Աշխատել շա՞տ, թե՞ արդյունավետ

Ամեն անգամ աշխատանքի տևողության թեմայով գրելիս մտաբերում եմ բրիտանացի տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսի այն կանխատեսումը, համաձայն որի՝ 2030թ.-ին մարդիկ շաբաթական 15 ժամից շատ աշխատելու կարիք չեն ունենա: Նա այս կանխատեսումն արել է դեռ 1930-ականներին: Բայց այսօր էլ, շաբաթական 40 ժամ գրաֆիկն ընդունված է շատ երկրներում, իսկ անգամ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի նման հարուստ երկրները կանգնած են ժամանակի և հանգստի պակասի խնդիրների առաջ:

Աշխատանքային այսօրվա ութժամյա գրաֆիկի ակունքներն ուսումնասիրելիս պարզվում է, որ նորմերը, որոնք այսօր կարգավորում են մեր աշխատանքային առօրյան, անցած դարի 20-30-ականներին են ընդունվել:  Իսկ դրա համար պայքարը սկսվել է դրանից էլ վաղ՝ դեռևս 1820-ականներին, ուելսցի ակտիվիստ Ռոբերտ Օուենի կողմից՝ «ութ ժամ աշխատանք, ութ ժամ սիրելի զբաղմունք, ութ ժամ հանգիստ» կարգախոսով: Հավանաբար այն ժամանակ 10-16 ժամյա աշխատանքային օրն 8 ժամով փոխարինելը հեղափոխական քայլ էր: Սակայն անցել է դար, տեխնոլոգիաների ինտենսիվ զարգացում է տեղի ունեցել, իսկ ահա աշխատանքային ժամերի հարցում գրեթե ոչինչ չի փոխվել: Անգամ Օուենի կարգախոսն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ այն ութ ժամը, որը նախատեսված էր «սիրելի զբաղմունքների» համար, իրականում ծախսվում է աշխատանքի գնալ նախապատրաստվելու, աշխատանքից տուն գալու և հանգստանալու վրա: Եվ դա այն դեպքում, եթե աշխատավայրիցդ տուն հեռավորությունը չափազանց երկար չէ և ստիպված չես ժամեր անցկացնել խցանումների մեջ:

Ավելին. համաձայն ուսումնասիրությունների՝ մարդը միևնույն գործի վրա կենտրոնացած կարող է աշխատել միայն երկու-երեք ժամ: Մնացյալ ժամերը հաճախ ծախսվում են աշխատավայրում՝ պարտականությունների հետ կապ չունեցող զբաղմունքների համար: Օրինակ, ԱՄՆ-ում աշխատողներն իրենց աշխատաժամանակի ընթացքում կարդում են լուրեր (ծախսելով ընդհանուր առմամբ մեկ ժամ), այցելում են իրենց սոցիալական էջերը (մոտ 44 րոպե), աշխատանքի հետ կապ չունեցող ինչ-որ քննարկումներ են ունենում իրենց գործընկերների հետ (մոտ 40 րոպե էլ այստեղ է գնում), անգամ ժամանակ են ծախսում նոր աշխատանք փնտրելու համար (մոտ 26 րոպե), զանգում են ընկերներին (մոտ 18 րոպե), տաք ըմպելիքներ են պատրաստում (17 րոպե), կարճ հաղորդագրություններ են գրում (14 րոպե), մանր-մունր բաներ են ուտում (8 րոպե), կերակուր են պատրաստում գրասենյակում (7 րոպե), ծխողները կարճ դադարներ են անում (ընդհանուր առմամբ՝ շուրջ 23 րոպե): Այս ուսումնասիրության համաձայն, եթե երեք ժամ էլ աշխատես (տնից կամ այլ վայրից), ուրեմն այնքան ես աշխատել, որքան գրասենյակային աշխատողը:

Բացի այդ, անձի արդյունավետությունը հարաբերական երևույթ է: Կախված մարմնի կենսաբանական ռիթմերից, այսինքն՝ էներգիայի և կենտրոնանալու հետ կապված տարատեսակ հորմոնների արտազատումից, մարմնի ջերմային տատանումներից՝ անձի արդյունավետությունը տարբեր է օրվա տարբեր ժամերին: Ընդհանուր առմամբ, ոմանք արդյունավետ են առավոտյան, մյուսները երեկոյան: Ուրեմն, հիմնավորված չէ այն մոտեցումը, որ բոլորը պետք է աշխատեն 09.00 -18.00 գրաֆիկով:

Օրինակ, ստեղծարար գործունեություն ծավալողների երևակայությունը հազիվ թե աշխատի չորս պատի մեջ՝ համակարգչի առջև նստելով: Նորարար ու ստեղծարար մտքեր հղանալու շատ ավելի մեծ շանսեր կան այլ անձանց հետ շփվելու, զբոսնելու, բնության մեջ գտնվելու և այլ դեպքերում:
Երբ խոսում ենք արդյունավետությունից, հետաքրքիր է ուսումնասիրել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կազմած ամենաարդյունավետ քաղաքացիներն ունեցող անդամ պետությունների ցանկը: Ցանկից պարզ է դառնում, որ արդյունավետությունն ու երկար աշխատաժամերն ամենևին էլ փոխկապակցված չեն: Այսպես, Մեքսիկան շաբաթական 41.2 ժամ աշխատանքային գրաֆիկով արդյունավետության առումով ցանկի վերջնամասում է, իսկ արդյունավետների առաջին հորիզոնականները զբաղեցնում են միջինում շաբաթական 30 ժամ աշխատանքային գրաֆիկ ունեցող երկրները: ԱՄՆ-ն այստեղ բացառություն է կազմում այն առումով, որ թեև ցուցակի առաջին հորիզոնականներում է գտնվում, սակայն կանգնած է ազատ ժամանակի պակասի լուրջ խնդրի առջև, իսկ ցուցակում առաջին հորիզոնականներ զբաղեցնելու պատճառներից կարող է լինել այն, որ արդյունավետությունը հաշվարկվում է յուրաքանչյուր պետության ՀՆԱ-ն բոլոր աշխատողների աշխատած միջին ժամանակի վրա բաժանելով (ԱՄՆ-ն բնակիչների թվով ամենամեծն է այս ցանկում):

Մի կարևոր հանգամանք էլ կա, որ վկայում է ի նպաստ աշխատանքային առօրյայի կրճատման: Աշխատանքային առօրյայի կրճատումը լավ էայնպիսի հիվանդությունների թվի կրճատման համար, ինչպիսիք են սթրեսը, սրտային հիվանդությունները, արյան ճնշումը և այլն: Բրիտանացի բժիշկ, պրոֆեսոր, առողջապահության ոլորտում 3300 փորձագետներից կազմված Հանրային առողջապահության բրիտանական ասոցիացիայի ղեկավար Ջոն Էշթոնը մտածել է այս հարցի շուրջ և եզրակացրել, որ աշխատանքային շաբաթը հինգ օրից քառօրյա դարձնելով կարելի է լուծել ոչ միայն առողջապահական խնդիրներ (ինչպիսին է բարձր ճնշումը), այլ նաև՝ մտավոր առողջության հետ կապված խնդիրները, որոնք կապված են շատ աշխատանքի կամ էլ դրա բացակայության հետ: «Երբ նայում ես մեր ապրելակերպին, այն սթրեսներին, որոնք մարդիկ ապրում են աշխատանքի արդյունքում ժամանակի սղության հետ կապված, հասկանում ես, որ աշխատանքի պատճառով տուժում է մտավոր առողջությունը: Մենք պետք է շարժվենք դեպի աշխատանքային քառօրյա շաբաթվա, քանի որ ունենք մի բաշխվածություն, ուր բնակչության մի մասը չափից շատ է աշխատում, իսկ մյուս մասն անգամ աշխատանք չունի», ասում է պրոֆեսորը: Բրիտանացիներն, ի դեպ Եվրոպայում ամենաերկար աշխատողներից են, ինչը, համաձայն հարցումների, հանգեցնում է սթրեսի, քնելու խնդիրների, արդյունավետության նվազման:

Մինչ բրիտանացիները քննարկում են այս հարցը, մի շարք շվեդական կազմակերպություններ արդեն իսկ աշխատանքային ժամերը կրճատելուն ուղղված քայլեր են ձեռնարկում՝ փոխարինելով աշխատանքային ութժամյա գրաֆիկը վեց ժամով: Նման փորձերի արդյունքում աշխատողներն ավելի քիչ են բացակայել հիվանդությունների պատճառով, ավելի արդյունավետ են աշխատել ու առավել երջանիկ են զգացել: Թեև այս փոփոխությունների արդյունքում, օրինակ, Գոթենբուրգի քաղաքապետարանի հովանավորության տակ գտնվող ծերանոցում կարիք է եղել ավելացնելու բուժաշխատողների թիվը (ինչն էլ նշանակում է լրացուցիչ ծախսեր), այնուամենայնիվ, միևնույն ժամանակ կրճատվել է անաշխատունակության թոշակների վճարումը և ավելացել են վճարվող հարկերը: Ի տարբերություն կրճատված գրաֆիկով աշխատողների դրական ինքնազգացողության, նույն քաղաքի մեկ այլ ծերանոցում ավանդական աշխատանքային գրաֆիկ ունեցող աշխատակիցները շարունակել են բողոքել արյան ճնշումից և մտավոր առողջության վատթարացումից:

Աշխատաժամերի կրճատումը կարող է լավ անդրադառնալ նաև կլիմայի և գենդերային հավասարության վրա: Քիչ աշխատելը (հետևաբար՝ քիչ էլեկտրաէներգիա ծախսելը) կարող է կրճատել ածխաթթու գազի արտանետումները: Այն կարող է նաև վերացնել անհավասարությունն աշխատող ծնողների միջև՝ հնարավորություն տալով տնային պարտականությունները հավասարաչափ կիսել:

Բնապահպանական առումով, թերևս, կարելի է հիշել 2008թ.-ին ԱՄՆ Յուտա նահանգում իրականացված եռամյա փորձնական ծրագիրը, որով պետական աշխատողների աշխատանքային շաբաթը քառօրյա դարձավ: Մեկ օր պակաս աշխատելու արդյունքում կրճատված ջերմոցային գազերի թիվն ավելի քան 10.000.000 կգ կազմեց, ինչը հավասարազոր է ԱՄՆ ճանապարհներից բենզինով երթևեկող 1700 մեքենաների կրճատման: Դե իսկ աշխատողների 82%-ը ցանկություն հայտնեց շարունակել աշխատել նույն գրաֆիկով:

Գտնել ընդհանրական տվյալներ, թե ինչ տնտեսական օգուտներ են քաղում ընկերությունները և պետությունները կարճ աշխատանքային շաբաթվա կամ տնից աշխատելու շնորհիվ, փոքր ինչ դժվար է: Սակայն առանձին դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, օրինակ, տնից աշխատելու դեպքում տվյալ կազմակերպությունն անգամ տնտեսական օգուտներ կարող է քաղել: Օրինակ, Շանհայում գտնվող չինական մի մեծ զբոսաշրջային ընկերություն` Ctrip-ը, որն ունի 20.000 աշխատակից և 20 միլիարդ դոլար շուկայական կապիտալ, երկու տարվա ընթացքում փորձ իրականացրեց, որի ընթացքում իր աշխատողների մի մասն աշխատեց տնից, մյուս մասն՝ աշխատավայրից: Արդյունքն այն էր, որ տնից աշխատողների արդյունավետությունն ավելացավ 13%-ով, իսկ յուրաքանչյուր տնից աշխատողից ստացված եկամուտը՝ 2000$-ով: Անգամ աշխատանքից հեռացողների թիվը կրճատվեց 50%-ով: Արդյունքում ընկերությունն այս տարբերակը սկսեց կիրառել իր բոլոր աշխատակիցների համար:

Այսինքն, աշխատանքային առօրյայի ոչ միայն տևողության կամ բովանդակության, այլ նաև ձևի մեջ անհրաժեշտ են փոփոխություններ ողջ աշխարհում, ինչը կարող է օգնել լուծելու առողջապահական, բնապահպանական և տնտեսական խնդիրներ:

Այսպիսով, ի՞նչ անել, որ ի վերջո հասնենք տնտեսագետ Քեյնսի կանխատեսմանը և սկսենք աշխատել շաբաթական 15 ժամ: Աշխարհում արդեն իսկ տարբեր նախաձեռնություններ կան, որոնք փորձում են կյանքի կոչել աշխատանք-անձնական կյանք հավասարակշռության բանաձևը: Որոշ երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, սահմանափակվել է աշխատանքային նամակագրությունն աշխատանքային ժամերից հետո: Հոլանդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Գերմանիայում աշխատանքային օրվա տևողությունը տատանվում է 30-ից 35 ժամի միջև:  Որոշ երկրներում էլ ընկերություններն ինքնուրույն են փորձարկում հինգժամյա աշխատանքային օրը: Արդյունքում, համացանցում հայտնվում են նման փորձերի վերաբերյալ հոդվածներ, որտեղ մեծ մասամբ կարդում ենք ընկերությունների ղեկավարների գոհունակությունը, քանի որ կարճ աշխատանքային օրը ոչ միայն առավել երջանիկ աշխատակիցների, այլև ընկերության արդյունավետության ու, հետևաբար, եկամուտների աճին է հանգեցնում:

Անգամ Հայաստանում կան համեմատաբար փոքր կազմակերպություններ, որտեղ արդեն իսկ գործում է վեցժամյա աշխատանքային գրաֆիկ: Սակայն Հայաստանում դեռևս շատ քիչ է խոսվում աշխատանքային կարճ օրվա հնարավորության մասին, ինչն էլ, թերևս, այն պատճառով է, որ Հայաստանում ընդհանրապես աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության խնդիր կա: Ամենափոքր քայլը, որ կարելի է անել հենց հիմա. սկսել խոսել աշխատանքային առավել կարճ գրաֆիկի մասին ընկերների շրջապատում, գործընկերների հետ, այնուհետև՝ հարցը բարձրացնել գործատուի մոտ և լծվել նման փորձի, թեկուզ կարճ ժամանակով: Իսկ հետո՝ ստուգել արդյունավետությունը և արդյունքների հիման վրա որոշել՝ շարունակել այն, թե ոչ:  Ի վերջո, ոչ ոք չի ծնվել միայն աշխատելու համար. աշխատանքը մեր ցանկություններն իրագործելու գործիքն է և այն չպետք է խլի մեզնից մեր ողջ կյանքը, այլ պետք է նպաստի կյանքի մեր ուղին դարձնելու առավել հետաքրքիր ու լիիմաստ:

  1. Աշխատանքի միջազգային կազմակերպություն, Աշխատանքի միջազգային ստանդարտներն աշխատանքային ժամերի վերաբերյալ(անգլերենով), 2018 https://bit.ly/1UoiYsZ
  1. Մ. Քըրթին, Միջին աշխատակցի արդյունավետությունը 8-ժամյա աշխատանքային օրվա դեպքում (անգլերենով), 21 հուլիսի, 2016 https://bit.ly/2yjhL3D
  2. Ս. Ռաո, 8 պատճառ, թե ինչու 8-ժամյա աշխատանքային օրն անիմաստ է (անգլերենով), 3 հոկտ. 2017 https://bit.ly/2fOYkeO 
  3. Դ. Ջոնսըն, Սրանք աշխարհի ամենաարդյունավետ պետություններն են (անգլերենով), 4 հունվար 2017, https://ti.me/2ibFVDR
  4. Մ. Սակառո, Ամերիկայի «ազատ ժամանակի» խնդիրը. ինչու՞ ԱՄՆ-ի աշխատողների գրեթե կեսն ունի դրա պակասը (անգլերենով), 4 փետրվար 2015, https://bit.ly/2NASmh6
  5. Դ. Ուիլիամ, 10 պատճառ, թե ինչու չպետք է աշխատես մինչև ուշ երեկո (անգլերենով), 2018 https://bit.ly/2I9vXVB
  6. Ջ. Էշթըն, ՄԲ-ին անհրաժեշտ է աշխատանքային չորսօրյա շաբաթ սթրեսը հաղթահարելու համար, պնդում է բժիշկը (անգլերենով), 1 հուլիս 2014 https://bit.ly/2QXoUQH
  7. Ա. Պիտերս, Երկու տարի կիրառելով վեցժամյա գրաֆիկ, այս ընկերությունները պնդում են, որ այն աշխատում է (անգլերենով), 23 հունվար 2017  https://bit.ly/2PxTZJR
  8. Լ. Ալդերման, Շվեդիայում կարճ աշխատանքային շաբաթվա պատճառած ուրախությունը չի գերազանցում ծախսերը (անգլերենով), 6 հունվար 2017 https://nyti.ms/2NFCmKK
  9. Ռ. Բրեգման, Ինչպես քիչ աշխատելն իսկապես կարող է լուծել մեր բոլոր խնդիրները (անգլերենով), 11 ապրիլ 2017 https://bit.ly/2Ejukh6
  10. Լ. Փիփլս, Քիչ աշխատիր, օգնիր միջավայրին և տնտեսությանը (անգլերենով), 24 փետրվար 2012 https://bit.ly/2QXF8ch
  11. Շ. Լինչ, Տնից աշխատողներն ավելի են վաստակում, քիչ են լքում աշխատանքը և ավելի երջանիկ են, քան գրասենյակում աշխատողները(անգլերենով), 12 հուլիս 2017, https://bit.ly/2tIXl3T
  12. Ա. Քեյն, Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ ահա այն վեց պետությունները, որոնք փորձում են իրենց աշխատողների կյանքն ավելի լավը դարձնել(անգլերենով), 14 ապրիլ 2014 https://bit.ly/2Q4PQfR 
  13. Ռ. Հանդա, Ո՞ր երկրներն ունեն ամենակարճ աշխատանքային շաբաթը (անգլերենով), 27 մարտ 2015 https://bit.ly/2DBvxoS
  14.  Ս. Արստոլ, Ինչ եղավ, երբ իմ ընկերությունն սկսեց աշխատել հինգժամյա գրաֆիկով (անգլերենով), 30 օգոստոս 2016 https://bit.ly/2pIHsJf
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on pinterest
Share on email
Close Menu