Ստեղծարար ես, ուրեմն երիտասարդ ես

Նյութական խրախուսանքն օգնում է կենտրոնացմանը, չշեղվելուն և երկար ժամանակ բարձր արդյունավետությամբ աշխատելուն: Իսկ ինտելեկտուալ ջանք պահանջող, ստեղծարար աշխատանքների ժամանակ կարևոր են մտահորիզոնը, ազատ մտածելակերպն ու խաղաղ հոգեվիճակը:

Գործատուների առաջընթացի  ու հաջողությունների համար կարևոր են  աշխատողի ադապտացման մի շարք կարևոր գործոններ, ինչպիսիք են նորարարությունը և ստեղծարարությունը: Ստեղծարարությունը կամ, ինչպես այն սովորաբար կոչում են, կրեատիվությունը  ասոցացվում է երիտասարդների հետ:

Երիտասարդ ես, ուրեմն ստեղծարար ես

Համաշխարհային մասշտաբով կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ստեղծարար ոլորտներում  երիտասարդների զբաղվածության ցուցանիշներն ավելի բարձր են, քան տնտեսության մնացած ճյուղերում[1]:

Եվրոպական մի շարք երկրներում ստեղծարար արդյունաբերությունը սահմանված է որպես տնտեսության առանձին ճյուղ[2]՝ շեշտադրելով, որ տնտեսական և մշակութային զարգացումը իրարից անջատ չեն և դրանք կարող  են լինել զարգացման ավելի լայն գործընթացի մաս:

Ստեղծարար արդյունաբերության գաղափարը սահմանվում է որպես «արդյունաբերական ոլորտ, որը  ծագում է անհատական ստեղծարարությունից, հմտություններից ու տաղանդից, և որը հարստության ու աշխատատեղերի ստեղծման հեռանկար ունի՝ մտավոր սեփականության ձևավորման և շահագործման հաշվին»[3]:

Քաղաքականություն մշակողների համար ստեղծարար արդյունաբերությունն իրենց տնտեսական օրակարգում ներառելու համար կարող է պատճառ հանդիսանալ  այն, որ ստեղծարար ճյուղերի զարգացման արդյունքում ստեղծվում է մշակութային արժեք: Բացի այդ, ինչպես պարզել է Մտավոր սեփականության միջազգային կազմակերպությունը, ՀՆԱ-ում ստեղծարար ոլորտի ունեցած ավանդը դրականորեն կապված է այնպիսի երևույթների հետ, ինչպիսիք են նորարարությունը, մրցունակությունը, սեփականության իրավունքները և կոռուպցիայից ազատությունը:

Ստեղծարար արդյունաբերությունն ունի մի քանի կարևոր սոցիալական ազդեցություն.

  • Զբաղվածության և աշխատատեղի ստեղծման բարձր հեռանկար: Լինելով գիտելիքի և աշխատանքի դրդող՝ ստեղծարար արդյունաբերությունը ցանկացած տնտեսությունում ապահովում է ընդհանուր աշխատուժի 2-8%-ը:
  • Սոցիալական ներառման խթանում, քանի որ գործողությունները տեղի են ունենում «ներքևից վերև» սկզբունքով, ինչը կապում է սոցիալական խմբերն իրար և նպաստում է սոցիալական համախմբությանը:
  • Կրթական համակարգի վրա ազդեցություն: Դպրոցները ձևավորում են մոտիվացված և հմուտ մարդկանց, որոնք կարող են նպաստել ստեղծարար տնտեսության գործողություններին: Կրթական հաստատություններն օգտվում են ստեղծարար արդյունաբերության ներդրումներից, ինչը օպտիմալացնում է սոցիալական կրթությունը և բարձրացնում է մշակութային գիտակցությունը:

Ստեղծարար երիտասարդների ներուժը Հայաստանում

Երիտասարդությունը բոլոր երկրներում  բնութագրվում է որպես երկրի զարգացման ներուժ: 2018 թ.-ին  Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունում մեծ է երիտասարդության դերը: Օրենսդիր, գործադիր մարմիններում բարձր պաշտոններ են զբաղեցնում

երիտասարդները, և կառավարության միջին տարիքն ավելի  երիտասարդ է, քան  նախորդ կառավարությունում:

Մյուս կողմից «երիտասարդացումը» նպաստել է 2019 թ.-ի ՀՀ Կառավարության ծրագրում ստեղծարարության մասին կետի ներառմանը: Այսպես, Ծրագրում[4]  որպես   գերակա ուղղություն է սահմանված մրցունակ, մասնակցային, ներառական տնտեսությունը, որի շրջանակներում կարևորվում է ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը մեր երկրում: Նշվում է, որ աշխատանքային ունակությունների կատարելագործումը և նորագույն տեխնոլոգիաների կիրառության կարողությունները պետք է դառնան քաղաքացու գիտակցված ձգտումը։

Ստեղծարար երիտասարդներն աշխարհում

Ժամանակակից աշխարհում մարդկանց զարգացման համար ներդրումները դիտարկվում են որպես կապիտալի կուտակման լավագույն ձև: Դրանք նպաստում են երկրների տնտեսությունների զարգացմանը. հասարակությունները դառնում են ավելի բաց, զարգացող, հետևաբար՝ նորամուծություններին պատրաստ:

Աշխարհում ընդհանուր աշխատուժի մեծ մասը  միլենիալ  սերնդի  ներկայացուցիչներն են: Նրանց մոտ մեկ երրորդը անկախ կամ ֆրիլանս աշխատողներ են: Ֆրիլանսերն ինքն է որոշում իր աշխատելու վայրը, քանի որ աշխատանքի համար անհրաժեշտ է միայն համակարգիչ/հեռախոս/պլանշետ և ինտերնետ: Նման անկախությունը զուգահեռ ինչ-որ օգտակար այլ գործ անելու հնարավորություն է տալիս. օրինակ՝ ճամփորդել, զուգահեռ կրթություն ստանալ կամ այլ աշխատանքի հետ համատեղել:

Freelancing in America[5] հետազոտության տվյալների համաձայն, 2020 թվականին ֆրիլանսերների թիվը կկազմի ԱՄՆ աշխատուժի 50%-ը: Ֆրիլանսերների 51%-ից ավելին նշում է, որ ոչ մի աշխատավարձ չի կարող ստիպել նրանց վերադառնալ ավանդական աշխատանքի ոճին:

Հետազոտությունները ցույց են տալիս նաև[6], որ գործատուներն այսօր բախվում են նաև կադրերի հոսունության խնդրին: Բարձր աշխատավարձն այլևս առաջնային չի համարվում և ամենաարժեքավոր սեփականությունը, որ ունի աշխատողը, դառնում է ազատությունը: Դա չի նշանակում, որ երիտասարդները չեն ցանկանում դառնալ միլիոնատեր: Սակայն, բացի փողից, նրանք ցանկանում են, որ աշխատանքն ունենա իմաստ:

Հայաստանում երիտասարդները ցուցաբերում են բարձր մակարդակի ինտելեկտուալ ինքնուրույնություն և միջին մակարդակի ինքնուրույնություն առօրյա կյանքում: Ընդհանուր առմամբ, նրանք կարող են իրենց ներքին խնդիրներն ինքնուրույն լուծել, սակայն պակաս անկախ են ֆինանսական և տնտեսական հարցերում, ինչը նշանակում է նրանք  խոցելի ենաշխատանքային շուկայում[7]:

Կադրերի ադապտացման փուլերը և ստեղծարարությունը 

Գործատուների մեծամասնությունն ունի խնդիր. մրցակցային բարձր պայմաններում պահել  կադրերին և աշխավայրը լքելու նրանց ցանակությունը հասցնել նվազագույնի: Անհրաժեշտ է կադրերի ադապտացման, նրանց հետ աշխատանքի մշակված քաղաքականություն, որը կկանխի այդ ամենը:

Երիտասարդները,  տարիքային առանձնահատկություններով պայմանավորված, ցանկացած կոլեկտիվում ունեն սոցիալական և հոգեբանական ադապտացման կարիք:  Դա ոչ միայն մասնագիտական առաջխաղացաման գրավական է, այլև անձնային որակների և ինքիրացման հնարավորություն՝ հետագա կյանքի համար: Եթե երիտասարդները լիարժեքորեն չեն կարողանում ադապտացվել աշխատավայրում, ապա դա նրանց խոցելի է դարձնում որպես քաղաքացի, որովհետև, լիարժեք չիրացնելով մասնագիտական կարողությունները, նա չի յուրացնում սոցիալական նորմերը և մասնագիտական արժեքները:

Աշխատավայրում  երիտասարդ կադրերի ադապտացումը կարելի է բաժանել 4 խմբի.

Փուլ 1. Այն համընկնում է երիտասարդ կադրի ուսումնառության շրջանի հետ: Մարդկային կապիտալի տեսության համատեքստում կրթությունն իրենից ներկայացնում է բովանդակային գործընթաց, որն ընկած է մարդկային կապիտալի ձևավորման հիմքում: Սակայն հայաստանյան իրականության մեջ մասնագիտական կրթության առկայությունը միայն տեղեկացնում է այն կրողի մարդկային կապիտալի ծավալի և որակի մասին, սակայն ինքնին ոչինչ չի ավելացնում մարդու արտադրողականությանը: Այդ է պատճառը, որ կրթամակարդակի աճի միտումը հանրապետությունում չի կարող նպաստել գործազրկության կրճատմանը և աշխատանքի տեղավորման արդյունավետությանը: Ինչպես վկայում են երիտասարդների շրջանում իրականացված հետազոտությունները[8], աշխատանք փնտրելու և գտնելու հարցը հատկապես դժվար է ուսումն ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում: Երիտասարդների մի մասը ստիպված է վերապատրաստվել այլ մասնագիտությամբ աշխատանք գտնելու նպատակով, մի մասը ընդհանրապես չի գտնում աշխատանք և միայն շատ փոքր հատվածն է կարողանում իր մասնագիտությամբ աշխատանք գտնել:

Գործատուները, բացի մասնագիտական որակներից, պոտենցիալ կադրից ակնկալում են մի շարք անձնային որակներ, ինչը ֆորմալ կրթական համակարգը չի տրամադրում: Բացի այդ,  այժմ մեր երկրում ուսումնական պրակտիկան ունի շատ ձևական բնույթ և ուսանողը հնարավորություն չունի տեսնելու իր պոտենցիալ գործատուին և ուսումնառությանը զուգահեռ ճիշտ և արդյունավետ կազմակերպել աշխատանքային գործընթացների հետ ծանոթացումը:

Փուլ 2. Ադապտացիայի երկրորդ փուլը ներառում է կազմակերպությունում աշխատանքի առաջին տարին: Այս փուլում տեղի է ունենում մասնագետի սկզբնական ինտեգրումը կազմակերպական միջավայրում: Նա սկսում է գիտակցել պարտականությունների իրականացման սեփական հնարավորությունները, բուհում ստացած գիտելիքների աստիճանը, դրանց կիրառման հմտությունները:

Հայաստանում երիտասարդներն առավելապես ընդգրկված են սպասարկման ծառայությունների, պետական կառավարման, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում։ Աշխատող երիտասարդների մեջ հանդիպում են այնպիսիք, որոնք կատարում են աշխատանք, որի համար ունեն ավելի բարձր կրթական մակարդակ: Սա նշանակում է, որ նրանք աշխատավայրում  չեն իրացնում իրենց ամբողջական գիտելիքներն ու հմտությունները: Կան նաև երիտասարդներ, որոնք ունեն ավելի ցածր կրթական մակարդակ՝ իրենց կատարած աշխատանքի համեմատ[9]:  Սա նշանակում է, որ երիտասարդներն աշխատանք են կատարում չբացահայտված կամ ոչ բավարար կարողություններով, ինչից տուժում է աշխատանքի արդյունքը, և իհարկե, երիտասարդը:

Բացի այդ, հետազոտությունները ցույց են տալիս[10], որ աշխատաշուկայում երիտասարդներն ավելի շատ կիրառում են ֆիզիակական և տեխնիկական հմտություններ,  իսկ  մասնագիտական հմտությունների իրացման շուկան մնում է չբացահայտված: Այդ է պատճառը, որ գործազուրկ երիտասարդների մեջ գերակշռում են բարձրագույն կրթություն ունեցողները: Երիտասարդը խոցելի է նաև ադապտացման երրորդ փուլում, որտեղ նա լճանալուց խուսափելու համար պետք է դրսևորի իր ստեղծարար մոտեցումը, հանդես գա նախաձեռնությամբ: Բայց կրթական մակարդակի և իրականացված աշխատանքի բովանդակության անհամապատասխանությունը երիտասարդին ստիպում է կատարել հասանելի աշխատանք՝ առանց դրանում   սեփական ներդրումն ունենալու հնարավորության:

Գործատուից ունեցած ակնկալիքների շարքում աշխատավարձի չափը որոշիչ գործոն է:  Աշխատավարձի չափի գործոնն ընկած է նաև մասնագիտական կողմնորոշման դրդապատճառների հիմքում. երիտասարդներից շատերը մասնագիտության ընտրության հարցում առաջնորդվում են այդ մասնագիտության հետագա, երբեմն թվացյալ

շահութաբերության աստիճանով: Ակնհայտ է, որ երիտասարդների այս մոտիվացիան կապող օղակ է հանդիսանում ուսումնական հաստատության և գործատուի միջև: Եվ մասնագիտական կողմնորոշման ճիշտ համագործակցային ռազմավարության դեպքում հնարավոր կլինի երիտասարդներին նախապես ուղորդել այնպիսի կարիերայի, որը կհամապատասխանի նրա հմտություններին և համապատասխան աշխատավարձ ստանալու ակնկալիքներին:

Փուլ 4. Չորրորդ փուլը, որպես կանոն, աշխատանքային երրորդ տարվանից է սկսում: Այն ենթադրում է մասնագիտության ազատ տիրապետում, կոմպետենտություն և վարպետություն:

Այստեղ աշխատակիցն իր նպատակները նույնացնում է կազմակերպության նպատակների հետ:

Հայաստանում հաճախ հանդիպող խնդիրներից է գործառույթների խաչաձևումը: Աշխատող երիտասարդների գրեթե 1/3-ը չունի կնքված աշխատանքային պայմանագիր գործատուի հետ: Դրան զուգահեռ,  կազմակերպություններից շատերն աշխատակիցներին ընդունում են որոշակի գործառույթների սահմաններում, սակայն ընթացքում գործատուն սկսում է ավելացնել աշխատանքի մասնաբաժինը, նոր պարտավորությունների մասնաբաժինը, սակայն առանց աշխատավարձի փոփոխության, ինչը բնական դժգոհությունների տեղիք է տալիս: Այս իմաստով, առողջ ու մրցունակ միջավայրի ստեղծումը դիտվում է իբրև անհրաժեշտ պայման՝ ինքնաիրացման ու չլճանալու համար: Լայնածավալ գործազրկությունը, ծանոթով գործ գտնելը և մասնագիտական առաջընթացը ևս ծանոթով պայմանավորելու պատճառով երիտասարդության միայն փոքր մասն է արժևորում մասնագիտությունը որպես առաջընթացի գրավական:

Եթե հաշվի առնենք, թե ինչպես են երիտասարդներն ընտրում մասնագիտություն, ինչպես են նրանք ադապտացվում աշխատանքի շուկայում, ակնհայտ է դառնում, որ երիտասարդի ստեղծարարությունը ոչ միայն չի գտնում իր իրացման շուկան,  այլև չի խրախուսվում կրթական համակարգում, չի դառնում  մարդու կապիտալի մաս:

Հայաստանում ապրում են երիտասարդներ, որոնք զբաղվում են ստեղծար գործունեությամբ և դա նրանց համար նաև եկամտի աղբյուր է: Սակայն մեր երկրում այս ոլորտը սեգմենտավորված չէ, իսկ նրանց վերաբերյալ հետազոտություններն ունեն հետախուզական բնույթ: Հետազոտություններից մեկի համաձայն, ստեղծարար գործունեություն իրականացնող երիտասարդներն այս կամ այն ստեղծարար ոլորտում աշխատում են հիմնականում երկու պատճառով՝ ոլորտի նկատմամբ հետաքրքրության և մասնագիտական գիտելիքների և հմտությունների իրացման[11]:

Եթե մեր երկրում ստեղծարարությունը թիրախավորված է որպես գերակա ուղղություն, ապա պետք է հաշվի առնել երիտասարդների հետ աշխատելու և նրանց զբաղվածության հիմնախնդրին վերաբերվող  կարևոր հանգամանքներ.

  • Երիտասարդները ստեղծարարության ներուժ ունեցող, բնակչության առավել բաց խումբն են՝ պայմանավորված տարիքային առանձնահատկություններով:
  • Աշխարհում ստեղծարար ոլորտներում երիտասարդների զբաղվածության ցուցանիշներն ավելի բարձր են, քան տնտեսության մնացած ճյուղերում:
  • Ստեղծարարությունը ենթադրում է անհատական տաղանդների բացահայտում և կարևոր է կրթական ոլորտում մասնագիտական կողմնորոշման իրականացումը և գործատուի կողմից անահատական տաղանդների հմտությունների բացահայտման հնարավորության ստեղծումը:
  • Այսօր Հայաստանում աշխատաշուկան թույլ չի տալիս իրացնել երիտասարդի ողջ ստեղծարար պոտենցիալը և երիտասարդներն ընդգրկված են այնպիսի ոլորտներում, որոնց համար ունեն կրթական ավելի բարձր կամ ցածր մակարդակ և շատ քիչ թվով երիտասարդներ են աշխատում իրենց մասնագիտությամբ:

Ուսումնական ծրագրերում չի  խթանվում ստեղծարարությունը: Դա  կարևոր է  հասարակական զարգացման և, առհասարակ, տարբեր ոլորտներում մասնակցության համար: Բացի դրանից, դա հենք է հետագա մասնագիտական աճի զարգացման համար:

  • Ստեղծարարությունը ոչ միայն չի խրախուսվում կրթական մակարդակում, այլև չի իրացվում աշխատաշուկայում:
  • Ստեղծարար ոլորտներում աշխատող մարդկանց շրջանում պետք է խթանել մասնագետների բիզնես հմտությունների, ռազմավարական ու կառավարման հմտությունների զարգացումը, քանի որ ստեղծարար արդյունաբերությունը ձևավորում է ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական ու մշակութային կապիտալ:

1. Ernst & Young  Cultural Times: The first global map of cultural and creative industries, CISAC International Confederation of Authors and Composers Societies.

2. Creative Industries Economic Estimates, January 2015, Statistical Release.

3. Creative Industries Economic Estimates, January 2015, Statistical Release.

4. ՀՀ Կառավարության Ծրագիր 2019թ.

5. Freelancing in America 2018

6. Աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն. գործատու-երիտասարդ-ուսումնական հաստատություն համագործակցության ինստիտուցիոնալիզացման հեռանկարները

7. Երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները ՀՀ-ում

8. Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն և գենդերազգայուն հետազոտություն

9. Նույն աղբյուրը

10. Նույն աղբյուրը

11. Ստեղծարար տնտեսության մեջ երիտասարդների զբաղվածության ներուժը և զարգացման հեռանկարները հետազոտություն (չհրապարակված)