Հայաստանի արհմիութենական շարժման համառոտ ակնարկ

Եվրոպայում արհմիությունների ձևավորման ժամանակագրությունը

Բրիտանիկա հանրագիտարանը տալիս է արհմիության հետևյալ սահմանումը. Արհմիությունը որոշակի ոլորտի աշխատողների միավորում է, որի նպատակն է արհմիության անդամների շահերի (վարձատրության, աշխատանքային պայմանների, սոցիալական երաշխիքների և քաղաքական ստատուսի բարելավման) ներկայացումն ու առաջխաղացումը՝ հիմնականում կոլեկտիվ բանակցությունների միջոցով։

Աշխատողների առաջին միավորումները ստեղծվել են 18-րդ դարում՝ Բրիտանիայում, երբ  արդյունաբերությունը արագ զարգացում էր ապրում՝ ներգրավելով մեծ թվով աշխատուժ: Հենց այդ ժամանակ միևնույն արհեստով զբաղվող աշխատողները սկսեցին ստեղծել միավորումներ: Առաջին աշխատանքային խոշոր կազմակերպությունները  ձևավորվեցին  1810թ.-ին և սկզբում գործում էին քողարկված անվանումներով, քանի որ արհմիություները դեռ օրենքով արգելված էին:

Արհմիություներն օրինականացվեցին 1867 թվականին, երբ Թագավորական հանձնաժողովը գտավ, որ դրանց ստեղծումը դրական կազդի թե՛ աշխատողների, թե՛ գործատուների վրա: Այդպիսով, 1868 թվականին ձևավորվեց Արհմիություների Կոնգրեսը, որը դարձավ արհմիութենական համընդհանուր շարժման կոորդինացնող օղակը: Բրիտանիայում արհմիությունները, ի տարբերություն այլ երկրների, հենց սկզբից գերադասում էին լինել քաղաքականապես ակտիվ, և շուտով հենց արհմիությունների կոնգրեսի հիման վրա ձևավորվեց Լեյբորիստական կուսակցությունը:

ԱՄՆ-ում արհմիությունների օրինականացումը տեղի ունեցավ բազմաթիվ դատական որոշումների ու օրենսդրական բարեփոխումների արդյունքում: 1866թ.-ին Ազգային աշխատանքային միավորման (National Labor Union – NLU) ստեղծումը արհմիությունների ձևավորման առաջին փորձն էր: Այդ միավորումը դեմ էր գործադուլներին, և նպատակ էր դրել, ճնշում գործադրելով ԱՄՆ կոնգրեսի վրա, հասնել  8 ժամ տևողությամբ աշխատանքային օրվա։ Քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով միությունը վերաձևավորվեց Աշխատանքային բարեփոխումների ազգային կուսակցության և նույնիսկ ԱՄՆ նախագահի  թեկնածու առաջադրեց, սակայն կուսակցությունը հաջողություն չունեցավ և շուտով դադարեց գոյություն ունենալուց:

Հիմնական արհմիութենական գործունեությունը ԱՄՆ-ում ծավալվեց Ամերիկյան Աշխատանքի Ֆեդերացիան (AFL) հիմնադրելուց հետո:

Գերմանիայում արհմիությունները ձևավորվեցին 1848 թվականի հեղափոխության ընթացքում, երբ աշխատավորները նույնպես միացան համընդհանուր հեղափոխական շարժմանը: Արդյունքում ձևավորվեցին տարբեր արհեստներ ներկայացնող աշխատողների միավորումներ: Գերմանիայում Հեղափոխության ձախողման պատճառով արհմիութենական շարժումը անկում ապրեց և նույնիսկ որոշ ժամանակով արգելվեց: Միայն 1892 թվականին արհմիութենական շարժումը նոր շունչ առավ․ տարբեր արհմիություններ, ունենալով տարբեր գաղափարախոսություն, իրենց աջակցությունն էին հայտնում համապատասխան կուսակցություններին:

Սակայն արհմիությունների գործունեությունը արգելվեց 20-րդ դարի երեսունական թվականներին՝ ազգային-սոցիալիստական (նացիստական) կուսակցության առաջխաղացման և դիկտատուրայի հաստատման հետևանքով։

Ֆրանսիայում արհմիությունները զարգանալու հնարավորություն ստացան միայն Երրրորդ հանրապետության ընթացքում: Նրանք անկախ էին քաղաքական և խորհրդարանական պայքարներից, իսկ կապիտալիստական համակարգի դեմ պայքարի միակ ընդունելի ձևը համարում էին համընդհանուր գործադուլը: Քաղաքական անկախությունը նպաստում էր արհմիություններին աշխատողների ազատ անդամակցությանը՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից: Միայն 19-րդ և 20-րդ դարերի սահմանին անարխիստների և սոցիալ-դեմոկրատների ազդեցության ներքո տեղի ունեցավ արհմիութենական շարժման քաղաքականացում: 1904 թվականի դրությամբ երկրում գործում էին 4227 արհեստակցական միություններ՝ 715.000 անդամներով:

Ռուսաստանում արհմիությունները ստեղծվեցին ավելի ուշ՝ տնտեսության ագրարային բնույթով պայմանավորված։

Արհմիությունները Խորհրդային Հայաստանում

Հայաստանի տարածքում առաջին արհմիությունները կազմավորվեցին 1905–1907թթ.՝ Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ալավերդիում: 1905թ.-ին Երևանում ստեղծվեց տնային աշխատողների արհմիությունը,  1906թ.-ին  կազմակերպվեցին կաշեգործ բանվորների, փոստ-հեռագրական ծառայողների արհմիությունները, Ալեքսանդրապոլում, Կարսում՝ երկաթուղային բանվորների, Ալավերդիում՝ պղնձահանքերի բանվորների, տպագրիչների, հացթուխների արհմիությունները:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Հայաստանում արհմիությունները զանգվածային տարածում ստացան 1921 թվականից: 1921թ. փետրվարի 6-ին, Երևանում, արհմիութենական առաջին կոնֆերանսում հիմնադրվեց Հայաստանի արհեստակցական միությունների խորհուրդը (ՀԱՄԽ)։ Նույն տարվա ամռանը կազմակերպվեցին Ալեքսանդրապոլի, Բայազետի, Դիլիջանի, Երևանի, Ղարաքիլիսայի գավառային արհեստակցական բյուրոները: Արհմիությունների շարքերում 1921 թվականին միավորված էր շուրջ 16 հազար բանվոր-ծառայող:

Հայաստանի արհմիությունների առաջին համագումարը 206 պատվիրակներով տեղի  ունեցավ 1921թ. օգոստոսի 22-ին:

Արհմիությունների գործունեությունը ծավալվում էր Կոմունիստական կուսակցության ղեկավարության ներքո։ Այնուամենայնիվ, գործում էր որոշումների ընդունման եռակողմ սկզբունքը՝ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե, Մինիստրների խորհուրդ և Արհմիությունների Համամիութենական կենտրոնական խորհուրդ, և երկրում առանց արհմիությունների մասնակցության ոչ մի որոշում չէր կայացվում։

Համախմբելով աշխատողներին կուսակցության շուրջ՝ արհմիությունները, փաստորեն, հանդիսանում էին կուսակցության հենարանը։ Արհմիությունները համարվում էին «… կրթադաստիարակչական ներառական կազմակերպություն, ղեկավարման, տնտեսվարման ու կոմունիզմի դպրոց»  (Ленин В. И., Полн. собр. соч., 5 изд., т. 42, с. 203):

Նրանք մասնակցում էին ինչպես արտադրական գործընթացների կառավարմանը, այնպես էլ ժողովրդական տնտեսության զարգազման ծրագրերի մշակմանը և իրագործմանը՝ մոբիլիզացնելով աշխատավորներին՝ կատարելու ժողովրդական տնտեսության պլանները սոցիալիստական մրցության ծավալման միջոցով։

1933 թվականից արհմիությունների կառավարմանն էր հանձնված պետական  սոցիալական ապահովագրությունը։ Արհմիություններն էին նշանակում և վճարում անաշխատունակության և այլ սոցիալական նպաստները, մասնակցում էին թոշակների նշանակումներին, կառավարում էին առողջարանները, պրոֆիլակտորիումներն ու հանգստյան տները, մշակութա-լուսավորչական, տուրիստական, մարզական հիմնարկները, մանկական (պիոներական) ճամբարները: Փաստորեն, դրանք  հանդիսանում էին հանրության սոցիալիզացիայի ինստիտուտ։

Այդ ամենի հետ մեկտեղ արհմիություները հաջողությամբ կատարում էին իրենց հիմնական գործառույթը՝ աշխատանքի տեսչության միջոցով պետական և հասարակական հսկողություն և վերահսկողություն էին իրականացնում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման նկատմամբ, վերահսկում էին բանվորների ու ծառայողների բնակարանային և կենցաղային սպասարկումը։

1933թ․ ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի և Արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհրդի համատեղ որոշումով կազմակերպվել են ճյուղային սկզբունքով գործող արհմիութունների աշխատանքի տեսչություններ՝ բոլոր կենտրոնական կոմիտեներում։ Դրանց ղեկավարումը իրականացնում էր ԱՀԿԽ-ն, իսկ տեղերում՝ հանրապետական խորհուրդները։  Արհմիությունների տեխնիկական տեսչությանը տրված էին պետական հսկողության և վերահսկողության իրավունքներ։ Աշխատանքի տեխնիկական տեսուչները հսկում էին ադմինիստրացիայի կողմից պայմանագրերի կատարումը և իրավունք ունեին կասեցնելու ձեռնարկությունների ղեկավարների գործողությունները, եթե վերջիններս հակասում էին աշխատանքի պաշտպանության վերաբերյալ գործող օրենսդրական ակտերին, կանոններին կամ նորմերին։ Արհմիության տեխնիկական տեսչությունը բոլոր հայտնաբերված խախտումների համար հանձնարարական էր ներկայացնում կազմակերպությունների ղեկավարներին, իսկ դրանք չկատարելու դեպքում կիրառում էր պատժամիջոցներ։

60 տարվա ընթացքում արհմիությունների տեխնիկական տեսուչներն իրականացնում էին իրենց վրա դրված պետական լիազորությունները։ Աշխատանքի պաշտպանության միջճյուղային մակարդակների հարցերը լուծվում էին կառավարության և արհմիությունների կենտրոնական խորհրդի հետ համատեղ։ 1977թ․ ԱՀԿԽ-ն ընդունեց  արհմիությունների տեխնիկական տեսչության կանոնակարգը և վերանվանեց այն աշխատանքի տեխնիկական տեսչություն, որը և գործում էր մինչ 1991թ․:

1976թ․ Արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհրդի նախագահության որոշմամբ ստեղծվեց նաև աշխատանքի իրավական տեսչությունը, որը ֆինանսավորվում էր ԽՍՀՄ սոցիալական ապահովագրության միջոցների հաշվին։

1957թ.-ից տեղական արհմիութենական կոմիտեներին իրավունք տրվեց քննելու աշխատողների և ադմինիստրացիայի միջև առաջած աշխատանքային վեճերը։

