատուները կրճատում են իրենց աշխատակիցների կրթության և զարգացման բյուջեն: Օրինակ, ԱՄՆ-ում, եթե 1979թ. երիտասարդ աշխատողը միջինում տարեկան 2.5 շաբաթ թրեյնինգ էր անցնում, ապա արդեն 1995թ. այս ցուցանիշն ընդամենը 11 ժամ էր: Իսկ 2011թ. հարցված աշխատողների միայն 1/5-ն էր որևէ թրեյնինգի մասնակցել վերջին հինգ տարիներին:

Մի կատակ կա. ընկերության հաշվապահը հայտնում է մտահոգություն, թե ինչ կլինի, եթե գումար ծախսեն աշխատողին վերապատրաստելու համար, իսկ հետո նա հեռանա աշխատանքից: Ի պատասխան տնօրենն ասում է` իսկ ինչ կլինի, եթե չծախսենք այդ գումարը և աշխատողը չհեռանա: Եվ իրոք, աշխատակիցների վերապատրասումը ոչ միայն նրանց համար է կարևոր, այլև ընկերության/կազմակերպության համար արդյունավետության կարևոր բաղադրիչ է: Օրինակ, ԱՄՆ-ում կատարված մի ուսումնասիրության համաձայն, յուրաքանչյուր վերապատրաստված աշխատակից, ում վերապատրաստման համար տարեկան մոտ 1500$ է ծախսվել, միջինից 24%-ով ավել եկամուտ է ստեղծել:

Վերապատրաստումների բացակայությունը հանգեցնում է նրան, որ աշխատակիցները, նոր հմտություններ ձեռք բերելու հույսով, նոր աշխատանք են փնտրում: Պատահական չէ, որ արդեն 2015թ. միլլենիալներն (ԱՄՆ-ում, բայց այլուր միտումը նման է) իրենց նախորդ սերունդներից երեք անգամ հաճախ են աշխատատեղ փոխել:

Վերապատրաստման բացը եկել են լրացնելու զանգվածային, բաց, օնլայն դասընթացները (massive open online courses – MOOCs), և դրանցից օգտվողների թիվը վերջին տարիներին մի քանի միլիոն է կազմում: Սակայն աշխատանքի հետ կապված հմտություններ սովորելը, այնուամենայնիվ, հաճախ միայն գործատուն է, որ կարող է ապահովել: Վերապատրաստումը կարևոր է նաև աշխատակցի՝ առավել երջանիկ զգալու համար: Դրա շնորհիվ է նաև, որ աշխատակիցը վստահություն է ձեռք բերում իր ուժերի հանդեպ և աշխատավայրում առաջխաղացման հնարավորություն է տեսնում: Այս հանգամանքը գործատուները չեն կարող անտեսել, քանի որ, համաձայն մեկ այլ ուսումնասիրության,աշխատակիցները, որոնք չունեն հնարավորություններ զարգանալու իրենց աշխատավայրում, 12 անգամ ավելի հաճախ են լքում իրենց աշխատավայրը:

Արժանապատիվ վարձատրություն

Արժանապատիվ աշխատանքի մյուս կարևոր բաղադրիչն էլ արժանապատիվ աշխատավարձն է: Պետությունները, որպես կանոն, մշակում են աշխատավարձի նվազագույն շեմ, սակայն սա միշտ չէ, որ արժանապատիվ աշխատավարձ է: Դրա չափը սովորաբար այնքան է, որ թույլ կտա հոգալ անձի և իր ընտանիքի նվազագույն ծախսերը:

2017թ. համաշխարհային մի հարցում ցույց է տվել, որ ըստ հարցվածների 84%-ի՝ իրենց երկրի նվազագույն աշխատավարձը չափազանց ցածր է արժանապատիվ կյանք երաշխավորելու համար, իսկ 71%-ն էլ ցանկություն է հայտնել, որ իրենց կառավարություններն աշխատեն այդ նվազագույն ցուցանիշը բարձրացնելու ուղղությամբ: Իհարկե, այս ուղղությամբ աշխատելը ենթադրում է շատ լուրջ տնտեսական բարեփոխումներ՝ օֆշորային և ստվերային տնտեսության վերացում՝ հարկերի լիարժեք հավաքագրման նպատակով, պրոգրեսիվ հարկում, և այլն: Ի վերջո, աշխարհի հարստության մեծ մասի կենտրոնացումը փոքրաթիվ անձանց ձեռքերում վկայում է, որ խնդիրը ոչ թե բավարար միջոցներ չունենալն է (ասենք նույն նվազագույն աշխատավարձի բարձրացման համար), այլ միջոցների սխալ բաշխումը: Այլ կերպ ասած, սա ոչ բարեխիղճ տնտեսական քաղաքականություն վարելու հետևանք է և ոչ թե՝ ռեսուրսներ չունենալու:

