Մենք աշխատանքային խախտված իրավունքների վերականգնման հարցում չենք միջամտում. նման գործառույթ չունենք

Զրույց Աշխատանքային օրենսգրքում եղած բացերի, փոփոխությունների և աշխատանքային իրավունքի ոլորտում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կատարած աշխատանքի մասին  նախարարության զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի հետ։

 Պարոն Սարգսյան, աշխատանքային իրավունքների խախտումներ հաճախ կարելի է նկատել գրեթե բոլոր ոլորտներում: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այդ խնդիրները լուծելու համար։

– Աշխատանքային օրենսդրության ամբողջական վերահսկողական համակարգ ներդնելը մեկ օրվա աշխատանք չէ, և մեկ օրում հնարավոր չէ իրականացնել։ Այն որոշակի փուլային գործընթաց է. որպես առաջին քայլ անհրաժեշտ է վերհանել ոլորտում առկա իրավական նորմերը, որոնք առկա են Աշխատանքի միջազգային կազմակերպության 81 կոնվենցիայում, և համեմատել Աշխատանքային օրենսդրության հետ։

Սա նրա համար է, որպեսզի պարզ դառնա, թե որքանով են ԱՄԿ-ի պահանջները բավարարված մեր օրենսդրությամբ և որոնք են բաց մնացել, որ մարմնի կողմից են կարգավորված՝ որ գործառույթի շրջանակում։ Այս պահին իրականացնում ենք ոլորտում առկա բացերի վերհանում և համապատասխան առաջարկների ներկայացում հետագա ընթացքի համար։

Ուսումնասիրությունների ընթացքում, ինչպես նաև դիմումների հիման վրա ի՞նչ բացեր են նկատվել:

– Այս պահի դրությամբ դեռևս ուսումնասիրությունների վերջնական աշխատանքներն ավարտված չեն, դեռ վերհանման գործընթաց է։ Բայց կան բացեր, որոնք կարող եմ  ներկայացել, օրինակ՝ Աշխատանքային օրենսդրությամբ աշխատող-գործատու իրավահարաբերություններում ամրագրված շատ նորմեր կան, որոնց մի մասը գործատուների կողմից չեն պահպանվում,  և քանի որ աշխատանքային իրավունքները վերահսկող մարմին գրեթե  չկա (չհաշված Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը), իրավունքները շարունակվում են ոտնահարվել։ Շատ դեպքերում նաև գործատուները խորհրդատվության կարիք ունեն։

Աշխատանքային հարաբերությունների ի՞նչ խնդիրներով են ձեզ դիմում։

– Ժամանակին արձակուրդներ չտրամադրելը, արտաժամյա աշխատանքի ներգրավելը և դրա դիմաց չվճարելը, հանգիստ չտրամադրելը, աշխատանքային պայմանագիրը լուծարելը ոչ Աշխատանքային օրենսգրքով (ԱՕ) նախատեսված հիմքերով, արձակման նպաստ չվճարելը, ծանր, վնասակար աշխատանքի դիմաց հավելումներ չվճարելը, աշխատավարձերը ուշացնելը։ Սրանք են հիմնական ու ամենից տարածված խախտումները, որոնցով մեզ դիմում են։

– Եթե ձեզ դիմում են աշխատանքային խնդրի մասին, ինչպիսի՞ն է լինում ձեր արձագանքը։

– Դիմում են նախարարություն, բայց նախարարությունն իր կանոնադրական գործառույթների շրջանակում պարզաբանում է միայն տրամադրում, մասնավորապես՝ ներկայացնում է աշխատողի իրավունքները, արդյոք խախտված են դրանք։ Մենք նման պարզաբանումներ ենք տալիս, որը շատ դեպքերում հիմք է հանդիսանում դատարան դիմելու համար,  և նրանք պատկերացնում են, թե որտեղ են խախտվել իրենց իրավունքները, վստահ են լինում այն հարցում, որ ունեն իսկապես խախտված իրավունքներ և ավելի ուղղորդված են լինում։

Բայց մենք իրավունքների վերականգնման հարցում չենք միջամտում, նման գործառույթ չունենք։ Մենք փորձում ենք իրազեկել, բայց որևէ մարմնի վրա նման գործառույթ դնել, որ անմիջականորեն աշխատեն գործատուների հետ, իրավունք չունենք։

 

Այսինքն, այս պահին խախտված իրավունքները միայն դատարանո՞վ կարելի է վերականգնել։

– Այս պահին՝ այո՛: Դատարաններից բացի կարող են նաև արհմիությունները զբաղվել։ Մենք ունենք նաև Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին, որը Կառավարության ենթակայության տակ է գործում, և ԱՕ-ի մի շարք նորմեր վերահսկելի են դառնում նրանց կողմից։ Շատ դեպքերում աշխատողները գրություններ են ուղարկում, որտեղ խախտում չկա: Սա ևս լավ է, քանի որ աշխատողը գործատուին ավելի շատ է վստահում՝ իմանալով, որ խախտված իրավունք չունի։

– Վերջին շրջանում ակտիվացել էին զրույցները Հայաստանում բնակվող և աշխատող օտարերկրացիների, հատկապես՝ հնդիկների, տաջիկների աշխատանքային իրավունքների վերաբերյալ: Օտարերկրացիների աշխատանքային իրավունքներն ինչպե՞ս են պաշտպանվում։

– Աշխատանքային օրենսդրության տեսանկյունից մենք որևէ խտրականություն (պայմանավորված ազգությամբ և այլ գործոններով) չունենք: Այն նորմերը, որոնք պահպանվում են ՀՀ քաղաքացու համար, գործատուն պետք է ապահովի նաև օտարերկրացու համար։ Եթե կա համակարգ, բոլորի համար է, եթե կան բացեր, ևս բոլորի համար են, ուստի չկան տարանջատումներ։

– Թափուր աշխատատեղերի վերաբերյալ գործատուի կողմից տեղեկանալուց հետո իրազեկում եք գործազուրկ մարդկանց։ Նշված աշխատանքի անցնելուց հետո հետևո՞ւմ եք նրանց աշխատանքային պայմաններին, այ հարցին, թե արդյոք գործատուի հետ ունեցած հարաբերությունում լինում են խախտումներ։

– Մենք աշխատատեղերի բացման հարցով զբաղվող մարմին չենք, մենք բացված աշխատատեղերը փորձում ենք հնարավորինս համալրել մեզ մոտ գրանցված գործազուրկներով, մեր լիազորություններն այստեղ են։ Իսկ աշխատանքային հարաբերություններում մենք այս պարագայում ևս միջնորդի դեր ենք կատարում։ Կան աշխատատեղեր, որոնք մեզ ներկայացնում են գործատուները, մենք էլ ունենք գործազուրկներին, որոնք պատրաստ են աշխատել, մենք կապն ենք ստեղծում։ Այնտեղ ինչ պայմաններ են ստեղծվում և պահպանվում են թե ոչ, մենք միջամտելու հնարավորություն չունենք։ Եթե պետական ծրագրով է, ապա այլ բան է, որովհետև կնքվում է եռակողմ պայմանագիր։

– Հաճախ հանդիպում ենք հայտարարությունների, որտեղ բարետես արտաքինը, սեռը, տարիքը առաջնային է լինում. որևէ օրենսդրական կարգավորում այս մասով կա՞։

– Եթե չկան մեխանիզմներ, ուրեմն չկան կարգավորումներ։ ԱՕ-ով նշվում է, որ աշխատողի հանդեպ խտրականություն չպիտի լինի՝ մի շարք հանգամանքներով պայմանավորված։ Բայց հայտարարությունների մեջ մինչև աշխատանքի անցնելն է, սրա մասին ևս քննարկումներ ենք ունեցել, բայց վերահսկողություն անելու համար ամբողջական ճանապարհ պետք է անցնել, սա ևս մեր ուշադրության շրջանակից դուրս չի մնալու։

Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on pinterest
Share on email
Close Menu