Փաստորեն, խորհրդային ժամանակաշրջանում, արհմիութենական պայքար, որպես այդպիսին չի եղել: Արհմիությունները, որպես աշխատողների ներկայացուցիչներ՝ ուժեղ են եղել և ստացել են լծակներ միայն պետության և կուսակցության քաղաքական դիրքորոշման շնորհիվ։ Միևնույն ժամանակ, արհմիությունները վայելել են աշխատողների վստահությունը, քանի որ յուրաքանչյուր աշխատող հնարավորություն է ունեցել դիմելու արհմիութենական կոմիտե (ընդ որում՝ և՛ կազմակերպության մակարդակում, և՛ հանրապետական), իրենց հուզող ցանկացած հարցով։  Պլանային տնտեսության պայմաններում բնակարանների և դեֆիցիտային կենցաղային ոչ առաջնային ապրանքների (կահույք, ավտոմեքենա և այլն) բաշխումը ևս կատարվում էր արհմիությունների մասնակցությամբ (այս դեպքում տեղի էր ունենում հերթագրում)։

1980 թվականին արհմիությունները Խորհրդային Հայաստանում իրենց շարքերում ունեին ավելի քան 1.380.000 անդամ. գործնականում միավորում էին գրեթե բոլոր աշխատավորներին: Հանրապետության արհմիություններում ընդգրկված էին 24263 արհմիութենական խմբեր, 6617 արտադրամասային կոմիտեներ, 9563 գործարանային, 242 շրջանային և քաղաքային, 21 ճյուղային հանրապետական կոմիտեներ:

90-ականների ապակենտրոնացումն ու անկախ Հայաստանի արհմիությունները

Խորհրդային միության ապակենտրոնացման գործընթացներին զուգընթաց Հայաստանի արհմիությունները հրաժարվեցին դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքից և կուսակցական պատկանելիությունից։ Ճյուղային հանրապետական կոմիտեները հռչակեցին իրենց անկախ արհմիություններ և Հայաստանի Հանրապետության անկախացումից  հետո՝ 1992թ. հունվարի 10-ին, գումարեցին  Հայաստանի արհմիությունների խորհրդի (ՀԱՄԽ) 18-րդ համագումարը, որը և քննարկեց հանրապետության արհմիութենական շարժման արմատական նորացման խնդիրները: 24 ճյուղային հանրապետական արհեստակցական միությունների  նախագահներ ստորագրեցին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կազմավորման մասին  հռչակագիրը:

1996-1997թթ․ ապահովագրության գումարները, որոնք գտնվում էին արհմիությունների  կառավարման ներքո, պետությունը փոխանցեց նորաստեղծ կենսաթոշակային հիմնադրամին։ Դրանով արհմիությունների գործառույթները միանգամից փոխվեցին։ Բացի սոցիալական ապահովության աշխատակիցներից, արհմիությունները կորցրեցին նաև աշխատանքի տեսչությունը, որը վարձատրվում էր նույն հիմնադրամից։ Այս գործընթացը միանգամից բերեց արհմիությունների թուլացմանը և անդամների կտրուկ կրճատմանը։ Եթե նախկինում անաշխատունակության թերթիկը աշխատողները ներկայացնում էին արհմիութենական կոմիտե, իսկ արհմիության նախագահը անպայման վավերացնում էր դրա օրինականությունը իր ստորագրությամբ, այս փոփոխության հետևանքով արհմիությունը դուրս մղվեց այդ գործընթացից և կորցրեց իր իրավասություններից մի մասնիկ։ Սակայն դրանից հետո դեռ որոշ ժամանակ աշխատողներից շատերը արհմիություններին ընկալում էին որպես պետական հովանավորչություն ունեցող կառույց: Այդպիսի ընկալումներ որոշ շրջանակներում հանդիպում են նույնիսկ առ այսօր։

1999թ. հունվարի 1-ից գործողության մեջ դրվեց նոր քաղաքացիական օրենսգիրքը, ինչի հետևանքով արհեստակցական միությունները պետք է ստանային պետական գրանցում՝  որպես  հասարակական  կազմակերպություններ: Այդ նպատակով 2000թ. դեկտեմբերի 26-ին հրավիրվեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի երրորդ (արտահերթ) համագումարը, որը քննարկեց և հաստատեց «Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիա» իրավաբանական անձանց միության կանոնադրությունը: «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքը ընդունվեց միայն 2000 թվականին։

Օրենքով արհեստակցական կազմակերպությունը սահմանվեց որպես հասարակական միավորում, որը կամավորության սկզբունքով միավորում է աշխատողներին՝ նրանց աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական և այլ շահերն ու իրավունքները ներկայացնելու և պաշտպանելու համար.

Տրվեցին նաև արհեստակցական կազմակերպությունների միության, արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության և արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության սահմանումները։ Վերջին երեքն այլևս ոչ թե արհմիության անդամների միավորում էին, այլ հանդիսանում էին կամավորության սկզբունքով իրենց անդամակցած կազմակերպությունների միություններ և  ներկայացնում էին ոչ թե առանձին անհատ աշխատողների շահերը, այլ արհեստակցական կազմակերպությունների կամ միությունների շահերը։

Գործող արհմիությունները ստիպված էին պետական նոր գրանցումներ ստանալ։ Դա երկարատև և զգալի ջանքեր պահանջող, նաև ծախսատար գործընթաց  էր, քանի որ անհրաժեշտ էր նախ գրանցել սկզբնական կազմակերպությունները՝ որպես արհեստակցական, հետո շրջանայինները՝ որպես միություններ։ Դրանից հետո արդեն, նոր օրենքին համապատասխան, նոր գրանցված կազմակերպությունները և միությունները  համագումար էին հրավիրում և հիմնադրում  ճյուղային արհմիություններ։ Այս գործընթացի ավարտից հետո  2002թ. նոյեմբերին գումարվեց «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» իրավաբանական անձանց միության երկրորդ (արտահերթ) և «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության առաջին (հիմնադիր)  համագումարը։  Դա պատմական համագումար էր, որովհետև առաջին անգամ Հայաստանում արհմիությունների կոնֆեդերացիան պետք է գործեր «Արհեստակցական միությունների մասին» օրենքին համապատասխան։

«Արհեստակցական  միությունների մասին» օրենքի ընդունումը որոշակի փոփոխությունների հանգեցրեց.

  1. Ամրագրվեց կամավորության սկզբունքը. ոչ միայն առանձին աշխատողի՝ արհմիության անդամ լինելու կամավորությունը, այլ նաև արհեստակցական կազմակերպության՝ որևէ միությանը անդամակցելու կամավորությունը։
  2. Վերացավ ՀԱՄԿ-ի վերադասությունը ճյուղայինների և այլ արհեստակցական կազմակերպությունների ու միությունների նկատմամբ։ Այսինքն, բոլոր կազմակերպությունները, որոնք միավորվում են տարբեր ճյուղայինների կազմում, միավորվում են կամավոր, միաժամանակ պահպանելով իրենց անկախությունը։
  3. ՀԱՄԿ-ը սահմանվեց որպես Ճյուղային հանրապետական միությունների միավորում։ Սա նշանակում է, որ ՀԱՄԿ-ի կազմում  չեն կարող ընդգրկվել առանձին կազմակերպություններ և միություններ՝ ինչպես նախկինում, և ՀԱՄԿ-ին միավորվելու ճանապարհը այլևս միայն որևէ ճյուղայինին միավորվելու միջոցով է։

Միությանը կամավոր միանալու սկզբունքը բացասական ազդեց  արհմիությունների վրա, քանի որ, օգտվելով առիթից, որոշ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ նպաստեցին պետական ոլորտում առանձին գործող արհեստակցական կազմակերպությունների ստեղծմանը։ Հենց այդ ժամանակ ստեղծվեցին  Արդարադատության նախարարության, Ֆինանսների նախարարության և մի շարք այլ պետական կառույցների աշխատողների արհեստակցական կազմակերպությունները,  որոնք չանդամակցեցին ճյուղային միություններին (հետևաբար նաև՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային)՝ նախընտրելով  գործել առանձին, անջատ՝ համընդհանուր արհմիութենական շարժումից։

Այն արհեստակցական կազմակերպությունները, որոնք այսօր էլ շարունակում են գործել անջատ, գրեթե ոչ մի ներդրում չեն ունենում արհմիութենական շարժման զարգացման մեջ։ Դրանցից շատերի մասին տարիներ շարունակ տեղեկություն անգամ հնարավոր չէր ստանալ։ Լավագույն դեպքում դրանց հիմնական աշխատանքը սոցիալական ոլորտում է՝ անդամավճարների հաշվին դրամական օգնություններ տրամադրելը, նվերներ, տոնակատարություններ, առավելագույն դեպքում՝ էքսկուրսիաների ու աշխատողների հանգստի կազմակերպումը,  և այլն։

Իհարկե, նույնատիպ գործելաոճ հանդիպում է նաև այն արհեստակցական կազմակերպություններում, որոնք միավորված են Ճյուղային արհմիությունների կազմում, սակայն մի տարբերությամբ՝ իրենց անդամավճարից որոշակի գումար է հատկացվում ճյուղային արհմիություններին՝ ապահովելով նրանց գոյությունը։ Միաժամանակ. դրանով նրանք իրենց մասնակցությունն են ունենում արհմիութենական շարժման մեջ, օգնում են հանրապետական   արհմիություններին՝ ինտեգրվելու միջազգային արհմիութենական շարժումներին, աշխատողների շահերը ներկայացնում են ճյուղային մակարդակում, իսկ ՀԱՄԿ-ի միջոցով՝ նաև հանրապետական մակարդակում, մասնակցում են տարբեր ուսումնական ծրագրերին և հնարավորություն ունեն կրթելու  արհմիութենական կադրերին։

Օրենքի ընդունումը արհմիությունների  գոյության և անվտանգ գործունեության որոշակի երաշխիքներ ապահովեց։ Միաժամանակ, բազմաթիվ դժվարություններ ստեղծեց ճյուղայինների աշխատանքում, քանի որ նրանք ստիպված էին շատ քիչ աշխատակազմերով (մոտավոր 3-4 հոգի) համակարգել գրանցման պրոցեսները, ուսումնական աշխատանքներ տանել, անդամ կազմակերպությունները նոր օրենքին ադապտացնելու համար։ Եթե նախկինում արհեստակցական կազմակերպությունները կոլեկտիվի ժողովում ստեղծվելուց հետո մեխանիկորեն՝ միավորում էին բոլոր աշխատողներին, ապա այժմ պահանջվում է ունենալ դիմումներ ոչ միայն արհմիութենական կազմակերպություններում, այլ նաև` ուղղված գործատուներին, որոնք, օրենքի համաձայն, պարտավոր են կազմակերպել անդամավճարների գանձումն ու փոխանցումը արհմիությանը։ Այս գործընթացի արդյունքում արհմիությունները մեծ թվով անդամներ կորցրեցին։

Օգտագործված գրականություն

  1. Encyclopædia Britannica, https://goo.gl/Ftj1aL
  2. H. Noyes, Organization and Revolution: Working Class Associations in the German Revolutions of 1848-1849, Princeton University Press, 1966
  3. J. Webb, B. P. Webb, The history of trade unionism, 1666-1920, London, 1919
  4. Медведев В.И. К 100-летию Инспекции труда (1918-2018г.г.).
  5. Постановление Президиума ВЦСПС о Правовой Инспекции Труда от 22 ноября 1976 года (Протокол N 18, п. 6)
  6. Ա․Մեջլումյան, ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության խնդիրները
  7. Ա․Մեջլումյան, Աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմները Հայաստանում
  8. «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենք
  9. ՀՀ աշխատանքային օրենսգիրք
  10. ՀԱՄԿ-ի գործկոմի որոշումներ