Իմաստալի՞ց, թե՞ բարձր վարձատրվող աշխատանք

Որքան էլ թվա, թե մարդիկ երազում են գումար ստանալ առանց աշխատելու և վայելել կյանքը, այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց համար կարևոր է իմաստալից գործով զբաղվել, անել մի բան, որից աշխարհն էլ ավելի լավ տեղ կդառնա: Այն երկրներում, որտեղ փորձարկում են բազային եկամտի գաղափարը (այսինքն, մի որոշ ժամանակ մարդկանց մի խմբի վճարում են ամսական որոշակի գումար՝ ոչ աշխատանքի դիմաց), այդ մարդիկ ոչ թե մնում են անգործ, այլ իրենք են նախաձեռնում ինչ-որ գործունեություն, որով փորձում են օգտակար լինել հանրությանը:

Սա նաև ուղիղ կապ ունի մարդկանց ֆիզիկական և մտավոր առողջության հետ: Կանադայի Մանիթոբա նահանգի Դոֆին քաղաքում իրականացրած նման փորձի արդյունքում, օրինակ, ոչ միայն ծրագրից օգտվողները շարունակել էին աշխատել, այլև ավելի լավ աշխատանքի փնտրտուքով փոխել էին իրենց գործունեությունը: Դեպրեսիաների և, ընդհանրապես, մտավոր հիվանդությունների 8.5% անկում էր գրանցվել ծրագրի երեք տարիների ընթացքում (վերանում է շարունակաբար ֆինանսական հարցերի մասին մտածելու կարիքը, ինչը նաև մտավոր առողջության կարևոր գրավական է):

Հատկանշական է, որ մարդիկ ոչ միայն չեն ցանկանում անգործ մնալ, այլ նաև ցանկանում են իմաստալից գործ անել: Օնտարիոյի Համիլտոն շրջանում բնակվող Դեյվ Չերկևսկին հենց այդ մարդկանցից է, ով թեև տարիներ շարունակ աղքատության դեմ պայքարողներից էր, սակայն այժմ, ստանալով ամսական բազային եկամուտ, ծրագրում է ողջ դրույքով պայքարել աղքատության դեմ՝ արվեստի, առողջապահության, կոոպերատիվների ոլորտում ծրագրեր իրականացնելով: Այսինքն, Չերկևսկին գումար է ստանում անելու մի աշխատանք, որը կարևոր կլինի համայնքի համար, սակայն, որը կարող է անտեսվեր աշխատաշուկայի կողմից և չիրականացվեր, եթե Չերկևսկին չլուծեր իր ֆինանսական խնդիրները:

Եվ ուրեմն որքա՞ն մարդ աշխարհում կարող է պնդել, որ ինքն իմաստալից գործով է զբաղված և վարձատրվում է դրա համար այնքան, որ կարողանա իրեն նվիրել միայն այդ աշխատանքին: Այս հարցում կարծես թե դեռևս ընտրության առջև ենք կանգնած՝ իմաստալից և բարձր վարձատրվող աշխատանքների միջև: Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի մարդաբանության դասախոս Դեվիդ Գրեբերի համոզմամբ և ուսումնասիրությամբ, այսօր, ավելի քան երբևէ, շատ են անիմաստ աշխատանքները, քանի որ պետություններն առաջնորդվում են այն գաղափարով, որ շատ աշխատատեղ ստեղծելն իրենց համար առաջնահերթ խնդիր է: Որպես հետևանք՝ ստեղծվում են անիմաստ աշխատատեղեր (ըստ Գրեբերի՝ դրանք մարդկային ռեսուրսների, հանրային կապերի, ֆինանսաբանկային ոլորտի, կորպորատիվ իրավունքի և այլ ոլորտներից են) պարզապես այն բանի համար, որ մարդիկ չմնան անգործ և տնտեսական կայունություն լինի: Արդյունքում, մարդիկ շարունակում են աշխատել շաբաթական 40 և ավելի ժամ. այնքան, որքան մեկ դար առաջ, չնայած գիտության և տեխնիկայի զարգացմանը:

Միևնույն ժամանակ, Գրեբերը բարձրացնում է այն հարցը, որ հասարակությունում ստեղծվող արժեքների գրեթե կեսը ստեղծվում է իրենց աշխատանքի համար չվարձատրվող, կամավոր աշխատողների կողմից, լինի դա ընտանիքի մասին հոգ տանողների աշխատանքը, կամավոր աշխատանքը որևէ սոցիալական ծրագրի համար, թե որևէ այլ բան: Նա նշում է, որ իմաստալից աշխատանքներ կան, ինչպես, օրինակ, բժշկի կամ ճարտարապետի գործը, որոնք լավ են վճարվում, սակայն Գրեբերն առաջարկում է վերաիմաստավորել մեր արժեհամակարգը և վերջապես ընդունել, որ հասարակությանը շատ ծառայություններ են մատուցվում, որոնք չեն ընկալվում որպես աշխատանք:

Մի կարևոր հարց ևս կա: Համաձայն ԱՄՆ բնակիչների շրջանում անցկացված հարցումների՝ մարդիկ անգամ պատրաստ են իմաստալից աշխատանք ստանձնելու դիմաց աշխատավարձի 32% կրճատմանը: Նման իմաստալից աշխատանքների շարքին են դասել ուսուցչի, գրողի, դերասանի, բուժաշխատողի, նաև՝ հասարակական կազմակերպության համար կատարվող աշխատանքները:  Անիմաստ աշխատանքների թվին են դասել գրասենյակային աշխատողների, բանկային համակարգի, հաշվապահների գործը:

Եթե հաշվի առնենք, որ հանրության համար կարևոր մի շարք աշխատանքներ արվում են կամավոր կամ քիչ վարձատրությամբ, քանի որ մարդկանց համար պակաս կարևոր չէ հոգևոր բավարարվածությունը, ապա հնարավո՞ր է, որ հենց սրանից էլ օգտվում է ներկայիս համաշխարհային տնտեսական մոդելը՝ կապիտալիզմը, և ինչ-որ առումով չարաշահում է մարդասիրական այս երևույթը: Գրեբերն իր հարցազրույցում նշում է, որ 2008 թվականի տնտեսական ճգնաժամից հետո էլ, երբ պետություններին խորհուրդ էր տրվում գոտիները ձգել ու խնայել, նվազում էին բուժաշխատողների, ուսուցիչների աշխատավարձերը, իսկ ահա ֆինանսական ճգնաժամի պատասխանատուները շարունակում էին օգտվել իրենց բոնուսներից և բարձր վարձատրությունից:

Դեվիդ Գրեբերն իր մեկ այլ հարցազրույցում նշում է, որ միլենիալները, այսինքն՝ 1980-ից 2000-ականների ընթացքում ծնվածները, կարծես թե ավելի լավ են հասկանում իրավիճակը. «Մարդիկ հիմար չեն. եթե նրանց ստիպես ողջ օրը ոչինչ չանել, նրանք դա հասկանում են: Շատ միլենիալների աշխատանքային առաջին փորձը հենց այդպիսին է: Նրանք առաջին սերունդն են, որոնց աշխատանքային պայմանները վատթարացած են, ապահով ու աճելու հեռանկարով կարիերայի հնարավորություններն էլ գրեթե զրոյացած: Ուստի և նրանք սկսում են արտահայտել համակարգի դեմ իրենց բողոքը»:

Սա է նաև պատճառներից մեկը, որ ավելի շատ երիտասարդներ նախընտրում են շարունակել ապրել իրենց ծնողների հետ (ինչպես օրինակ ԱՄՆ-ում) անգամ համալսարաններն ավարտելուց հետո, քանի որ, մի կողմից, ուսման վարձի բարձր լինելն է ստիպում նման քայլի դիմել, մյուս կողմից՝ անգամ աշխատելու պարագայում շատերի համար սեփականություն ձեռք բերելը թանկ հաճույք է, հատկապես ներկայիս կարճատև աշխատանքային պայմանագրերի ժամանակաշրջանում: Եվ սա է, որ հարց է առաջացնում երիտասարդների մոտ՝ ինչո՞ւ զբաղվել անիմաստ աշխատանքով, հատկապես երբ չկա կայունություն և աճի հեռանկար, եթե կարելի է ապրել ծնողների հետ, սակայն ինչ որ իմաստալից գործով զբաղվել, թեկուզ և քիչ վարձատրությամբ կամ սկսել սեփական նախաձեռնությունը:

Արդյունքն այն է, որ ավելի ու ավելի շատ են սկսել խոսել բազային եկամտի գաղափարի մասին՝ դիտարկելով այն որպես մարդու իրավունք, հատկապես որ հարուստների և աղքատների միջև անդունդն ավելի է խորանում: Այս գաղափարի իրականացումը պետության համար հնարավոր է դառնում հարուստներին ավելի շատ հարկելու միջոցով: Դրա համար է, որ այս գաղափարը դիտարկվում է ոչ թե որպես նպաստ, այլ տնտեսական հավասարաչափ բաշխվածություն:

Բազային եկամուտ տրամադրելու փորձ բացի Կանադայից կիրառվել է նաև Ֆինլանդիայում, ԱՄՆ-ի որոշ նահանգներում, Քենիայում: Դրա առավելությունը նպաստների հանդեպ կայանում է նրանում, որ բազային եկամուտ տրամադրվում է առանց երկար-բարակ թղթաբանությունների, ադմինիստրատիվ քաշքշուկների և կամ աշխատանք փնտրելու պարտադիր պայմանի: Թեև դրա հիմնական գաղափարն է բազային եկամուտ տրամադրել յուրաքանչյուր քաղաքացու, սակայն մինչ այժմ միայն փորձարկումներ են իրականացվում՝ հիմնականում սոցիալական այն խմբերի շրջանում, որոնք հատկապես դրա կարիքն ունեն (օրինակ՝ անաշխատունակության նպաստ ստացողների շրջանում): Բայց, որպես կանոն, նման փորձնական ծրագրերն այնքան երկար չեն տևում, որպեսզի հստակ արդյունքներ արձանագրվեն: Քենիայում անցկացվող փորձը, որը տևելու է 12 տարի (սկսվել է 2016թ.), թերևս առաջին նման երկարատև ծրագիրն է լինելու, որը թույլ կտա հիմնավոր եզրակացություններ ունենալ բազային եկամտի արդյունավետության մասին:

ԱՄՆ-ի որոշ նահանգներում 1960-70-ականներին իրականացվող այս ծրագրի արդյունքում թեև աշխատողների թվի որոշակի նվազում նկատվելէ, սակայն դա եղել է ընտանիքի մեկ անդամի (հիմնականում կանանց՝ տանը մնալու և երեխա խնամելու) և/կամ դպրոցը շարունակելու նպատակով աշխատանքը թողած երեխաների հաշվին: Կանադայում ևս նման պատկեր է նկատվել:  Կանադայի Դոֆին քաղաքում ծրագիրը, որն անցկացվել էր 1974-1978թթ., ընդհատվել էր քաղաքական փոփոխությունների հետևանքով, սակայն արդյունքներն, այնուամենայնիվ, հետագայում ուսումնասիրվել են Մանիթոբայի համալսարանի տնտեսագետ Էվելին Ֆորգեթի կողմից: Վերլուծությունը ցույց է տվել ոչ միայն մտավոր և ֆիզիկական առողջության բարելավում, այլ նաև աշակերտների կրթության շարունակություն լրացուցիչ մեկ տարով՝ ի տարբերություն այլ քաղաքների: Զիմբաբվեում իրականացված մեկ տարվա փորձի արդյունքում ևս բարելավվել է երեխաների դպրոց հաճախումն ու պատվաստման գործակիցը:

Իհարկե, եղել են նաև դեպքեր, երբ հասարակությունը դեմ է եղել բազային եկամտի կիրառմանը (ինչպես, օրինակ, Շվեյցարիայում 2016թ. իրականացված հանրաքվեի արդյունքում): Բայց դրա հիմնական պատճառն այն էր, որ նման ծրագիրը կվնասեր երկրի՝ առանց այն էլ զարգացած սոցիալական ապահովության համակարգը:

Խոսելով բազային եկամտի առավելություններից՝ Մեծ Բրիտանիայում Բազային եկամտի ազգային համակարգող Բարբ Յակոբսոնը նշում է. «Նման գաղափարի իրականացումը թույլ կտար նախևառաջ բուժել աղքատության և սթրեսների արդյունքում առաջացած տրավման: Բացի այդ, բնական միջավայրի, ենթակառուցվածքների, մեր կարողությունների լիարժեք իրացման գործում միմյանց օգնելու ասպարեզում այնքան գործ կա անելու: Զարմանալի է, որ աճի վրա հիմնված մեր տնտեսական մոդելը հենվում է այն մտքի վրա, որ մեր մոլորակն ունի անսահմանափակ ռեսուրսներ, իսկ ահա դրամը դիտարկում է որպես սահմանափակ արժեք, և դա այն դեպքում, երբ դրամը միակ բանն է, որ ամբողջապես ստեղծվում է մարդու կողմից: Մենք ավելի ու ավելի ենք վերցնում մարդկանցից և բնությունից՝ հանուն մի քանիսի շահի, իսկ ահա բազային եկամուտը կօգներ ստեղծել տնտեսություն, որը լավ է բոլոր մարդկանց և բնության համար»:

Տարրատեսակ հարցումներն էլ ցույց են տալիս, որ բազային եկամտի արդյունքում մարդիկ անգործ չեն մնա, այլև իրենց հետաքրքրող մի բանով կզբաղվեն, որը կարող է օգտակար լինել նաև մյուսների համար:

Ամենայն հավանականությամբ, հենց միլենիալներն են, որ նախընտրելով թեկուզ և քիչ գումարով, սակայն իմաստալից զբաղմունք, կփոխեն ներկայիս անարդար և անհավասար համակարգը և վերջ կդնեն մարդկանց և բնության շահագործումը՝ այդպիսով վերաիմաստավորելով շատերի պատկերացումները աշխատանքի մասին:

Աղբյուրներ.

  1. Յոհան Հարի, Why Basic Income Is a Mental Health Issue (Ինչու բազային եկամուտը նաև մտավոր առողջությանն է վերաբերում), 30 մայիս 2018 https://bit.ly/2Lo4xsh 
  2. Շոն Իլինգ, Bullshit jobs: why they exist and why you might have one (Անպետք աշխատանքներ. ինչու դրանք գոյություն ունեն և ինչու դրանցից մեկն էլ կարող է քոնը լինել), 11 սեպտեմբեր 2018 https://bit.ly/2I09pqj 
  3. Ալանա Սեմյուելս, Are More and More People Working Meaningless Jobs? (Շատանու՞մ է անիմաստ աշխատանքով զբաղվողների թիվը), 26 հունիս 2018 https://nyti.ms/2N19VGM
  4. Բեթսի Միքել, Science Finds You’d Take a 32 Percent Pay Cut If Your New Job Offered This Instead (Գիտականորեն դուք 32% ավելի քիչ աշխատավարձ եք պատրաստ ստանալ, եթե ձեր աշխատանքը հետևալն առաջարկեր), 3 հոկտեմբեր 2017 https://bit.ly/2xdCmVg 
  5. Ռեբեկա Քյոնիգ, Suspect Your Job Is Pointless? You May Be Right (Կասկածներ ունես, որ աշխատանքդ անիմա՞ստ է. դու կարող է ճիշտ լինես), 4 հունիս 2018 https://bit.ly/2pCxcRf 
  6. Պատրիկ Սիսոն, Millennials: The savvy, stay-at-home generation (Միլենիալները. բանիմաց, տանը մնացած սերունդը), 10 հոկտեմբեր 2017 https://bit.ly/2gsF3N5
  7. Կասպեր Հյուզ, Universal basic income: ‘It’s a human right to have enough money to live on’ (Բազային եկամուտ. «Մարդու իրավունք է ունենալ բավականաչափ գումար ապրելու համար»), 14 փետրվար, 2018 https://ind.pn/2OfxX0y 
  8. Ադամ Սմայլի Պոսվոլսկի, 4 Tips To Help Millennials Find Meaningful Work (Իմաստալից աշխատանք գտնելու 4 խորհուրդ միլենիալների համար ), 16 ապրիլ 2014 https://bit.ly/2DscvBx 
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on pinterest
Share on email
Close Menu