ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի իրավունքին առնչվող հիմնական իրավակարգավորումները

ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, ներառյալ՝ աշխատանքի իրավունքին առնչվող դրույթներն ամրագրված են ՀՀ-ի կողմից վավերացված մի շարք միջազգային փաստաթղթերով, ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով: Այս հոդվածն արդյունավետ կարող է լինել ոլորտում հետազոտություններ իրականացնող անձանց համար, քանի որ փորձ է արված մեկտեղելու ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի իրավունքին առնչվող հիմնական իրավակարգավորումները՝ ձևավորելով համապարփակ պատկեր:

 

 

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի իրավունքը սահմանվում և կարգավորվում է ինչպես ընդհանուր բնույթի օրենսդրությամբ, այնպես էլ հատուկ սոցիալական աջակցության երաշխիքներ սահմանող իրավական ակտերով:

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ ԱՍՀՆ) Բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության, 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ ԱՍՀՆ էլեկտրոնային տեղեկատվական բազայում (հաշմանդամության վարչական ռեգիստրում) ընդգրկված է մոտ 200.000 հաշմանդամություն ունեցող անձ[1]: Այդ թիվը 2016թ.-ին կազմել է 202.800[2]:

2010թ. ՀՀ-ն վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Կոնվենցիան (այսուհետ՝ ՀԱԻԿ), որի նպատակն է «աջակցել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց՝ լիարժեքորեն և հավասարապես օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչպես նաև՝ ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ»: Այսպիսով, ՀՀ-ն ստանձնել է պարտավորություն՝ «ապահովելու և օժանդակելու հաշմանդամություն ունեցող անձանց մարդու իրավունքնների և հիմնարար ազատությունների լիակատար իրականացմանը՝ առանց հաշմանդամության պատճառով որևէ խտրականության»[3]:

ՀԱԻԿ Հոդված 27-ով սահմանված են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքին և զբաղվածությանը վերաբերող դրույթները.

«Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքի իրավունքը. սա ներառում է ապրուստի միջոցներ վաստակելու իրավունքը աշխատանքի միջոցով, որը նա ձեռք է բերում իր ազատ ընտրության ու համաձայնության պայմաններում, ինչպես նաև աշխատուժի շուկայում և հաշմանդամություն ունեցող անձի համար բաց, ընդգրկուն ու մատչելի աշխատանքային միջավայրում»[4]:  ՀԱԻԿ-ով ձևակերպված են այն քայլերը, որոնք պետությունները պետք է իրականացնեն՝ ստեղծելով հնարավորություններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան իրացնել իրենց աշխատանքի իրավունքը:

Խնդրահարույց է այն, որ չնայած ՀՀ-ն վավերացրել է ՀԱԻԿ-ը, սակայն չի վավերացրել Կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը:

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է մարդու բարձրագույն արժեք լինելը, օրենքի առջև բոլորի հավասարությունը, և խտրականության արգելքը՝ անկախ տարբեր հատկանիշներից՝ ներառյալ հաշմանդամությունից[5]:

Ներկայումս ՀՀ-ում գործում է «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը[6]: Բացի այդ, ՀՀ ԱՍՀՆ կողմից 23.08.17-08.09.17թթ. ժամանակահատվածում քննարկման է դրվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)[7]

Խնդրահարույց է, որ Նախագիծը չի համապատասխանում Կոնվենցիային, ներառյալ՝ հաշմանդամության սահմանումը, և այլն (նշված է ՄԱԿ-ի՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի դիտարկումներում)[8]: Այնուամենայնիվ, Նախագծի Հոդված 31-ով սահմանվում է զբաղվածության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման նպատակով մատչելի պայմաններ և հավասար հնարավորություններ ապահովելու համար ՀՀ-ի պարտավորությունները, մասնավորապես նախատեսված է.

  • Վարել արտոնյալ ֆինանսատնտեսական քաղաքականություն հաշմանդամություն ունեցող անձանց աշխատուժն օգտագործող կառույցների նկատմամբ,
  • Սահմանել աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (այսուհետ` քվոտա) հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար,
  • Ապահովել համապատասխանաբար ուսուցման և աշխատանքի համար պատշաճ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան,
  • Տրամադրել աշխատատեղի հարմարեցման աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում և այլն [9]:

Վերոնշյալ պարտավորությունների պրակտիկ իրագործման հնարավորություններ են ստեղծված հետևյալ հիմնական փաստաթղթերով.

  1. «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը»[10],
  2. «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019թ. տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը»[11],
  3. «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագիրը»[12]:

Ուսումնասիրելով և ամբողջացնելով վերոնշյալ փաստաթղթերը՝ ստացվում է հետևյալ պատկերը.

 

Այսպիսով, ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի իրավունքի իրացման հնարավորություններ, հարկ է հոլիստիկ (ամբողջական) արձագանքման մեխանիզմներ կիրառել. միաժամանակ փոփոխելով և՛ իրավական ակտերում առա խնդրահարույց դրույթները, և՛ հասարակության բացասական, կարծրատիպային վերաբերմունքը, և՛ միջավայրային պայմանները: Հարկ է նաև ակտիվացնել հաշմանդամություն ունեցող անձանց, զարգացնել նրանց աշխատանքային հմտություններն ու կարողությունները, խթանել գործատու-հաշմանդամություն ունեցող անձ կապի ստեղծմանը:

 


 

1. Տե´ս ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը, 2017 թ. հունվար-հունիսին, 5.4 Հաշվառված հաշմանդամների թվաքանակը 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, https://www.armstat.am/file/article/sv_06_17a_540.pdf:

2. Տե´ս ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը, 2016 թ. հունվար-հունիսին, , 5.4 Հաշվառված հաշմանդամների թվաքանակը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, https://www.armstat.am/file/article/sv_06_16a_540.pdf:

3. Տե´ս Միավորված ազգերի կազմակերպության Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Կոնվենցիա, http://www.un.am/res/UN%20Treaties/III_15.pdf, էջ 5:

4. Տե´ս Միավորված ազգերի կազմակերպության Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Կոնվենցիա, http://www.un.am/res/UN%20Treaties/III_15.pdf, էջ 18-19:

5. Տե´ս ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով), https://www.arlis.am/:

6. Տե´ս «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=90419:

7. Տե´ս «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, https://www.e-draft.am/projects/381/about:

8. Տե´ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտե, Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, 8.05.2017, https://mail.google.com/mail/u/0/#search/lusine.kosakyan%40gmail.com/FMfcgxwBVWQNQKvJxzGztQJbxRnVZjNw?projector=1&messagePartId=0.1:

9. Տե´ս «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, https://www.e-draft.am/projects/381/about, էջ 27-28:

10. Տե´ս Քաղվածք ՀՀ Կառավարության նիստի արձանագրությունից, 12.01.2017 N 1 որոշումը «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին»,  http://webcache.googleusercontent.com/search?q=cache:6OZMlviIqjUJ:mlsa.am/wp-content/uploads/2017/05/HAMALIR-CRAGIR-1.doc+&cd=1&hl=en&ct=clnk&gl=am:

11. Տե´ս ՀՀ Կառավարության 27.09.2018 N 1025-Լ որոշումը «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019թ. տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» http://www.irtek.am/views/act.aspx?aid=96765:

12. Տե´ս ՀՀ Կառավարության 4.05.2017 N 483-Ն որոշումը «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին», https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=113223:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on pinterest
Share on email
Close Menu