Չնայած ընդունված է համարել, որ գլոբալիզացիան կլանել է ողջ աշխարհը կամ էլ այդ ճանապարհին է, աշխարհում մի շարք օրինակներ ցույց են տալիս, որ հատկապես տնտեսական գլոբալիզացիան ոչ բոլորի սրտով է և անգամ կան վայրեր, ուր ինքնակազմակերպման միջոցով տեղացիները հետ են բերում այն, ինչ կորցրել են գլոբալիզացիայի արդյունքում: Բազմաթիվ համայնքների օրինակներ կան, ուր ինքնակառավարման մոդելը հիմնվում է տեղացիների համագործակցության վրա և կոոպերատիվ գործելաոճով ապահովում համայնքի ինքնուրույնությունը: Նման օրինակներից է Կոպենհագենի Քրիստիանիան, Էկվադորի Բուեն Վիվիրը, Մեքսիկայի Զապատիստաները:
Ու եթե որոշ դեպքերում նման համայնքները զենքով են պահպանել իրենց ինքնավարությունը, ապա այլուր, ինչպես, օրինակ, Իսպանիայի Մարինալեդա քաղաքում, համայնքի բնակիչները կարողացել են ավելի խաղաղ կերպով, թեև երկարատև պայքարի արդյունքում, պահպանել իրենց տնտեսական անկախությունը: Այս համայնքի ծաղկմանը նպաստել է լքված մասնավոր հողերի վերադարձը հանրությանը, որին հաջորդել է կոոպերատիվի ստեղծումը, ինչն էլ թույլ է տվել մշակել հողերը, իսկ ստացած եկամուտը բաշխել համայնքի կարիքների համար: Մարինալեդայի կենտրոնական գաղափարախոսություններից է հանրային սեփականության պահպանումը, ինչպիսք են հողը, տները և էներգետիկան, ինչպես նաև՝ արտադրողի և սպառողի անմիջական կապը առանց միջնորդների, ինչի հետևանքով մեծ բրենդերի մուտքն արգելված է այս քաղաք: Արդյունքում այստեղ թե՛ գործազրկությունն է փոքր թիվ կազմում, թե՛ աշխատավարձերն են համեմատաբար բարձր տարածաշրջանում, և թե՛ աշխատանքային ժամերն են ավելի քիչ:
Սակայն ինքնակազմակերպման ձևերը համայնքներից բացի նաև աշխատավայրերում են տեղ գտնում: Հունական Vio.me, իտալական Ri-Maflow, Officine Zero, թուրքական Kazova, ֆրանսիական Fralib և La Fabrique du Sud. սրանք բոլորը սեփական աշխատանքի վերագնահատման, սեփական արտադրանքի տնօրինման և եկամուտների արդար բաշխման փորձերի օրինակներ են: Գրեթե բոլոր դեպքերում ամեն ինչ սկսվել է պարտքերի դիմաց գործարանների վաճառքից, աշխատավարձեր չվճարելուց, աշխատանքից ազատելուց, ինչը դրդել է աշխատողներին ընդդիմանալ և ինքնուրույն շարունակել արտադրությունը:
Այսպես, օրինակ, Ստամբուլում գտնվող Կազովա հագուստի արտադրման գործարանում աշխատողները ոչ միայն մի քանի ամիս չէին ստացել աշխատավարձերը, այլև սեփականատերերն անհետացել էին՝ իրենց հետ տանելով ողջ արտադրանքը և վնասելով արտադրամասի մեքենաները: Սկզբում աշխատողները ցույցեր էին անում, սակայն երբ պարզ դարձավ, որ իրենց բացակայության ժամանակ գործարանից գողությունները շարունակվում են, նրանք որոշեցին գրավել գործարանը և օրուգիշեր անցկացնել այնտեղ: Այդ ընթացքում նրանք հարձակման էին ենթարկվում ավազակների կողմից, իսկ ցույցերի ժամանակ՝ ոստիկանության կողմից: Ի վերջո, աշխատակիցներն իրենք են աշխատեցնում գործարանը հին տեխնիկայով, իսկ բավարար գումար հավաքելուց և մյուս մեքենաները վերանորոգելուց հետո մեծացնում արտադրությունը: Ավելին, դատարանը ճանաչեց արտադրամասի մեքենաները որպես աշխատողներին չվճարված աշխատավարձերի փոխհատուցում:
Հունաստանում ևս Vio.me ընկերության աշխատակիցները որոշեցին ինքնուրույն կառավարել իրենց գործարանը մի կողմից՝ երկու տարի աշխատավարձ չստանալու պատճառով, մյուս կողմից էլ՝ ոգեշնչված լինելով արգենտինական օրինակից, երբ 2000-ականներին ճգնաժամը ստիպել էր մոտ 200 գործարանների աշխատողների՝ սեփական ձեռքերը վերցնել արտադրությունը: Շինանյութ արտադրող հունական այս գործարանում աշխատողները, ի սկզբանե գիտակցելով, որ քաղաքական գործիչների և արհեստակցական միությունների հետ փոխհամաձայնության գալը պարզապես լրացուցիչ բյուրոկրատիա և ժամանակի վատնում է, ինքնուրույն վերսկում են իրենց արտադրությունը, այն էլ՝ արտադրելով ոչ թե նախկին ապրանքները, այլև էկոլոգիապես մաքուր տեսականի: Վաճառքը ևս իրականացնում են ինքնուրույն: Ու թեև սկզբում դժվարություններ կային, այնուամենայնիվ, գործարանի աշխատակիցները որոշում են չհանձնվել և ստեղծել իրենց կոոպերատիվը:
Հատկանշական է, որ գրեթե բոլոր դեպքերում գործարաններն ինքնուրույն աշխատացնողները համանման խնդիրների են բախվում, ինչպես, օրինակ, քաղաքական ուժերի և բյուրոկրատական արհմիությունների կողմից աջակցության բացակայությունը, իսկ որոշ դեպքերում անգամ բաց թշնամանքը, ինչպես նաև՝ նախկին սեփականատերերի կամ այլ ձեռնարկատերերի կողմից սաբոտաժները, բացակայող իրավական կարգավորումները, ֆինանսների և անգամ վարկերի անհասանելիությունը: Միևնույն ժամանակ, ընդհանրական է նաև հանրային աջակցությունն ու զորակցությունը, երբ նման նախաձեռնությունները կարողանում են վաճառել իրենց ապրանքները տոնավաճառներում, հանրային միջոցառումներին, որոնք ուղղված են աջակցելու նման շարժումները:
Ընդհանրական են նաև որոշ այլ խնդիրներ, ինչպես, օրինակ, գործարանների վերագործարկումն այլ ոլորտում: Շատ են դեպքերը, երբ գործարանների վերագործարկման կենտրոնական բաղադրիչը լինում է էկոլոգիապես մաքուր գործունեություն սկսելը, ինչպես իտալական օրինակներում, երբ նման գործարանները կենտրոնանում են վերամշակման վրա, կամ հունական գործարանի դեպքում, որը արդյունաբերական սոսինձ արտադրելուց անցնում է էկոլոգիապես մաքուր մաքրման միջոցներ արտադրելուն, կամ ֆրանսիական գործարանների դեպքում, երբ սկսում են օրգանական մաքուր մթերք արտադրել: Ընդ որում, նման փոփոխությունը բխում է թե՛ գործարանների աշխատողների առողջության, և թե՛ բնապահպանական մտահոգություններից:
Ընդհանրական են նաև մի շարք այլ դրական տեղաշարժեր, ինչպես, օրինակ, աշխատավորների շրջանում ժողովրդավարական ոգին, որը ներկա է որոշումներ կայացնելիս: Արդյունքում, նման գործարաններում բացակայում է միջնորդավորվածությունը, ինչը ոչ միայն հակակշիռ է կապիտալիստական հարաբերություններին, այլև ներկայացուցչական ժողովրդավարությանը: Որպես կանոն, հիերարխիկ հարաբերությունները արտացոլված են լինում միայն թղթաբանության մեջ, մինչդեռ իրական փոխհարաբերություններում դրանք ևս բացակայում են:
Ինքնակազմակերպման վերոնշյալ օրինակները աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների միայն մի մասն են կազմում: Տարբեր երկրներում նաև փորձարկվում են ինքնակազմակերպման այլ տարբերակներ. որոշ գործատուներ ինքնուրույն փորձարկում են կարճ աշխատանքային օրվա տարբերակը, ինչի մասին անդրադարձել ենք այստեղ, այլ երկրներ փորձարկում են բոլորին բազային եկամուտ տրամադրելու գաղափարը, որին անդրադարձել ենք այստեղ:
Ինքնակազմակերպման տարբերակներից են նաև հանրային տարածքների պահպանման համար շարժումները, տնտեսության կանաչ զարգացման համար համայնքների ինքնակազմակերպումը կոլեկտիվ հանրագրերի միջոցով, և այլն:
Ավելին կարդալու/դիտելու համար.
Ֆրանսիական գործարանն ընդդեմ տնտեսական ճնշմանը
Կազովա. թուրքական գործարանը աշխատավորների ղեակավարման ներքո
Officine Zero. համատեղ աշխատանքի նոր ձևեր փորձարկելով