Գործազրկություն. Ինչո՞ւ և ինչպե՞ս հաշվել այն

Աշխատաշուկայի և զբաղվածության ցուցանիշների վիճակագրական վերլուծությունը յուրաքանչյուր պետության արդյունավետ պետական քաղաքականության մշակման երաշխիքներից է: Ցավոք, մեր երկրում այժմ քիչ են այնպիսի վերլուծությունները, որոնք կներկայացնեն ազգային վիճակագրական կոմիտեի, զբաղվածության պետական գործակալության կամ այլ կառույցների կողմից արված հետազոտությունների համապարփակ պատկերը:

Այս հոդվածում կանդրադառնանք ՀՀ-ում գործազրկության ցուցանիշներին և այն պայմանավորող հիմնական գործոններին:

Ի՞նչ է գործազրկությունը. թվերի լեզվով

Թեպետ միջազգային պրակտիկայում դեռևս չկան գործազրկության հաշվարկման և սահմանման հարցում միանման մոտեցումներ, այդուհանդերձ դրանցից մի քանիսը ուղենշում են տարբեր երկրներում գործազրկության սահմանման և հաշվարկման համանման ելակետային մեխանիզմներ: Այսպես, Հայաստանում Ազգային վիճակագրական կոմիտեն (այսուհետ ԱՎԿ) 2008թ.-ից գործազուրկների թվաքանակը հաշվարկում է Եվրամիության երկրների կողմից կիրառվող Աշխատանքի միջազգային կազմակերպության (այսուհետ ԱՄԿ) ստանդարտ սահմանման համաձայն, որը տարբերվում է 2001-2007թթ. կիրառված մեթոդաբանությունից: Վերջինս կիրառում էր ԱՄԿ-ի գործազրկության ընդլայնված սահմանումը՝ անցումային փուլում գտնվող երկրների համար: Այսինքն՝ 2008թ.-ից գործազրկության ցուցանիշը համադրելի չէ նախորդ տարիների ցուցանիշների հետ: Բացի այդ, 2018թ. հունվարից վերանայվել է նաև աշխատանքի շուկայի վիճակագրության մեթոդաբանությունը, որն ինչ-որ առումով դժվարություններ է ստեղծում ցուցանիշների համադրման և ժամանակագրական շարքերի ուսումնասիրության համար[1]:

ԱՄԿ-ի ստանդարտ սահմանման համաձայն, որը ներկայումս կիրառվում է մեր երկրում, գործազուրկ  են համարվում այն մարդիկ, որոնք որոշակի ժամանակահատվածում, չունենալով աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք, ակտիվորեն փնտրել են այն՝ կիրառելով բոլոր միջոցները և պատրաստ են եղել անմիջապես (2 շաբաթվա ընթացքում) անցնել աշխատանքի[2]:

ԱՄԿ-ի առաջարկած գործազրկության թե՛ այս սահմանումը, թե՛ ընդլայնված սահմանումը որոշակի փոփոխությունների է ենթարկվել ՀՀ-ում գործող Զբաղվածության մասին օրենսդրության շրջանակներում: Մասնավորապես, մինչ 2008թ. գործազուրկ էին համարվում այն անձինք, ովքեր աշխատանք չունենալուց, այն փնտրելուց և դրան պատրաստ լինելուց զատ ունեին առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ[3]: Բացի այդ, մինչ օրս Զբաղվածության մասին օրենսդրության մեջ[4] գործազուրկ դառնալու համար անհրաժեշտ է ձեռք բերել կարգավիճակ, որը նախկինում տրվում էր զբաղվածության ծառայություններում, իսկ այժմ արդեն Զբաղվածության պետական գործակալության զբաղվածության տարածքային 51 կենտրոններից որևէ մեկում:

Այսպես, համաձայն օրենսդրության՝ գործազուրկ համարվել կարող են գործազուրկի կարգավիճակ ստացած քաղաքացիները: Չնայած այս կերպ հնարավոր է հաշվարկել պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը, բայց և այնպես քիչ չեն երկրում այն քաղաքացիները, որոնք, լինելով գործազուրկ, չունեն կարգավիճակ: Այդ է պատճառը, որ տարբեր հաշվարկման մեխանիզմներ կարող են գրանցել գործազրկության տարբեր ցուցանիշներ: Հաջորդիվ կներկայացնենք գործազրկության հաշվարկման միջազգայնորեն ընդունված մեխանիզմները:

