Հայաստանում որևէ օրինական գործադուլ չի եղել. դրա համար կոլեկտիվ պայմանագիր է պետք

Արհեստակցական միությունների դերի, օրենսդրական բացերի և առաջարկվող լուծումների մասին զրույց «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Ռուբեն Սարգսյանի հետ։

 

 

 

  • Պարոն Սարգսյան, արհմիություններն այսօր ի՞նչ դեր ունեն, ի՞նչ գործառույթ են կատարում աշխատանքի իրավունքի ոլորտում։
  • Գլոբալ իմաստով արհմիությունն աշխատողի օրինական ներկայացուցիչն է, այն պաշտպանում է աշխատողի շահերը, տրամադրում իրավական խորհրդատվություն։ Արհմիությունը կարող է սոցիալ-տնտեսական շահերի մասին տեսակետներ ներկայացնել, նախաձեռնությամբ հանդես գալ, պետության վրա ազդել, սակայն այսօր Հայաստանում գործող արհմիությունները ոլորտում եղած խնդիրները քննարկման մակարդակից վերև չեն բարձրացնում։

 

  • Աշխատաշուկայում ծագած ինչպիսի՞ խնդիրներ կարող է լուծել արհմիությունը։
  • Արհմիությունն աշխատող-գործատու հարաբերությունների մեջ բավական մեծ դերակատարում կարող է ունենալ՝ աշխատողի իրավունքները տեղում պաշտպանելու համար։ Բայց այսօր գործող արհմիության ներկայացուցիչներն աշխատում են գործատուների հետ կոնֆլիկտ չունենալ և որևէ հարցի շուրջ վիճաբանության մեջ չմտնել՝ այսպիսով չպահպանելով դե-յուրե ունեցած իրենց գործառույթը։ Դպրոցներում, օրինակ, արհմիության նախագահը տնօրենին հավասար դերակատարում ունի, կարող է հարցեր առաջ քաշել, տեսակետներ ներկայացնել, բայց ամբողջությամբ ենթարկվում է տնօրենին, այսինքն՝ կառույցը չի կատարում իր գործառույթը։

 

  • Օրենսդրական ի՞նչ բացեր կան, որոնց պատճառով արհմիության աշխատանքը տուժում է։
  • Արհմիություններն ունեն կոլեկտիվ բանակցությունների անցկացման գործառույթ, սակայն ոչ բոլոր գործատուներն են համաձայն ունենալ կոլեկտիվ պայմանագրեր։ Այդպիսի պայմանագրեր կնքելու դեպքում երկու կողմերի համար ձեռնտու և հեշտ իրագործելի դրույթներն են հիմնականում ներառվում։ Մյուս բացերից է այն, որ կոլեկտիվ պայմանագրերի խախտման դեպքում արհմիությունը կարող է միջնորդությամբ հանդես գալ, որին գործատուները պարտավոր չեն արձագանքել, իսկ խիստ խախտումներն ընդհանրապես չեն բարձրաձայնվում։

Արհմիությունը չի կարող դատարան դիմել, իսկ գործադուլի մասին հայտարարություն կարող է անել, եթե աշխատողների 2/3-ը համաձայն է։ Արհմիությունները պասիվ են, այնինչ պետք է նպաստեն աշխատանքային իրավունքների պաշտպանությանը։

Արհմիությանն անդամագրվելով՝ աշխատողները, նախ և առաջ, ակնկալում են շահերի որակյալ և մասնագիտացված՝ ընդհուպ մինչև դատական պաշտպանություն, սակայն այսօր հայաստանյան արհմիությունները չունեն դատական մատչելիության իրավունք և չեն կարող իրենց անդամների շահերի անմիջական դատական պաշտպանություն իրականացնել։

 

  • Արհմիությունների դերի մասին արդյոք աշխատողների և գործատուների իրազեկվածության պակաս նկատվո՞ւմ է։
  • Կարծում եմ, որ իրազեկվածության խնդիրը չէ, այլ ցանկության հարցը։ Այսօր արհմիությունը կարողանում է միայն ծաղիկներ բաժանել, միջոցառումներ կազմակերպել։ Ինքն ունի հնարավորություն միջամտելու աշխատանքային հարաբերություններում ծագած վեճերին, խնդիրներին, բայց չի անում։ Կառույցը ոչինչ չանելով գումար է ստանում, բայց բոլորն իրենց հարմարավետության գոտուց դուրս չեն գալիս։ Կարելի է արհմիությունների անդամների հանդիպումների, քննարկումների մասին արձանագրությունները կարդալ, եթե անգամ լուրջ թեմաներ են բարձրաձայնում, այնուամենայնիվ, դրանք որևէ օգուտ չեն տալիս։

 

  • Իսկ ի՞նչ է կոլեկտիվ պայմանագիրը, ինչպե՞ս է այն կնքվում։
  • Կոլեկտիվ պայմանագիրը փաստաթուղթ է, որը տվյալ աշխատավայրում բոլոր աշխատողների շահերն է ներկայացնում։ Այն գործատուների համար լավ կողմ ունի, գործատուն միանգամից կոլեկտիվ պայմանագիր է կնքում։ Կոլեկտիվ պայմանագիր կարող են միայն արհմիության անդամների հետ կնքել։ Միայն կոլեկտիվ պայմանագիր ունենալու դեպքում աշխատողները կարող են գործադուլ անել։ Հայաստանում մինչև հիմա եղած բոլոր գործադուլները անօրինական են եղել, որովհետև կոլեկտիվ պայմանագրեր չեն կնքվել։ Այդ պայմանագրերի առկայության դեպքում գործադուլը լինում է այն ժամանակ, երբ առաջացած վեճից հետո ապահովվում է աշխատողների ձայների 2/3-ը։

 

  • Ի՞նչ առաջարկներ ունեք, ինչպիսի՞ գործողություններ են անհրաժեշտ, որ արհմիությունն ամբողջությամբ իրականացնի իր գործառույթները։
  • Հիմա տարբեր նախաձեռնություններ կան, որոնք նոր արհմիություններ են ստեղծում, դա միայն ողջունելի է։ Մարդիկ հասկանում են, որ ստեղծում են կառույցը իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Կարևոր են նաև օրենքի բարեփոխումները, որպեսզի արհմիությունը երաշխիքներ էլ ունենա։ Իրավական դաշտում նաև պետք է դյուրինացնել գործադուլ անցկացնելու մեխանիզմները, հնարավորություն տալ արհմիություններին դատական կարգով ներկայացնելու աշխատողների կոլեկտիվ և անհատական շահը՝ առանց լիազորագրերի, գործատեղերում ստեղծել հանձնաժողովներ, որտեղ կքննարկվեն աշխատանքային վեճերը։

Կան երկրներ, որտեղ արհմիության գործունեությունն այնքան բարձր է, որ կարողանում է Համաշխարհային բանկին գումար տրամադրել։ Եվրոպական մի շարք երկրներում աշխատում է բանակցություններ վարելու մեխանիզմը։

 

Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on pinterest
Share on email
Close Menu