Հաճախ տրվող հարցեր

1. Ի՞նչ փաստաթուղթ է կազմվում աշխատանքի ընդունվելիս:

Աշխատողին աշխատանքի ընդունելու համար գործատուն և աշխատողը կնքում են գրավոր աշխատանքային պայմանագիր կամ գործատուն ընդունում է անհատական իրավական ակտ՝ հրաման՝ աշխատանքի ընդունման մասին։ Հրամանի կամ աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը տրվում է աշխատողին։

2. Ի՞նչ է փորձաշրջանը, ինչպե՞ս է այն ձևակերպվում:

Փորձաշրջանը մինչև 3 ամիս (կամ ՀՀ oրենuդրությամբ նախատեuված դեպքերում՝ մինչև 6 ամիu) ժամկետով աշխատողի կամ գործատուի նախաձեռնությամբ սահմանվող այն ժամանակահատվածն է, որի ընթացքում գործատուն ստուգում է աշխատողի համապատաuխանությունը առաջարկվող աշխատանքին (պաշտոնին), իսկ աշխատողը որոշում է տվյալ աշխատանքի՝ (պաշտոնի) համապատաuխանությունը իր մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը: Փորձաշրջանի մեջ գտնվելը աշխատանքային իրավունքների սահմանափակման կամ արտոնյալ իրավունքների սահմանման հիմք չի հանդիսանում: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք uահմանված են աշխատողի համար ՀՀ աշխատանքային oրենuդրությամբ և աշխատանքային պայմանագով:

3. Ի՞նչ է համատեղությամբ աշխատանքը

Եթե աշխատողը հիմնական աշխատանքային ժամանակից ազատ ժամանակ միևնույն կամ այլ գործատուի մոտ կատարում է աշխատանք, ապա դա համարվում է համատեղությամբ աշխատանք: Համատեղությամբ աշխատանք կատարելու դեպքում ևս կնքվում է աշխատանքային պայմանագիր, որում նշվում է աշխատանքը համատեղությամբ կատարելու մասին:

4. Ի՞նչ է սեզոնային աշխատանքը

Բնակլիմայական պայմաններով պայմանավորված աշխատանքի որոշակի տեսակներ, օրինակ՝ բերքահավաքի աշխատանքները, հողերի աղազերծման և վերականգնման աշխատանքները, և այլն, որոնք կատարվում են ոչ թե ամբողջ տարին, այլ որոշակի ժամանակահատվածում (uեզոնում), որը, որպես կանոն, չի գերազանցում ութ ամիuը: Նման աշխատանքներ կատարելու համար կնքվում են ժամկետային՝ սեզոնային աշխատանքային պայմանագրեր:

6. Արդյո՞ք փորձաշրջանի համար աշխատողի հետ կնքվում է փորձաշրջանի մասին պայմանագիր:

Փորձաշրջանի համար առանձին պայմանագիր չի կնքվում: Աշխատանքային պայմանագրում կատարվում է նշում փորձաշրջան սահմանելու մասին:

9. Աշխատողի հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվել, և աշխատողը շարունակել է աշխատել ևս մեկ շաբաթ: Դրանից հետո գործատուն կարո՞ղ է լուծել պայմանագիրը ժամկետը լրանալու հիմքով:

Ոչ, չի կարող լուծել: Պայմանագիրը լուծելու մասին գործատուն չի ծանուցել և պայմանագիրը չի լուծել, իսկ աշխատողը շարունակել է աշխատել: Հետևաբար, այդ փաստի ուժով պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

10. Երեխայի խնամքի արձակուրդում 18 ամիս գտնվելու դեպքում աշխատողն այդ ամիսների համար արդյո՞ք ձեռք է բերում ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

Ոչ, քանի որ երեխայի խնամքի արձակուրդը չվճարվող նպատակային արձակուրդ է, և այդ ամիսների համար պահպանվել է աշխատողի աշխատատեղը, բայց ոչ աշխատավարձը:

11. Հաստիքների կրճատման հիմքով համատեղությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում արդյո՞ք աշխատողին վճարվում է արձակման նպաստ:

Համատեղությամբ աշխատանքային պայմանագիրը որևէ հիմքով լուծելիս աշխատողին արձակման նպաստ չի վճարվում:

12. Աշխատողը ներկայացրել է աշխատանքից ազատվելու մասին դիմում, սակայն հաջորդ օրը փոշմանել է և խնդրել է հետ վերցնել իր դիմումը: Գործատուն կարո՞ղ է հրաժարվել դիմումը վերադարձնելուց:

Դիմումը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողն իրավունք ունի հետ վերցնելու դիմումը: Հետևաբար, գործատուն չի կարող հրաժարվել և պարտավոր է վերադարձնել դիմումը:

16. Աշխատողը 3 տարի աշխատել է իր մասնագիտությամբ՝ հիմնական գործատուի մոտ և զուգահեռ համատեղել է այլ գործատուների մոտ շուրջ 2.5 տարի՝ նույն մասնագիտությամբ: Որքա՞ն է կազմում աշխատողի մասնագիտական ստաժը:

Համատեղությամբ կատարած աշխատանքի տարիները չեն գումարվում հիմնական աշխատանքային ստաժի տարիներին, այլ կլանվում են ընդհանուր ժամանակահատվածի մեջ: