Աշխատանքային հարաբերություններում խախտումները կարգավորող մարմին չկա, միակ տարբերակը դատական գործընթացն է

Աշխատանքային իրավունքների ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ զրույց Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբան Աննա Մարտիրոսյանի հետ։

 

– Ի՞նչ գործառույթ է կատարում  «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը», ինչպիսի՞ հարցերի է անդրադառնում:

– Գրասենյակը մատուցում է իրավաբանական և փաստաբանական ծառայություններ՝ սպասարկելով աշխատանքային և սոցիալական խնդիրներ ունեցող հաճախորդների։ Աշխատանքային իրավունքների հետ կապված հարցերով մեզ հաճախ դիմում են նրանք, ում աշխատավարձը գործատուն հրաժարվել է վճարել կամ պայմանագիր չի կնքել կամ արձակուրդային վճարը չի տրամադրել: Հաճախ մեզ դիմում են խորհրդատվություն ստանալու համար, այդ ժամանակ փորձում ենք երկխոսության մեջ մտնել գործատուի հետ, եթե չի հաջողվում հարցը բանակցությունների միջոցով կարգավորել, դիմում ենք դատարան:

 

– Գործատու-աշխատող հարաբերության մեջ որո՞նք են ամենից շատ տարածված խնդիրները:

– Բացի աշխատավարձ, արձակուրդային չվճարելը, շատ են նաև այն դեպքերը, երբ աշխատանքից անհիմն ազատում են՝ ստիպելով ազատման դիմում ներկայացնել կամ երկար տարիներ աշխատելու ընթացքում զրկում են արձակուրդ մեկնելու իրավունքից:

Շատ հաճախ նույնիսկ պայմանագիր չեն կնքում, և գրեթե անհնարին է դառնում ապացուցել, որ այդ մարդն աշխատել է տվյալ կազմակերպությունում, մանավանդ, եթե վճարումը կատարվում է առձեռն:

 

Ինչպե՞ս է կարգավորվում աշխատանքային վեճը։

– Հետաքրքիր փոփոխություն է եղել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, որն աշխատողներին որոշակիորեն պաշտպանում է: Եթե գործը դատարան է գնում, ապա այն ապացույցները, որոնք աշխատողը ֆիզիկապես չի կարող ապացուցել,  բաշխվում է գործատուի վրա: Այսինքն, եթե աշխատողը պնդում է՝ արձակուրդ չի գնացել, աշխատավարձ չի ստացել և դիմում է դատարան, ապա գործատուն պարտավոր է ապացուցել հակառակը, որ աշխատակիցը արձակուրդ է ունեցել, աշխատավարձ ստացել է։ Այսօր աշխատանքային հարաբերությունները կարգավորող մարմին գրեթե չկա՝ չհաշված արհմիությունը: Կարգավորման միակ տարբերակը դատական գործընթացն է:

 

– Աշխատաշուկայի ո՞ր ոլորտներում են ավելի շատ խախտումներ արձանագրվում։

– Մեր հիմնական հաճախորդները սպասարկման ոլորտից են, մասնավորապես՝ վաճառքի ոլորտից։ Կապ չունի՝ ընկերությունը մեծածախ է, թե մանրածախ, խախտումներ ամեն տեղ են նկատվում:

Բողոքներ ենք ստանում նաև դպրոցներից, և հիմնական խնդիրները կապված են ոչ թե ուսուցիչների, այլ ավելի շատ վարչական, սպասարկման աշխատանք ունեցողների հետ։ Մարզերի դպրոցներում տնօրենը երբեմն աշխատողի հաստիքը փոխում է կամ հեռացնում աշխատանքից առանց հիմնավոր պատճառների:

 

– Աշխատանքային օրենսդրության մեջ բացեր տեսնո՞ւմ եք, ի՞նչ կուզենայիք փոփոխել, բարելավել։

– Ես կարծում եմ՝ մեր օրենսդրությունը վատը չէ, օրինակ՝ մենք հանգստի գնալու, արձակուրդ վերցնելու, արձակուրդային ստանալու համար լավ կարգավորումներ ունենք: Բայց  մենք խնդիր ունենք, օրինակ, աշխատավարձի հաշվարկի հետ, թե այն ինչպես է ձևավորվում։ Շատ դեպքերում մեխանիզմը չի հասկացվում, դրան զուգորդվում են նաև տուգանքները, որոնց հիման վրա  աշխատավարձից պահումներ են կատարվում: Այսպիսի բան օրենքով ամրագրված չէ:

Մենք կոնկրետ հաստիքի ֆորմաներ չունենք, օրինակ՝ գործավար, քարտուղար, մենեջեր, այս հաստիքները զբաղեցնողների արած գործը նույնն է, բայց անվան հետ կապված աշխատավարձը տարբերվում է: Էական պահանջներ կան ԱՕ-ի, որը չպետք է խախտել։ Մյուս կողմից էլ, գործերը պիտի մտնեն դատարաններ, անցնեն դատական ատյաններով, որպեսզի դրանց հիման վրա էլ ունենանք նախադեպային որոշումներ: Օրենքն այդ ժամանակ կարող է փոփոխվել:

 

– Առավել հաճախ ո՞ր գործերն են դատարան գնում։

– Հիմնական գործերը, որոնցով դիմում ենք դատարան, կապված է խոշոր գումարի բռնագանձման հետ, օրինակ՝ աշխատողը 20 տարի աշխատել է, բայց միայն երկու անգամ է արձակուրդ գնացել կամ արձակուրդայինի համար չի վճարվել, կամ էլ աշխատավարձ չի ստացել ընդհանրապես:

Մենք մի տարի է, ինչ աշխատում ենք, բայց դիմումների քանակը գնալով ավելանում է: Մեզ դիմելուց հետո վեճը երբեմն դատարան չի գնում, փորձում ենք բանակցությունների միջոցով կարգավորել։ Ասում ենք, եթե չանեք, կմտնեք դատարան։ Գործատուներ կան, որոնք համաձայնում են, հիմնականում խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր չեն ուզում քաշքշուկի մեջ ընկնել։

 

– Դատարանում ինչպիսի՞ արդյունքեր են ունենում այսպիսի գործերը։

– Ակնհայտ սխալներով, ապօրինությամբ գործերն ավելի արագ են լուծում գտնում, օրինակ՝ անօրինական ձևով աշխատանքից հանելու գործերը լուծվում են հօգուտ աշխատողի, էական չէ՝ ինչ մասնագետ է, ինչ աշխատանք է կատարել: Գործեր կան, որոնց ընթացքը երկարում է, ապացույցների հայթայթումը դժվար է լինում:

 

– Ոլորտում իրազեկվածության պակաս կա՞։

– Կազմակերպությունները հիմնականում իրազեկված են, մեր աշխատանքային օրենսդրությունը շատ բարդ չէ, և գործատուները հեշտությամբ են հասկանում իրավական նորմերը: Հարկային դաշտի կարգավորումը ևս նպաստում է, որ գործատուն իմանա՝ ինչպես աշխատել:

Մեր խնդիրը աշխատողների մեջ է, նրանք հաճախ  թույլ են տալիս իրենց շահերը ոտնահարել: Հայաստանում վախ կա. աշխատողը պատրաստ է ամեն ինչ անելու, միայն թե իրեն գործից չհանեն: Այդ պատճառով շատերն իրենց իրավունքներից հրաժարվում են: Երիտասարդ սերունդն ավելի լավ է իրազեկված, ավելի լավ է կարողանում պաշտպանել իր շահը, իսկ տարիքով ավելի հասուն աշխատողներն ամաչում են նույնիսկ խոսել առաջացած խնդիրների մասին: