Աշխատանքի և բարիքների բաշխումը ինքնակազմակերպվող հանրույթներում

Էլինոր Օսթրոմն (անգլ.՝ Elinor Ostrom) առաջին կինն է, ով տնտեսագիտության ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի` պետական կառավարման բնագավառում կատարած իր հետազոտությունների և գիտական աշխատանքների համար (2009թ.): Վերջինիս հետազոտության թեման էր՝ տնտեսական կառավարման վերլուծությունը, մասնավորապես՝ հասարակական սեփականության ոլորտում (անգլ.՝ analysis of economic governance, especially the commons)[1]։

Օսթրոմի և Օլիվեր Ուիլյամսոնի (Նոբելյան համամրցանակակիրներ) ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսագիտական վերլուծությունը կարող է լույս սփռել հասարակական կազմակերպությունների բազմաթիվ տեսակների վրա։ Օսթրոմն իր ուսումնասիրություններով մարտահրավեր նետեց այն տեսությանը, որ հասարակական սեփականությունը վատ կառավարվող  հարթակ է, և կենտրոնաձիգ իշխանության կամ սեփականաշնորհման կարիք ունի։ Հիմնվելով օգտվողի կողմից կառավարվող մի շարք օրինակների վրա (ձկան պաշարներ, արոտավայրեր, ստորերկրյա ջրամբարներ և անտառներ)՝ նա եզրակացրեց, որ փաստացի արդյունքն ավելի ճշգրիտ է, քան կանխակալ տեսությունը։

Օսթրոմն առաջ քաշեց ընդհանուր ռեսուրսների (անգլ.՝ local common pool) կայուն կառավարման ութ «սկզբունքները»[2]՝ քննարկելով Մեծ Մտածողության (անգլ.՝ Big Think) ութ «սկզբունքների» համատեքստում[3]

  1. Ընդհանուր նպատակի շուրջ համախմբված խմբի ինքնության սահմանում
  2. Տեղական պայմաններին հարմարեցված ընդհանուր ռեսուրսների բաշխում կամ ծախս-օգուտ հավասարակշռում
  3. Որոշումների կայացման գործընթաց կամ կոլեկտիվ ընտրության մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս ռեսուրսների մասնակցային կառավարում,
  4. Փոխադարձ հաշվետվողականություն՝ կոլեկտիվ վերահսկման կամ մշտադիտարկման միջոցով,
  5. Համայնքային կանոնների խախտման դեպքում պատժամիջոցների սահմանում և կիրառում,
  6. Կոնֆլիկտի հաղթահարման արագ և արդար մեխանիզմներ,
  7. Խմբի/ համայնքի ինքնորոշում և ինքնակառավարում,
  8. Համայնքի ընդլայնման կամ խմբի ներսում նոր խմբի ձևավորման դեպքում՝ բազային մակարդակի համակարգման մեխանիզմներ:

Հետագայում այս սկզբունքները փոփոխվել և ընդլայնվել են՝ ներառելով մի շարք այլ փոփոխականներ, ինչպես, օրինակ, արդյունավետ հաղորդակցում, փոխադարձ վստահություն, որոնք ենթադրվում է, որ կնպաստեն ինքնակառավարվող համակարգի կայացմանը[4]։

 

Բարիքի հանրային կառավարումը սահմանվում է որպես պետական կամ շուկայական ռեսուրսի կառավարման սոցիալական պրակտիկա՝ ինքնուրույն կառավարվող օգտվողների համայնքի կամ այն ստեղծող հաստատությունների կողմից:

Տեսահոլովակ՝ What is commons?

Օրինակ.

Գյուղական համայնքում, որտեղ ապրուստի միջոցներից է անասնապահությունը, յուրաքանչյուր գյուղացի ունի 1-2 ոչխար։ Գյուղացին ամեն օր պետք է իր կենդանիներին տանի արոտավայր արածացնելու։ Մյուս կողմից՝ նա հասկանում է, որ ավելի շահութաբեր կլինի ունենալ ավելի մեծ թվով ոչխարներայդկերպ են մտածում նաև մյուս համագյուղացիները։ Ստացվում է իրավիճակ, որ յուրաքանչյուր գյուղացի ամեն օր իր որոշակի թվով հոտը տանում է արածացնելու, իսկ արդյունքում արոտավայրը չի հասցնում վերականգնել իր խոտի պաշարները։ Ստեղծված պայմանները սպառնում են գյուղացիների բարօրությանը։

Բայց ի՞նչ է տեղի ունենում։

Գյուղացիները զրուցում են իրար հետ, գալիս են համաձայնության։ Ինքնակազմակերպվում ենպլանավորում են իրենց ընդհանուր անելիքները, կիսում են պարտականությունները, որոշում են ներքին հաղորդակցման կանոններ։ Արդյունքում՝ յուրաքանչյուր գյուղացի ունենում է սահմանված օր՝ բոլոր գյուղացիների հոտը արածացնելու համար, մեկ այլ գյուղացի զբաղվում է արոտավայրում սերմեր տնկելով, մյուսը անվտանգության հարցերով, և այսպես շարունակ։

Գյուղացիները հասկանում են, որ մեկի հաջողությամբ պայմանավորված է բոլորի բարօրությունը։ Սա է հանրույթի* գաղափարախոսությունը։

Օսթրոմը և նրա համախոհ-հետազոտողները մշակել են «Սոցիալ-էկոլոգիական համակարգեր» (SES) համապարփակ աշխատանքը, որում ներառված է ընդհանուր ռեսուրսների կամ հանրային բարիքների (անգլ․՝ commons) և կոլեկտիվ ինքնակառավարվող հանրույթի դեռևս զարգացող տեսությունը[5]:

Հանրույթի* դասական տեսություն

Ինքնակառավարվող հանրույթը նախնադարյան հասարակության կառավարման միակ գործիքն է եղել, քանի որ այս հասարակությունները չեն զարգացել պետական կամ մասնավոր սեփականության համակարգում։ Երբ պետություններն աստիճանաբար դարձան կազմակերպված համայնքի և մասնավոր սեփականության գերիշխող ձևը, սեփականության (բարիք) ընդհանուր և համայնքային կառավարումը (ինքնակառավարվող հանրույթ) դարձավ ավելի հազվադեպ: Ժամանակակից աշխարհն իր հետ բերեց ազգ-պետություն գերիշխող սոցիալական կառուցվածքը՝ զուգորդված շուկայական կապիտալիզմի գերիշխող տնտեսական համակարգով։

Օսթրոմն ամբողջ աշխարհում ուսումնասիրել է հարյուրավոր գործեր և ապացուցել, որ բնական ռեսուրսները կարող են ինքնուրույն կառավարվել առանց պետական կամ շուկայական կառուցվածքների, օգտագործողների համայնքի կողմից, որոնք նախագծում, իրականացնում և վերահսկում են այդ ռեսուրսները կայուն օգտագործելու կանոնները:

Դասական տեսությունը դասակարգում է տնտեսական բարիքներն՝ ըստ մրցակցայնության և բացառման սկզբունքների, որտեղ մրցակցային լինելը ենթադրում է, որ տվյալ բարիքն անհրաժեշտ է մեկից ավելի օգտվողների, որի համար պետք է մրցակցել: Ոչ մրցակցային լինելը ենթադրում է, որ տվյալ բարիքից կարող են օգտվել մեկից ավելի անձինք կամ խմբեր՝ առանց մրցակցության անհրաժեշտության։

Բացառումը նշանակում է, որ եթե մեկ անձ կամ խումբ արդեն օգտվում է բարիքից, ապա դրանով իսկ բացառվում է մյուսների՝ տվյալ բարիքից օգտվելու հնարավորությունը, և հակառակը. ոչ բացառումը ենթադրում է, որ օգտվող(ներ)ի առկայությունը չի խոչընդոտում նույն բարիքի օգտագործումն ուրիշների կողմից։

Ընդունելով ջուրը որպես կայուն փոփոխական՝ դիտարկենք տարբեր մակարդակներում վերջինիս տրանսֆորմացիան: Ջրի շիշը մասնավոր բարիք է և բնորոշվում է որպես մրցակցային և բացառող, քանի որ վերջինից օգտվել ցանկացողները այն ունենալու համար պետք է մրցակցեն, և մեկի՝ այդ բարիքին տիրապետելու պարագայում, մյուսը զրկվում է ջրի շշից։ Ջրամատակարարը խմբային բարիք է, քանի որ ունի իրենից օգտվողների որոշակի խումբ՝ դրանով հանդերձ բացառելով մեկ այլ սպառողների խմբի, որ գտնվում է տվյալ ջրամատակարարի սահմանագծից դուրս։ Նույն տրամաբանությանն են ենթարկվում նաև հանրային բարիք հանդիսացող լիճը (ենթակա չէ մրցակցության կամ բացառման) և ընդհանուր բարիք հանդիսացող աղբյուրը, որը, մրցակցային և ոչ բացառող լինելով, ինքնակառավարվող հանրույթի* ռեսուրս է։

Հանրույթի* քննադատական տեսություն

Հանրույթը* որպես նոր պատմույթ և հայեցակարգ եկավ ի պատասխան պետությունների և շուկայի «լճացմանը» (անգլ․՝ the tragedy of the states and the tragedy of the markets)։ Այժմ առավել սոցիալապես արդար, ժողովրդավար և կայուն հասարակություն ստեղծելու համար շարժում է հասունանում՝ ուղղված ընդհանուր բարիքին և ինքնակառավարվող հանրույթին։

Բարիքներն ու հանրույթները բաղկացած են երեք փոխհարաբերվող տարրերից.

  • ռեսուրս, որ պետք է կառավարվի,
  • համայնք, որ կառավարում է ռեսուրսները,
  • կառույցներ, որ նախատեսված են օգտվողների համար, որպեսզի կառավարեն ռեսուրսները։

Քննադատական տեսության համաձայն, ռեսուրսները պետք է համապատասխանեն հետևյալ նորմատիվային չափանիշներին․ 1) հավասար հասանելիություն, 2) կոլեկտիվ վերահսկում և 3) կայուն օգտագործում, որտեղ յուրաքանչյուր բաղադրիչ համապատասխանում է սոցիալական արդարության, ժողովրդավարության և էկոլոգիական կայունության արժեքներին։

 

Բարիքի և ինքնակառավարվող հանրույթի* տեսության զարգացումը անխուսափելիորեն կապված է երկու կարևորագույն քաղաքական հասկացությունների զարգացման հետ: Առաջինը վերաբերում է համայնքի ներսում ուժային փոխհարաբերությունների և որոշումների կայացման մեխանիզմներին, իսկ երկրորդը` ռեսուրսների հասանելիության, օգտագործման և վերահսկման կանոններին: Առաջինը հանգեցրել է «պետականության» զարգացմանը, իսկ երկրորդը` «սեփականության» զարգացմանը:

 

Ամփոփելով. հանրային բարիքի և ինքնակառավարվող հանրույթի հայեցակարգն ընկալելի է՝ որպես «երրորդ մոտեցում»․ կառավարման առումով՝ «պետություն – շուկայական տնտեսություն» դիխոտոմիայի շրջանակում և սեփականության առումով՝ «պետություն – մասնավոր սեփականություն» դիխոտոմիայի շրջանակում:

 

Այսպիսով, վեր հանելով ինքնակառավարվող հանրույթի* սկզբունքներն ու հայեցակարգը՝  նոր դիտանկյունից ենք նայում կապիտալիզմին բնորոշ շուկայական հարաբերություններին և սոցիալիզմին բնորոշ հանրային-մասնավոր սեփականության մոդելին՝ առաջարկելով աշխատանքի և բարիքների բաշխման, ինչպես նաև՝ հասարակական կազմավորման այլընտրանքային տարբերակ։

Տեսությունից և փորձից բխում է, որ հանրույթի* նկարագրված մոդելը չի ենթադրում արդի պետական կազմավորման համակարգի արմատական փոփոխություն, այլ լայնորեն կիրառելի է հասարակական միավորումներում՝ որպես սոցիալական արդարության, ժողովրդավարության և էկոլոգիական կայունության գրավական։

 


Ծանոթություն

*-աստղանիշով նշված տերմինը (այստեղ՝ hանրույթ*) Commons** տերմինի հայերեն համարժեքն է կամ բացատրությունը։ Քանի որ տեսությունը ծագումով արևմտյան է (թեպետ պրակտիկան առկա է ամբողջ աշխարհում), ողջ տերմինաբանությունը հեղինակի անհատական թարգմանությունն է և ենթակա է փոփոխության։

 

**“common” տերմինի/ բառի համեմատական ծագումնաբանությունը և բացատրությունը (աղբյուր՝ online Etymology Dictionary)

ԲԱՌ ԼԵԶՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
communis լատ․ 1. հանրային, ընդհանուր (ած․)

2. հասարակական սեփականություն, դաշնային հանրապետություն (գոյ․)

comun հին ֆրանս․ 1․ ընդհանուր, ազատ, բաց, հրապարակային (ած․)

2. հողը՝ որպես գյուղացիների համայնքային սեփականություն (գոյ․)

common միջ․ անգլ․ 1. բոլորին պատկանող, ընդհանուր (ած․)

2. հանրային հողատարածք (գոյ․)

 

***Հասարակակական կազմավորումների նախապատմությունը և տեսակները[6]

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ/ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
խումբ 15-50 որսորդություն և հավաքչություն ոչ կենտրոնական իշխանություն ընդհանուր (ոչ մասնավոր)
հանրույթ/գյուղ 100-600 պարզ գյուղատնտեսություն փոքր իշխանություն -հողի ընդհանուր սեփականություն,

-մշակաբույսերի մասնավոր սեփականություն

համայնք/ցեղ 1,000-10,0000 տնտեսական մասնագիտացում կենտրոնաձիգ կառավարում բացառող մասնավոր սեփականություն (proto-state)
պետություն >10,0000 զարգացած տնտեսական մասնագիտացում պետական ապարատի և միանձնյա կառավարում -պետական (արքայական) սեփականություն,

-բարձր խավի մասնավոր կառավարում (proto-private)

 

1. The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2009, www.nobelprize.org

2. Ostrom, Elinor (1990). Governing the Commons: The Evolution of Institutions for Collective Action. Cambridge University Press. ISBN 978-0-521-40599-7

3. Big Think (2012-04-23), Ending The Tragedy of the Commons, retrieved 2018-03-25

4. Poteete, Janssen; Elinor Ostrom (2010). Working Together: Collective Action, the Commons, and Multiple Methods in Practice. Princeton University Press.

5. Ostrom, E. (2009). “A General Framework for Analyzing Sustainability of Social-Ecological Systems”. Science. 325 (5939): 419–22. doi:10.1126/science.1172133. PMID 19628857

6. Commons in South East Europe, Institute for Political Ecology, www.ipe.hr

Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on pinterest
Share on email
Close Menu