Մի քանի տարի անց, կանխատեսոումների[1] համաձայն, աշխատաշուկայում ռոբոտոցման արդյունքում կվերանան մի շարք մասնագիտություններ: Չնայած այդ ամենին, ստեղծարար մարդկանց գաղափարները և ստեղծարար արդյունաբերությունը լինելու են պահանջված:
4-րդ արդյունաբերական հեղափոխության կենտրոնում ստեղծարար մարդն է, ու որքան էլ պարադոսքալ է, ռոբոտացմանը զուգընթաց առաջնային են ներդրումները մարդկային կապիտալի ձևավորման և զարգացման մեջ: Համաշխարհային մակարդակում և Հայաստանում ևս այս միտումները զգալի են: Այդ մասին է վկայում մեր երկրում բարձր որակավորում ունեցող ծրագրավորողների պահանջարկը, ինժեներների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այլ մասնագետների խոշոր խմբի ձևավորումը, մի քանի տարում նմանատիպ կազմակերպությունների թվի աճը[2]:
Ընդհանուր առմամբ, ստեղծարար արդյունաբերությունը միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը չէ, ինչպես ընդունված է համարել: Օրինակ, բրիտանական մոդելում առանձնացվում են ստեղծարար արդյունաբերության հետևյալ ոլորտները.
- Գովազդ և շուկայագիտություն,
- Ճարտարապետություն,
- Արհեստներ,
- Դիզայն, նախագծման աշխատանքներ,
- Ֆիլմեր, հեռուստատեսություն, վիդեո, ռադիո, լուսանկարչություն,
- ՏՏ, ծրագրային ապահովման և համակարգչային ծառայություններ,
- Հրատարակչական գործունեություն,
- Թանգարաններ, պատկերասրահներ և գրադարաններ,
- Երաժշտություն, կատարողական արվեստ և կերպարվեստ[3]:
Ստեղծարար արդյունաբերության զարգացման 5 կարևոր բաղադրիչներ են առանձնացվում, ընդ որում, դրանց համակցված զարգացումն է ձևավորում ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգը: Դրանք են.
- Մշակված քաղաքականություն՝ ներառյալ շահերի պաշտպանություն, մասնագիտական ցանցերի ու ասոցիացիաների գործունեություն
- Կազմակերպական ներուժի ամրապնդում հատուկ կրթական միջոցառումների և ցկյանս կրթության միջոցով
- Ինկուբատորների և աքսելերատորների աշխատանք
- Կլաստերների ստեղծում
- Միջազգայնացում՝ կողմնորոշում դեպի գլոբալ աշխարհը:
Այս բաղադրիչներն ապահովում են ստեղծարար միջավայրի կայունությունը: Մեծ Բրիտանիան այն դասագրքային օրինակն է, որտեղ այս 5 բաղադրիչները համակցված զարգանում են արդեն 20 տարուց ավելի: Այստեղ առաջինն են քարտեզագրել ստեղծարար ոլորտի ներուժը և դրա հիման վրա մշակել են Կառավարության ծրագիր, որում ներառել են այն բոլոր պայմանների ստեղծումը, որոնք անհրաժեշտ են այդ ներուժի զարգացման և տարածման համար: Այս մոդելը հիմք ընդունելով են զարգանում նաև Հոնկոնգը, Սինգապուրը:
Հայաստանում քաղաքականության մակարդակում ստեղծարարությունը 2019 թվականից Կառավարության ծրագրով հայտարարվել է գերակա ուղղություն: Կառավարության ծրագրում որպես գերակա ուղղություն է սահմանված մրցունակ, մասնակցային, ներառական տնտեսությունը, որի շրջանակներում կարևորվում է ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը մեր երկրում: Սակայն այս առումով համակարգված և ռազմավարական մոտեցումները դեռ բացակայում են: Բացի այդ, Հայաստանը Եվրոպական միության Ստեղծարար Եվրոպա ծրագրի մասնակից երկրներից է: Ծրագիրը մշակութային, ստեղծարարական և աուդիո-վիզուալ ոլորտների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում ընդգրկվել Եվրոպական հարևանների հետ միասին համատեղ ստեղծագործելու և արտադրելու գործում:
Ստեղծարար արդյունաբերությունը մի քանի ստեղծարար ոլորտների համակցված գործունեությունն է, հետևաբար կարևոր է այդ ոլորտների միջև երկխոսության առկայությունը, միմյանց ճանաչելը, փոխադարձ վստահության ձևավորումը: Դրանում իրենց զգալի դերն ունեն ստեղծարար հանգույցները: Հայաստանում կան ստեղծարար կենտրոններ, որոնք հիմնականում մասնավոր նախաձեռնություններ են և պետական աջակցությունը բացակայում է: Այդ կենտրոնները հիմնականում գործարար համայնքի համար են, իրենց կազմում ունեն լաբորատորիաներ, դրանք առաջարկում են աշխատանքային տարածքներ, գրասենյակներ, անց են կացնում դասընթացներ, քննարկումներ, ծրագրավորողների մասնակցությամբ մրցույթներ: Սրանք նոր աշխատանքային տարածքներ են ամբողջ աշխարհում և Հայաստանում, և նպաստում են տարբեր ոլորտներում աշխատող մարդկանց միջև համագործակցությանը, նրանց ոլորտների միջև սահմանների վերացմանը:
Վերջին ժամանակներում Երևանի կենտրոնում կարելի է հանդիպել հին, բայց նոր շունչ ստացած շենքերի, որոնք նախատեսված են մասնագիտական համայնքների հանդիպումների, (օրինակ նկարիչների համար), աշխատելու, գիտելիքների փոխանակման և փոխանցման համար:
Երևանում, Երևանից դուրս՝ Դիլիջանում և Գյումրիում, քաղաքամերձ վայրերում ստեղծվել են տարածքներ, որտեղ գեներացված է Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիական համայնքի ներուժը:
Կան նաև այնպիսի տարածքներ, որոնք ներառում են համատեղ օգտագործման աշխատանքային տարածքներ, ինկուբատորներ, արտադրական լաբորատորիաներ և քաղաքային լաբորատորիաներ, սակայն դրանք հիմնականում նախատեսված են ՏՏ համայնքի մասնագետների համար:
Առհասարակ, ստեղծարար ոլորտի մասնագետները հավաքվում են մշակույթի, փորձի, տեսակետների փոխանակման համար և նման միջավայրում խրախուսվում է համագործակցությունը, հաղորդակցությունը, շփումը ինչպես ոլորտի մասնագետների միջև, այնպես էլ դրանից դուրս: Սա զարգացման կարևոր նախապայման է: Ընդհանուր միջավայրում տեխնիկական գիտելիքներով և ռեսուրսներով կիսվելն օգնում է հաղթահարել հմտությունների մասով բացերը:
Երևանում կան հին շենքեր, որոնց ներուժը բավարար չափով չի օգտագործվում: Օրինակ, Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի արժեքը ժամանակին այնքան պարզ չի եղել քաղաքային իշխանությունների համար, որ այն որոշել են քանդել, բայց դիմադրության արդյունքում որոշումը կասեցվել է: 2018թ. ամռանը Թումոն սկիզբ դրեց «Գրավելով Ամառային դահլիճը» միջոցառումների շարքին, որի շրջանակներում դահլիճն ազատ հարթակ էր տարբեր մշակութային միջոցառումների իրականացման համար. համերգներ, ներկայացումներ և կինոցուցադրություններ: Այդ միջոցառումներով վերականգնվեց դահլիճի մշակութային կյանքը: Սակայն, ցավոք, դա սեզոնային բնույթ է կրում:
Ստեղծարար միջավայրերի ներուժի բացահայտման և զարգացման համար անհրաժեշտ է, որ իշխանությունները գիտակցեն ստեղծարար մարդկանց համար աշխատանքային նոր վայրերի անհրաժեշտությունը ու կիրառեն ստեղծարար մարդկանց ներուժը՝ հատկապես քաղաքի հին վայրերը վերականգնելու և դրանք վերաիմաստավորելու համար: Մյուս կողմից, նման նախաձեռնությունները պետք է առաջ գան նաև մասնագիտական համայնքների կողմից, քանի որ ներկա ժամանակներում, երբ պետական մակարդակում բացակայում է ստեղծարարության խթանման ռազմավարական մոտեցումը, կարիք կա ստեղծարարության՝ որպես արդյունաբերական ոլորտի մասին իրազեկման:
Ստեղծարար հանգույցները կարող են որպես միջնորդ հիմք դառնալ ստեղծարար մարդկանց ի հայտ գալու համար, ինչպես նաև՝ զարգացնել ստեղծարար մարդկանց սեփական ձեռքբերումներն ու սոցիալական կապիտալը: Ասվածի օրինակ է Երևանում Ad libitum ազատ արվեստակիր ուսանողների նախաձեռնությունը, որը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նկուղը ցուցասրահի է վերածվել՝ այն դարձնելով հայաստանյան 10 բուհերի ստեղծագործող ուսանողների աշխատանքների ցուցադրման վայր։ Բացի այդ, Երևանում կան մի շարք նախագծեր, որոնք վերաիմաստավորված են և դարձել են ինքնադրսևորման հարթակներ բազմաթիվ ստեղծարար երիտասարդների համար: Օրինակ, Կոնդ հաուսը, Նոր արվեստանոցը, Միրզոյան գրադարանը: Սրանք հին երևանյան կառույցներ են, որոնք ստեղծարար գործունեություն իրականացնող մարդկանց համար դարձել են աշխատելու, ստեղծագործելու միջավայր, բազմաթիվ մարդկանց ծանոթացնում են արվեստի հետ, մասնակից են դարձնում նաև նրանց համատեղ ստեղծագործելու, ինչպես նաև՝ ժամանցի կազմակերպման աշխատանքներում:
Բրիտանացի ուրբանիստ Չարզ Լենդրին ‹‹Ստեղծարար քաղաք››[4] գրքում նշում է, որ ստեղծագործելու միջավայրերն են թույլ տալիս, որ քաղաքներում մարդիկ արձագանքեն փոփոխություններին, ձևափոխեն ավանդական մոտեցումը պաշարների բաշխման ու կառավարման նկատմամբ, կիրառեն տեխնոլոգիական նորամուծություններ և բացահայտեն մշակութային ժառանգությունը:
Ստեղծարարության խրախուսման համար անհրաժեշտ է նաև, որ մշակութային հաստատությունների ղեկավարները մշակեն հաղորդակցության ռազմավարություններ տարբեր ոլորտների, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ համատեղ գործունեություն ծավալելու համար: Մշակութային հաստատությունները պետք է աշխատանք իրականացնեն նոր թիրախ լսարանների ներգրավման համար, ինչպես նաև՝ ստեղծարար տարբեր ոլորտների մարդկանց հետ հարաբերություններ ձևավորեն:
Հաջորդ կարևոր քայլը ձեռնարկատիրական հմտությունների և կրթության ոլորտում ստեղծարարության խթանումն է: Եթե հաշվի առնենք, թե ինչպես են երիտասարդներն ընտրում մասնագիտություն, ինչպես են նրանք ադապտացվում աշխատանքի շուկայում, ակնհայտ է դառնում, որ երիտասարդի ստեղծարարությունը ոչ միայն չի գտնում իր իրացման շուկան, այլև չի խրախուսվում կրթական համակարգում, չի դառնում մարդու կապիտալի մաս:
Արդյունաբերական հեղափոխությունը ենթադրում է, որ կրթական հաստատությունները՝ դպրոցական ու բուհական կրթական համակարգը, պետք է ճկուն, և ձեռնարկատիրական ուղղվածության ծրագրերով առաջնորդվեն: Կրթական բոլոր մակարդակներում պետք է ներառված լինի մշակութային կյանքին մասնակցությունը և ստեղծարար մտածողության, հմտությունների զարգացումը:
Ձեռնարկատիրական կրթության ներդնումը հատկապես մարզերում առաջնային է մարզերի հիմնախնդիրների լուծման համար: Հայաստանում այսօր արդիական է սոցիալական ձեռնարկատիրությունների հիմնումը, որոնց մեջ գերակշռում են տարբեր ոլորտներում աշխատանքի ստեղծարար լուծումները։ Սոցիալական ձեռնարկատիրության առանձնահատկությունն այն է, որ բիզնես մոդելի հիմքում ընկած է եկամտի բաշխումը համայնքային կարիքները լուծելու համար՝ սոցիալական ազդեցություն ապահովելու նպատակով[5]: Այս առումով, մարզերում կարելի է ներդնել կրթական այնպիսի ծրագիր, որը սոցիալական ձեռնարկատիրության ստեղծման միտում կունենա: Դա ոչ միայն սովորողների ձեռնարկատիրական հմտությունների զարգացման գրավական է, այլև սոցիալական խնդիրները լուծելու սկիզբ կարող է դառնալ:
3․ http://www.nesta.org.uk/sites/default/files/creative_economy_employment_in_the_uk_and_the_eu_v8.pdf Nathan M., Pratt A., Rincon-Aznar A., “Creative economy employment in the EU and the UK. A comparative analysis
4․ The creative city, Charles Landry and Franco Bianchini