Առհասարակ երկրում գործազրկության մակարդակը որոշվում է առկա գործազուրկների թվաքանակի տոկոսային հարաբերությամբ՝ տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակին[5]: Սակայն գործազրկության վիճակագրական տվյալները կարող են էականորեն տարբերվել միմյանցից: Այսպես, այն կարող է մի դեպքում արտահայտել երկրում գոյություն ունեցող իրական գործազրկության մակարդակը, մյուս դեպքում՝ ներկայացնել պաշտոնապես գրանցված գործազրկության պատկերը:

Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը հաշվարկվում է Զբաղվածության պետական գործակալության տվյալներով և ներկայացնում է միայն գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց ընդհանուր համամասնությունը: Այսինքն՝ հաշվարկվում են միայն այն գործազուրկները, որոնք ստացել են գործազուրկի կարգավիճակ՝ գրանցվելով զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում: Սակայն երկրում իրական գործազրկության մակարդակը որոշելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել երկրի աշխատուժի փաստացի ցուցանիշները:

Ըստ ԱՄԿ-ի առաջարկած բանաձևի, գործազրկությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևերի միջոցով[6].

 

Այսպիսով, իմանալու համար երկրի իրական գործազրկության մակարդակը, անհրաժեշտ է նախ ուսումնասիրել և հստակ հաշվարկել երկրի բնակչության աշխատուժի ցուցանիշները, ինչը մասամբ կարող է մոտեցնել այն իրական գործազրկության մակարդակին, սակայն ամբողջությամբ չի կարող վերացնել հնարավոր անճշտությունները[7]:

Անկախ հաշվարկման սկզբունքներից, Հայաստանում գործազրկության մակարդակը բավական բարձր է տարբեր զեկույցների և միջազգային ուսումնասիրությունների համաձայն: Եթե մի շարք Եվրոպական երկրներում գործազրկության մակարդակը կարող է արհեստականորեն բարձրանալ սոցիալական նպաստների առկայության պայմաններում, ապա մեր երկրում այդ գործոնը չի կարող պայմանավորել գործազրկության արդի միտումները, քանի որ մի քանի տարի է՝ ինչ հանվել է գործազրկության նպաստը, իսկ սոցիալական նպաստները մեր երկրում դեռևս շատ ցածր են:

Այսպես, համաձայն ԱՊՀ վիճակագրական կոմիտեի՝ 2018թ. հուլիսին լույս տեսած զեկույցի, Հայաստանը 2017թ. դրությամբ ԱՊՀ երկրների շարքում գործազրկության մակարդակով ամենաբարձրն է և չունի նույնիսկ իր ցուցանիշին մոտ գտնվող այլ երկրներ (Տե՛ս գծապատկեր 1):

Գծապատկեր 1. Գործազրկության մակարդակը ԱՊՀ երկրներում[8]:

Միևնույն ժամանակ, ԱՄԿ վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանը գործազրկության մակարդակով ողջ աշխարհի երկրների շարքում 2017թ.-ին զբաղեցրել է 14-րդ տեղը: Ընդ որում, ընդհանուր գործազրկությունը տոկոսային արտահայտությամբ (15-64 տարեկան բնակչության շրջանում) 18.2% է, որից տղամարդիկ կազմում են 16.4%-ը, իսկ կանայք՝ 20.2%[9]: Արժույթի միջազգային հիմնադրամի (այսուհետ ԱՄՀ) պաշտոնական կայքի[10] համաձայն, Հայաստանն իր գործազրկության մակարդակով 2018թ. հոկտեմբեր ամսվա տվյալներով զբաղեցնում է 5-րդ տեղը՝ 18.6% գործազրկության ցուցանիշով:

Գծապատկեր 2. Գործազրկության մակարդակն աշխարհում:

 

Նշված կայքում ներկայացված է Հայաստանի գործազրկության մակարդակը (սկսած 2001թ.-ից) և դրա կանխատեսումը՝ ընդհուպ մինչև 2023թ. (Տե՛ս գծապատկեր 3):[11] Հետաքրքրական է, որ մեր երկրի գործազրկության մակարդակի ցուցանիշներն ըստ ԱՎԿ-ի կազմած ժամանակագրական շարքի ամբողջությամբ համընկնում են ԱՄՀ-ի կողմից ներկայացվող ցուցանիշներին՝ 2001-ից 2016 թվականները:

Սակայն, ԱՎԿ-ի տվյալների համաձայն, 2016թ., 2017թ., 2018թ. գործազրկության մակարդակը համապատասխանաբար եղել է 18.0%, 17.8%, 20.4%, ինչն էականորեն տարբերվում է ԱՄՀ-ի տվյալներից (18.8%, 18.9%, 18.9%), այսինքն՝ 2016թ. և 2017թ. համար ԱՎԿ-ի ներկայացրած գործազրկության ցուցանիշներն ավելի ցածր են եղել, իսկ 2018թ.-ին այն 1.5 նիշով ավելի բարձր է ԱՄՀ-ի ներկայացրած ցուցանիշից:

Գծապատկեր 3. Գործազրկության մակարդակը Հայաստանում (%)

2019թ. հունվարի տվյալներով, Հայաստանում կանայք կազմում են գործազուրկների թվի 66.7%-ը, երիտասարդները՝ 21.4%-ը, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձինք՝ 3.8%:

Բացի այդ, Հայաստանում գործազրկության մակարդակը ըստ մարզերի ևս որոշակի դրսևորումներ ունի՝ տարբերվելով հյուսիս-հարավ ուղղությամբ: Ինչպես երևում է գծապատկեր 4-ում, Հայաստանի հյուսիսում գործազրկության մակարդակը էականորեն բարձր է հարավից:

Գծապատկեր 4. Գործազրկության մակարդակն ըստ մարզերի, 2018թ. դեկտեմբերի դրությամբ:

Գծապատկեր  5. Հայաստանում  աշխատանք փնտրողների և գործազուրկների թվերի հարաբերակցությունը՝ սկսած 2011թ.-ից:

Աշխատուժի առաջարկ և պահանջարկ. մեծ թվերի մանիպուլյացիա

Հետաքրքական է նաև դիտարկել, թե ինչպիսին է աշխատուժի պահանջարկն ըստ պաշտոնական տվյալների: Ինչպես վերը նշվեց, պաշտոնական տվյալները ստացվում են Զբաղվածության պետական գործակալությունից, այսինքն՝ հաշվարկվում են միայն գործատուների այն հայտերը, որոնք ներկայացվել են տարածքային զբաղվածության կենտրոններին: Վերջիններս փոխանցում են նաև տվյալներ այն մասին, թե հանրապետությունում ընդհանուր առմամբ որքան կրկնվող և չկրկնվող աշխատատեղեր կան միասին վերցված: Կրկնվող աշխատատեղերը սովորաբար քիչ մրցակցային և ցածր աշխատավարձով կամ աշխատանքային ոչ բավարար պայմաններ ենթադրող աշխատատեղերն են, որոնք գործատուները տարվա կտրվածքով կարող են մի քանի անգամ թարմացնել՝ աշխատող չգտնելու պատճառով: Մինչդեռ չկրկնվող աշխատատեղերը համեմատաբար ավելի արագ են համալրվում:

Զբաղվածության պետական գործակալության թափուր աշխատատեղերը հիմնականում ոչ մրցունակ բնակչությանն են ներգրավում աշխատաշուկայում. վերջիններիս աշխատավարձերի չափերի և պահանջվող որակավորումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նաև Զբաղվածության գործակալության կայքի թափուր աշխատատեղերի բաժնում:

Այսպես, գործատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերը կարող են որոշակի ժամանակահատվածում անընդհատ կրկնվել, այսինքն՝ գործատուն կամ չի կարողանում գտնել համապատասխան որակավորում ունեցող աշխատողի կամ աշխատանքային պայմանները անբավարար են, որի պատճառով էլ աշխատողներ գտնելը դժվարանում է: Սակայն գործատուները ևս տեղյակ են, որ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հիմնականում աշխատանք են որոնում աշխատաշուկայում որոշ չափով անմրցունակ անձինք, հետևապես՝ որակյալ կադրերի բացակայության պատճառաբանությունը գործատուների կողմից այդքան էլ իրականությանը չի համապատասխանում՝ հիմք ընդունելով նաև թափուր աշխատատեղերի հայտարարություններում աշխատավարձերի ցածր լինելու հանգամանքը[12]:

 

Գծապատկեր 6. Աշխատուժի պահանջարկն ըստ ամիսների[13]:

Հիշատակման կարիք ունի ՀՀ Կառավարության նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից 2019թ. փետրվարին 2200-ից ավել աշխատանքի պահանջարկի վերաբերյալ հայտարարությունը[14], որի ընթացքում նախարարը արդարացիորեն նշեց, որ աշխատատեղերը չեն համալրվում ցածր աշխատավարձերի պատճառով: 2200-ից ավելի թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունը, անկախ բացատրությունից, օրակարգ է բերում մարդկանց՝ աշխատել չցանկանալու կարծրատիպը: Իրականում, 2200 և ավել աշխատատեղերի գերակշիռ մեծամասնությունը կրկնվող թափուր աշխատատեղերն են, որոնք հավելյալ հետազոտման կարիք ունեն՝ հասկանալու համար, թե աշխատանքային ինչ պայմաններ են առաջարկվում գործատուների կողմից և ինչ այլ վտանգներ կարող են պարունակել նմանօրինակ թափուր աշխատատեղերի հայտագրումները:

Այսպիսով ամփոփելով վերոշարադրյալը՝ կարող ենք փաստել, որ մեր երկրում գործազրկության ցուցանիշները բավականին բարձր են, ինչը նշանակում է, որ զբաղվածության պետական քաղաքականության մեջ անհրաժեշտ է իրականացնել համալիր գործողությունները՝ հիմնված աշխատուժի առանձնահատկությունների մանակրկիտ ուսումնասիրության և ցուցանիշների հստակ հաշվարկման վրա:

 


 

1. Տե՛ս 2018 թվականի հունվարից սկսած աշխատանքի շուկայի վիճակագրության մեթոդաբանության փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը «Աշխատանքի շուկայի ցուցանիշները» զեկույցում:

2. Հայաստանի Հանրապետության Սոցիալ-տնտեսական Վիճակը 2016 թվականի հունվար-հունիսին: Եր.-2016:

3. Տե՛ս Հայաստանի Սոցիալական Պատկերը և Աղքատությունը, 1996 .

4. ՀՀ օրենքը զբաղվածության մասին, ընդունված 2013թ. դեկտեմբերի 11-ին:

5.  Տնտեսապես ակտիվ են համարվում երկրի բնակչության 15-75 տարեկան զբաղվածներն ու գործազուրկները, ովքեր դիտարկվող ժամանակահատվածում աշխատանքի շուկայում ապահովում են աշխատուժի առաջարկ՝ ապրանքների և ծառայությունների արտադրության համար: Եզրույթը վերանայվել է 2018թ. նոր մեթոդաբանության շրջանակներում: Ավելին տե՛ս հղմամբ:

6.  ԱՄԿ զեկույց: Գործազրկության մակարդակը: Անգլերեն լեզվով:

7. Ո՞րն է գործազրկության իրական մակարդակը: Անգլերեն լեզվով:

8.  ԱՊՀ երկրներում աշխատանքի շուկայի իրավիճակի մշտադիտարկում 2014-2017թթ.: ԱՊՀ միջազգային վիճակագրական կոմիտե. Մոսկվա-2018թ.; ռուսերեն լեզվով:

9. Կանանց գործազրկությունը Հայաստանում ամենաբարձրն է հետխորհրդային երկրներից

10. Արժույթի միջազգային կազմակերպության պաշտոնական կայք. Գործազրկության մակարդակն աշխարհում: Անգլերեն լեզվով:

11. Նույն տեղում:

12. Տե՛ս Զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայքի թափուր աշխատատեղեր բաժնում:

13. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-փետրվարին

14. 2200-ից ավելի աշխատատեղ կա, սակայն մարդիկ նշում են, որ աշխատավարձը շատ ցածր է. Զարուհի Բաթոյան, https://www.youtube.com/watch?v=l6RqjKzQLso

Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on pinterest
Share on email
Close Menu