Հայաստանում ևս նվազագույն աշխատավարձը հեռու է արժանապատիվ կյանքով ապրելու իրական պահանջից: Միայն այն, որ նվազագույն սպառողական զամբյուղը (իսկ դա մարդու առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների՝ հիմնավորված նորմերով և նորմատիվներով սահմանված նվազագույն քանակն է) 2018թ. դրությամբ 61.000 դրամ է, իսկ նվազագույն աշխատավարձը 55.000 դրամ, նշանակում է, որ աղքատության վերացման խնդիրը Հայաստանում դեռ մի որոշ ժամանակ էլ լուծված չի լինի: Իսկ աղքատությունն ինքնին արժանապատիվ կյանքով ապրելու հիմնական խոչընդոտներից է:

Այսօր արդեն որոշ նշաններ կան, որ արժանապատիվ աշխատանք ապահովելու նպատակով մի քանի պետություններ քայլեր են անում՝ դրդելով հատկապես իրենց խոշոր ընկերություններին միջոցներ ձեռնարկել աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ: Աշխատանքային պայմանների բարելավումն այլևս չի դիտարկվում որպես այդ ընկերության կամավոր քայլ, այլ՝ պարտավորություն: Կնպաստի՞ սա նաև արժանապատիվ վարձատրության ապահովմանը, ինչն էլ միգուցե խթան դառնա հարստության վերաբաշխման համար, ցույց կտա ժամանակը, ինչպես նաև՝ արհմիությունների և քաղաքացիական հասարակության ներդրած ջանքերն այս գործում:

Աղբյուրներ`

  1. Աշխատանքի միջազգային կազմակերպություն, Արժանապատիվ աշխատանք (անգլերեն), 2018 https://bit.ly/2znpG1n
  2. Ս. Բերթոնի, Հարուստներն այսօր ավելի հարուստ են, քան մինչ 2008թ-ի վարկային անկումը (անգլերեն), 12 հուլիս 2011 https://bit.ly/2QiOa31
  3. Ճգնաժամի ազդեցությունն աշխատանքային պայմանների վրա Եվրոպայում (անգլերեն), 09 հուլիս 2013, https://bit.ly/2DnRJBY
  4. Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիա, Արժանապատիվ աշխատանք (անգլերեն), նոյեմբեր 2007 https://bit.ly/2zsRstk
  5. Աշխատանքայի՞ն, թե՞ Քաղաքացիաիրավական պայմանագիր (հայերեն), 19 դեկտեմբեր 2016 https://bit.ly/2Or66Xr
  6. Իրտեկ, Որոշում, 15 հոկտեմբեր 2013 https://bit.ly/2D3CSvO
  7. Է. Հուսենո, Ֆրիլենսինգը կարող է աշխատանքի ապագան լինել (անգլերեն), 21 օգոստոս 2017 https://bit.ly/2xOOpt0
  8. ԵՄ ֆրիլենսերների ասոցիացիա (անգլերեն), 2018 https://bit.ly/2PeHGph
  9. Ս. Կասրիել, Երիտասարդ աշխատողներն այլևս չեն ստանում վերապատրաստում, ուստի փնտրում են այն այլուր (անգլերեն) 7 հունիս 2018 https://bit.ly/2Hu6UHp
  10. Աշխատակիցներին չվերապատրաստելու իրական գինը (անգլերեն), 19 ապրիլ 2018 https://bit.ly/2HG84Up
  11. Շ. Բըրոու, Վճարեք մարդկանց արժանապատիվ աշխատավարձ. տնտեսությունը դա թույլ է տալիս (անգլերեն), 05 հոկտեմբեր 2017 https://bit.ly/2D3kyTp
  12. Ռ. Նիթ, Ըստ ուսումնասիրության՝ աշխարհի հարուստների 1%-ն ունի աշխարհի հաստության կեսը (անգլերեն), 14 նոյեմբեր 2017 https://bit.ly/2zXLTWw
  13. Աշխատանք և արժանապատիվ աշխատանք (հայերեն), 31 հուլիս 2018 https://bit.ly/2DnGOIH
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on pinterest
Share on email
Close Menu