Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում, քրեական արդարադատությունը պատժիչ բնույթ է կրում, որի առանցքը հանցանքները հայտնաբերելը և հանցագործություն կատարած անձանց պատժի ենթարկելն է։ Նման մոտեցումը, սակայն, ազատազրկման դատապարտված անձին մեկուսացնում է հասարակությունից և նվազեցնում վերաինտեգրման հնարավորությունները։ Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներ անցում են կատարում վերականգնողական արդարադատությանը, որն այլընտրանք է ավանդական պատժողական համակարգին և որի հիմնական գաղափարը իրավախախտների վերականգնումն ու վերաինտեգրումն է:
Ազատազրկումը, առավել ևս՝ երկարաժամկետ, բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի վրա: Անձը կորցնում է սոցիալական հմտությունները և կապերը ընտանիքի ու հասարակության հետ, դուրս է մնում աշխատաշուկայից և տնտեսական գործունեությունից: Դա հանգեցնում է փորձի, մասնագիտական հմտությունների ու կարողությունների կորստի, նվազեցնում է աշխատանք ունենալու կամ պատիժը կրելուց հետո այն ձեռք բերելու հնարավորությունը: Այդ ամենն իր բացասական հետևանքներն է ունենում ազատազրկված անձի և նրա ընտանիքի եկամտի ու նյութական բարեկեցության վրա: Ազատազրկված անձանց համար պատժի կրման հենց սկզբից հատուկ կրթական ծրագրեր, մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներ, զբաղվածության ապահովման միջոցառումներ, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանն ուղղված համակարգային և շարունակական մեխանիզմներ մշակելով և կիրառելով՝ պետությունը նպաստում է նրանց՝ պահանջարկ ունեցող մասնագիտություն և կայուն եկամուտ ունենալուն, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը և, ի վերջո, կրկնահանցագործության ռիսկի նվազեցմանը[1]։
Դատապարտյալների սոցիալական վերականգնման, վերաինտեգրման, ինչպես նաև ազատ արձակմանը նախապատրաստելու տեսանկյունից կարևոր է նրանց կրթությամբ և զբաղվածությամբ ապահովելը ինչպես պատժի կրման ընթացքում, այնպես էլ հետո: Դրա երաշխիքների ստեղծման անհրաժեշտությունն ամրագրված է միջազգային մի շարք իրավական փաստաթղթերում. Եվրոպայի խորհրդի Բանտային կանոնները, ՄԱԿ-ի Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի համապատասխան նորմերը, և այլն[2]։ Նվազագույն բանտային կանոնները սահմանում են, որ ազատազրկման դատապարտելու նպատակը հասարակության պաշտպանությունը և հանցագործությունների կանխումն է: Իսկ այդ նպատակներին կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե ազատազրկման ժամկետն ավարտելով և հասարակության մեջ կանոնավոր կյանքի վերադառնալով՝ իրավախախտը ոչ միայն պատրաստ, այլև ունակ կլինի ենթարկվել օրենսդրությանը և ապահովելիր գոյությունը: Ուստի հատկապես ազատազրկման դատապարտված անձանց հետ վարվեցողության ընթացքում պետք է նրանց մեջ օրենքներին ենթարկվելու և ազատվելուց հետո սեփական գոյությունն ապահովելու ձգտում ձևավորել՝ ձեռնարկելով անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ներառյալ ուսուցումը, մասնագիտական պատրաստումն ու կողմնորոշումը, աշխատանքի տեղավորման բնագավառում խորհրդատվությունը[3]:
Հայաստանի կառավարությունը ևս բազմիցս այն դիրքորոշումն է հայտնել, որ քրեակատարողական համակարգում իրավիճակը բարելավելու և ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար կարևոր նշանակություն ունեն վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդնումը և վերասոցիալականացման գործուն համակարգի կայացումը։ Դրանով էր պայմանավորված, որ «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագրով»[4] նախատեսված միջոցառումների շրջանակում ընդունվեց «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը և սկսեց գործել ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայությունը: Վերականգնողական արդարադատության սկզբունքներն ամրագրված են նաև ՀՀ Կառավարության 2019 թվականի ծրագրում[5], որով նախատեսվում է քայլեր ձեռնարկել այլընտրանքային պատիժների և խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական երաշխիքներ և գործնական մեխանիզմներ նախատեսելու, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
Սոցիալական վերականգնման և պատժից ազատման նախապատրաստման համար երաշխիքներ են սահմանված նաև ՀՀ ներպետական օրենսդրությամբ։ Այսպես, ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է, որ պատժի նպատակը սոցիալական արդարությունը վերականգնելը, պատժի ենթարկված անձին ուղղելը և հանցագործությունները կանխելն է: ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 16-րդ հոդվածը սահմանում է, որ դատապարտյալի ուղղումը մարդու, հասարակության, համակեցության կանոնների և ավանդույթների նկատմամբ դատապարտյալի հարգալից վերաբերմունքի ձևավորումն է, ինչպես նաև վերջիններիս օրինապահ վարքագծի խթանումը՝ դատապարտյալի մոտ առողջ կենսակերպի ամրապնդման և զարգացման նպատակով: Ուղղման միջոցների մեջ կարևոր տեղ են զբաղեցնում դատապարտյալի հետ տարվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները, դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական և նման այլ զբաղվածությունը: ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 85-91-րդ հոդվածները սահմանում են դատապարտյալի աշխատանքին, կրթությանը, ինչպես նաև մշակութային, լուսավորչական, կրոնական և մարզական միջոցառումներին մասնակցելուն առնչվող հարցերը, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման[6] համապատասխան ընթացակարգերով։
ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հուլիսի 13-ի թիվ 279-Ն հրամանի համաձայն[7], դատապարտյալների հետ իրականացվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները կազմակերպվում են երեք փուլով՝ նախնական, ընթացիկ և ավարտական։ Ավարտական փուլը սկսվում է դատապարտյալի՝ պատիժը լրիվ կրելու ժամկետից 6 ամիս առաջ և ավարտվում է պատժի կրումից ազատվելով: ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 121-րդ հոդվածով և նշված հրամանով սահմանված ընթացակարգով, դատապարտյալի դիմումի հիման վրա՝ հիմնարկի վարչակազմը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին և աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններին տեղեկացնում է նրա՝ պատժից առաջիկա ազատվելու և աշխատանք փնտրելու մասին։ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ազատազրկման վայրերից վերադարձած անձինք համարվում են աշխատաշուկայում անմրցունակ և հաշվառվում են զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից՝ իրավունք ստանալով ընդգրկվելու ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում:
Չնայած ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքներին, պարբերաբար արձանագրվում են դատապարտյալներին աշխատանքով և զբաղվածության այլ միջոցներով ապահովելու հետ կապված խնդիրներ ինչպես պատժի կրման ընթացքում, այնպես էլ՝ հետո:
Այսպես, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տրամադրած տվյալների համաձայն, 2018 թվականին քրեակատարողական հիմնարկներում վարձատրվող աշխատանքներում ընդգրկված են եղել 360 դատապարտյալ. նույն ժամանակահատվածում դատապարտյալների ընդհանուր թվի 11.7%-ը։ Իրենց համաձայնությամբ ուղղիչ հիմնարկների կամ դրանց հարող տարածքների բարեկարգման չվարձատրվող աշխատանքներում ներգրավվել են 203 դատապարտյալ. նույն ժամանակահատվածում դատապարտյալների ընդհանուր թվի 6.6%-ը։
Վարձատրվող աշխատանքներում ներգրավված 360 դատապարտյալից 211-ը կատարել են հիմնարկների տեխնիկատնտեսական սպասարկման վարձատրվող աշխատանքներ, 89 դատապարտյալ պայմանագրային հիմունքներով աշխատել են «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում, իսկ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող 60 դատապարտյալ աշխատել է հիմնարկի սահմաններից դուրս՝ այլ գործատուի մոտ։ Վարձատրվող աշխատանքներում ընդգրկվելու դեպքում կնքվել է աշխատանքային պայմանագիր, իսկ վարձատրությունը սահմանվել է նվազագույն աշխատավարձի չափով։ Նշված աշխատանքներում չեն ընդգրկվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալները։
Վիճակագրությունն, այսպիսով, վկայում է, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին աշխատանքով ապահովելու ցուցանիշը բավարար չէ։ Նույն խնդիրը արձանագրվել է նաև 2017 թվականին, երբ քրեակատարողական հիմնարկներում տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում վճարովի հիմունքներով ընդգրկված է եղել 201 դատապարտյալ, իսկ իրենց համաձայնությամբ չվարձատրվող աշխատանքներում՝ 238, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում ազատությունից զրկված անձանց թիվը եղել է 3549: Ստացվում է, որ աշխատանքներում ներգրավված է եղել ազատությունից զրկված անձանց մոտ 12 %-ը[8]։
Ազատազրկված անձանց զբաղվածության ապահովման և ազատ ժամանակի արդյունավետ օգտագործման համար քրեակատարողական հիմնարկները մշտապես համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում։ 2018 թվականին, օրինակ, քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են մարզական 116 (մասնակցել են 1400 անձ), լուսավորչական 19 (մասնակցել են 390 անձ) և մշակութային 17 (մասնակցել են 899 անձ) միջոցառումներ։ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը մի շարք դասընթացներ է իրականացրել «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում։ «Աբովյան» ՔԿՀ-ում դասընթացներ են կազմակերպել նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կայքից տեղեկանում ենք, որ 2017 թվականին միջոցառումներ են կազմակերպվել «Արմավիր», «Աբովյան» և «Կոշ» ՔԿՀ-ներում[9]: Այս պարագայում էլ խնդիրն այն է, որ ոչ բոլոր հիմնարկներում են իրականացվում նմանատիպ միջոցառումներ, իսկ կազմակերպված միջոցառումները կամ դասընթացները կարճաժամկետ են և շարունակական կամ պարբերական բնույթ չեն կրում։
Դատապարտյալի ազատ ժամանակն արդյունավետ տնօրինելու համար քրեակատարողական հիմնարկը, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն, համապատասխան պայմաններ է ապահովում՝ այդ նպատակով հիմնարկում գրադարան, ընթերցարան, մարզասրահ կամ ժամանցի այլ վայրեր ստեղծելով: Սակայն Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է, որ 2018 թվականին «Հրազդան» ՔԿՀ-ի գրադարանը ընթերցասրահ չի ունեցել, և ազատությունից զրկված անձինք գրքերը կարդացել են խցերում: Գրադարանի գրքերից օգտվող ազատությունից զրկված անձանց թիվը ևս մեծ չէ: Նմանատիպ խնդիր արձանագրվել է նաև «Աբովյան» ՔԿՀ-ում, որտեղ ազատությունից զրկված անձինք գրադարանից չեն օգտվել նոր և իրենց համար հետաքրքիր գրքերի բացակայության պատճառով[10]:
Մարդու իրավունքների պաշտպանը նաև արձանագրել է, որ քրեակատարողական հիմնարկներում բավարար միջոցներ չեն ձեռնարկվում ազատությունից զրկված անձանց մարմնամարզությամբ զբաղվելու իրավունքի ապահովման համար։ Օրինակ, 2018 թվականին «Վանաձոր» ՔԿՀ-ում գործել է միայն մեկ մարզական խմբակ, որում ներգրավված են եղել ոչ ավելի, քան 5-10 ազատությունից զրկված անձ: «Հրազդան» ՔԿՀ-ի 2-րդ մասնաշենքում տեղակայված միակ մարզադահլիճից օգտվել են ազատությունից զրկված խիստ սակավաթիվ անձինք, այն էլ՝ միայն զբոսանքի համար հատկացված ժամերին[11]:
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 89-90 հոդվածների համաձայն՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դատապարտյալների հիմնական և հեռակա բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթությունը և մասնագիտական ուսուցումը կազմակերպելու համար։ Կարող է կազմակերպվել նաև դատապարտյալի նախնական մասնագիտական՝ արհեստագործական կրթությունը, որի նպատակն է պահպանել կամ բարելավել դատապարտյալի՝ պատժից ազատվելուց հետո ապրուստի միջոց վաստակելու ունակությունները։
Այս ուղղությամբ ևս քայլեր ձեռնարկվել են քրեակատարողական հիմնարկներում։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կայքից տեղեկանում ենք, որ «Աբովյան» ՔԿՀ-ում գործող Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական ուսումնարանը դատապարտյալների համար իրականացնում է մասնագիտական ուսուցում՝ համակարգչի շահագործում, որում 2016-2017թթ․ ուսումնական տարում ընդգրկված է եղել 10 կին դատապարտյալ (9-ը ստացել են ավարտական վկայականներ)[12]: 2018 թվականին իրացվել է 138 դատապարտյալի կրթական իրավունքը (2017թ.՝ 108), այդ թվում՝ 47 հանրակրթական, մասնագիտական՝ 84, բարձրագույն և հետբուհական՝ 7 (2017թ.՝ 54 հանրակրթական, մասնագիտական՝ 46, բարձրագույն և հետբուհական՝ 8)[13]: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն, «Արթիկի երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ում կրթությունը շարունակելու նպատակով 2018 թվականին ընդգրկվել է 47 անձ։
Սակայն ազատազրկված անձանց կրթությամբ և մասնագիտական վերապատրաստման միջոցներով ապահովելու հարցում ևս պետությունը թերացել է կատարել իր պարտավորությունները։ Այսպես, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը «Աբովյան» ՔԿՀ կատարած այցի արդյունքում պարզել է, որ 2017 թվականին ՔԿՀ-ի կրթական կենտրոնը փակվել է, և ՔԿՀ-ում պահվող 5 անչափահաս ազատազրկված անձինք (այցելության պահին այդքան է եղել նրանց թիվը), որոնք ունեն 8-րդ և 9-րդ դասարանի կրթություն, զրկվել են կրթություն ստանալու հնարավորությունից[14]։ Արձանագրված խնդրի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է, որ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018թ. մարտի 21-ի թիվ 205-Ա/2 և 251 Ա/2 հրամաններով ստացել է հանրակրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաներ։ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018թ. հոկտեմբերի 19-ի թիվ 1398-Ա/2 հրամանով հաստատվել են ՊՈԱԿ-ի կողմից մշակված ուսումնական պլանները (այլընտրանքային/հեղինակային/կրթական ծրագիր) և ազատազրկված անձանց հանրակրթությունը կիրականացվի ՊՈԱԿ-ին անհրաժեշտ ֆինանսավորումը հատկացվելուց հետո[15]:
Ինչպես նշել էինք վերևում, ազատազրկման ձևով պատիժ կրող այն անձինք, որոնց պատժի կրման ավարտին մնացել է մինչև 6 ամիս, և որոնք, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվում են զբաղվածության տարածքային կենտրոնում, իրավունք ունեն ընդգրկվելու ամենամսյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում: 2018 թվականին նշված անձանց մասնագիտական ուսուցման պետական ծրագրում ընդգրկելու աշխատանքները կազմակերպելու նպատակով Զբաղվածության պետական գործակալությունը ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ քրեակատարողական հիմնարկներից ստացել է տեղեկատվություն այդ ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց, նրանց նախընտրած դասընթացների և անհրաժեշտ այլ տվյալների վերաբերյալ: Նրանք հիմնականում ցանկություն են հայտնել անցնել մասնագիտական ուսուցում ավտոփականագործ, ծեփագործ, փայտամշակում, կոշկակարություն, խոհարարություն, դիմահարդար, ավտոէլեկտրիկ, ոսկերիչ մասնագիտություններով: Եղել են նաև անձինք, որոնք ցանկություն են հայտնել մասնագիտանալ որպես ինժեներ-տեխնոլոգներ և մանկավարժներ: Ստացված տեղեկատվության հիման վրա զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետները քրեակատարողական հիմնարկներում փորձել են հանդիպել ցուցակում ներառված անձանց հետ: Սակայն այցի ընթացքում արձանագրվել է, որ նրանցից մի մասի պատժի ժամկետը երկարացված է եղել, մի մասը պատիժը կրելուց հետո արդեն ազատության մեջ է եղել, իսկ որոշներն էլ չեն ցանկացել հանդիպել մասնագետների հետ:
Մասնագիտական ուսուցումն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով ընտրված կազմակերպության կողմից և այն մասնագիտությունների գծով, որոնք ենթադրում են կարճաժամկետ դասընթացներ: Զբաղվածության գործակալությունը ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշման հավելված թիվ 11-ով սահմանված ընթացակարգին համաձայն, կազմակերպել է մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման գործընթացի իրականացումը հաշվապահ, փայտյա գեղարվեստական իրեր պատրաստող, ծեփագործ, ավտոփականագործ, համակարգչային օպերատոր, կոշկակար, խոհարար, դիմահարդար, տեխնիկ-մեխանիկ, խառատ և կահույքագործ մասնագիտությունների գծով՝ 29 անձի համար: Գնման ներկայացված հայտում ընդգրկված անձանցից 13-ը եղել են «Կոշ», 7-ը՝ «Արմավիր», 2-ը՝ «Գորիս» ՔԿՀ-ներից: Սակայն Զբաղվածության պետական գործակալության տրամադրած պարզաբանումից տեղեկանում ենք, որ մասնագիտական ուսուցումը չի իրականացվել, քանի որ գնման գործընթացին ուսուցման ծառայություններ մատուցող որևէ կազմակերպություն չի մասնակցել։
Քրեակատարողական հիմնարկներում կրթության, աշխատանքի և զբաղվածության այլ միջոցների արդյունավետ կազմակերպման բացակայության պայմաններում չի գործում նաև խրախուսանքների ինստիտուտը։ 2018 թվականին, օրինակ, խրախուսանքի է արժանացել 56 ազատազրկված անձ, իսկ 2017 թվականին՝ 73։ Այսինքն, 2018-ին խրախուսանքի արժանացած ազատազրկված անձանց թիվը նվազել է 17-ով։ Մինչդեռ անհամեմատ ավելի մեծ է կարգապահական տույժերի ենթարկված ազատազրկված անձանց թիվը՝ 1561 և 1699՝ համապատասխանաբար 2018 և 2017 թվականներին[16]։
Այսպիսով, ակնհայտ է, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների վերասոցիալականացման ուղղությամբ բավարար աշխատանքներ չեն իրականացվում։ Իսկ արդեն ազատության մեջ հայտնվելով՝ նրանք մեծամասամբ դուրս են մնում աշխատաշուկայից սոցիալական կարիքների բավարարման, այդ թվում՝ աշխատանքի հարցում համապատասխան աջակցություն բացակայության պատճառով։
Ի լրումն անավարտ կրթության, ոչ բավարար մասնագիտական հմտությունների, աշխատանքային փորձի և մոտիվացիայի պակասի, նախկին դատապարտյալների վերաինտեգրմանը խոչընդոտում են մի շարք գործոններ ևս։ Դրանք են՝ հասարակության և գործատուների կողմից խտրական վերաբերմունքը և պիտակավորումը, համապատասխան պետական մարմինների կողմից տրամադրվող ոչ բավարար աջակցությունը, սոցիալական, կրթական և այլ ծառայությունների ուղղորդման համակարգի և միջգերատեսչական համագործակցության բացակայությունը, և այլն[17]:
Ցավոք, դատապարտյալների և նախկին դատապարտյալների զբաղվածության վերաբերյալ հավաստի տվյալներ հասանելի չեն, քանի որ ՀՀ Վիճակագրական կոմիտեն տարեկան հետազոտությունների մեջ չի ներառում տեղեկատվություն ազատազրկվածների վերաբերյալ: Հայաստանի բնակչության վերաբերյալ տարաբաշխված տվյալներ պատրաստելիս նախկինում դատվածություն ունենալու փաստը նույնպես հաշվի չի առնվում[18]: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանցագործություն կատարած անձանց զբաղվածության ցուցանիշները և նրանց եկամուտը ցածր են, իսկ կրկնահանցագործների դեպքում զբաղվածության ցուցանիշները դատվածությունների միջև ընկած ժամանակահատվածում ավելի ցածր են, քան մինչ առաջին ազատազրկումը[19]:
Որպես հավելում՝ նշենք, որ 2018 թվականի ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 11,2%-ով կամ 2267 դեպքով (2017թ.՝ 20.284, 2018թ.՝ 22.551)[20] ։ Իսկ ՀՀ ոստիկանության տարածած տեղեկատվության[21] համաձայն, 2018 թվականին Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներմամբ ազատ արձակված 581 անձանցից 30-ը, ազատության մեջ գտնվելով, կատարել են 42 հանցագործություն՝ 1 կողոպուտ, 28 գողություն (որից 10-ը՝ բնակարանային): Ճիշտ է, ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին՝ համաներման հիմքով պատժից ազատված անձանց վերասոցիալականացման գործընթացի շարունակականությունն ապահովելու և, ըստ այդմ, կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով: Իսկ համաներման հիմքով պատժից ազատված այն անձանց, որոնք ունեն սոցիալական, այդ թվում՝ զբաղվածությանն առնչվող խնդիրներ, կոչ էր արել դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին, այդ թվում՝ սոցիալական ապահովության տարածքային կենտրոններին և զբաղվածության տարածքային կենտրոններին[22]: Սակայն արդարադատության նախարարության հայտարարությունը չենք կարող դիտարկել իբրև կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելուն կամ վերասոցիալականացմանը ուղղված համալիր միջոցառում։
Թեև պրոբացիայի շահառուները ազատության մեջ են և չունեն այն սահմանափակումները, ինչ բանտում գտնվող անձինք, սակայն աշխատանքի տեղավորվելիս բախվում են գրեթե նույն խնդիրներին, ինչ նախկին ազատազրկվածները։ Չկան արդյունավետ միջոցներ՝ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու այն դատապարտյալների հետ, ում նկատմամբ կիրառվել է այլընտրանքային պատժատեսակ, պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ հետաձգվել է։ Այս հարցը շատ կարևոր է նաև այն դատապարտյալների համար, որոնք պատիժ են կրում բաց ուղղիչ հիմնարկում և քրեակատարողական հիմնարկից դուրս աշխատելու իրավունք ունեն, սակայն աշխատանք գտնելու հարցում որևէ աջակցություն չեն ստանում[23]։
Այսպիսով, առկա խնդիրների ուսումնասիրությունից կարող ենք եզրակացնել, որ դատապարտյալների սոցիալական վերականգնման և վերաինտեգրման հարցերը պետությունը միայն օրենսդրական մակարդակում է կարգավորում։ Մինչդեռ կարծում ենք, որ ժամանակն է օրենսդրական կարգավորումներից և հռչակագրային ձևակերպումներից անցնել գործուն քայլերի՝ մշակելով և կյանքի կոչելով այնպիսի ծրագրեր, որոնք իրապես կնպաստեն ազատազրկված անձանց զբաղվածության ապահովմանը և ըստ այդմ՝ արդյունավետ վերասոցիալականացմանը և վերաինտեգրմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը և կրկնահանցագործությունների նվազեցմանը։
[1] «Հայաստանում հանցավորությանը և կրկնահանցագործությանը նպաստող գործոնների որակական և քանակական հետազոտություն», Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, Երևան, 2014 թվական, http://bit.do/feupa, էջեր 9-10:
[2] Տե՛ս ցանկը Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կայքէջում, http://bit.do/feupn:
[3] «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններ», http://bit.do/feupx, տե՛ս Կանոններ 58-61:
[4] «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի կարգադրություն, http://bit.do/feuqw, տե՛ս 4․3․1 – 4․3․2:
[5] «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշում, http://bit.do/feuqP, տե՛ս էջ 27:
[6] ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշում, http://bit.do/feuq3, տե՛ս մաս XI-XV:
[7] ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հուլիսի 13-ի թիվ 279-Ն հրաման, http://bit.do/feurb, տե՛ս կետեր 30-33:
[8] «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույց», Երևան, 2018 թվական, http://bit.do/feutr, տե՛ս էջ 86:
[9] Տե՛ս ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կայքէջում, http://bit.do/feutQ:
[10] «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույց», Երևան, 2019 թվական, http://bit.do/feutY, տե՛ս էջ 255-256:
[11] Տե՛ս նույն տեղում, էջ 256:
[12] Տե՛ս ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կայքէջում, https://bit.ly/2YZzhXh:
[13] Տե՛ս ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կայքէջում, https://bit.ly/30YsRJM:
[14] «Դիտորդների խումբը ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է քայլեր ձեռնարկել «Աբովյան» ՔԿՀ-ի կրթական կենտրոնի վերաբացման ուղղությամբ», http://bit.do/feuDz:
[15] «2019 թ.-ից կլուծվի ազատազրկված անձանց հանրակթություն ստանալու խնդիրը. Պարզաբանում է ՀՀ արդարադատության նախարարությունը», http://bit.do/feuDH:
[16] Տե՛ս ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կայքէջում, https://bit.ly/30YsRJM
[17] «Ձեռնարկ պատժից ազատման նախապատրաստվող դատապարտյալների սոցիալական վերականգնման վերաբերյալ», «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպություն, Երևան, 2011 թվական, http://bit.do/feuFB, էջեր 12-20:
[18] Տե՛ս «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կայքէջում, http://bit.do/feuGQ:
[19] «Հայաստանում հանցավորությանը և կրկնահանցագործությանը նպաստող գործոնների որակական և քանակական հետազոտություն», Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, Երևան, 2014 թվական, http://bit.do/feuF6:
[20] «Ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին», http://bit.do/feuGd:
[21] «Համաներման արդյունքում ազատ արձակված 581 անձից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն․ ոստիկանության շտաբի պետ», http://bit.do/feuGr:
[22] «Արդարադատության նախարարության կոչը՝ զբաղվածության խնդիր ունեցող համաներմամբ ազատված անձանց», http://bit.do/feuGG:
[23] Տե՛ս «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կայքէջում, http://bit.do/feuGQ: